հարցերը, մեկնաբանվել են տասնյակ տարիներ ադրբ. իշխանությունների վարած հայաթափման քաղաքականությունը և սկսված ազգ-ազատագր. արդարացի պայքարը։
1991-ից պարտադրված պատերազմի տարիներին լուսաբանել է արցախահայության հերոսամարտը, քաջալերել ազատամարտիկներին, կենդանի կապի միջոց դարձել պետության, հասարակության և ռազմաճակատի միջև։
Պատերազմից հետո Արցախի ռադիոն ձեռնարկել է երկրի քայքայված տնտեսության վերականգնման, պետական և զանազան բարեգործ․ ծրագրերի իրականացման աշխատանքների լուսաբանման, Արցախի արդար դատը համաշխ. հանրությանը ներկայացնելու (մասնավորապես՝ ռուս․ հաղորդումներով) գործը։
Արցախի հեռուստատեսության անդրանիկ ծրագիրը հեռարձակվել է 1988-ի հունիսի 1-ին. այն նշվում է որպես Արցախի հեռուստատեսության ծննդյան օր։ ԼՂԻՄ-ի հեռուստատեսությունն ստեղծվել է ԽՍՀՄ ինքնավար հանրապետություններում և մարզերում տեղական հեռուստատեսությունների ստեղծման ծրագրի շրջանակներում, որի իրականացումը, սակայն, ձգձգվել է մարզի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով։
Արցախահայության ազգային ազատագր. պայքարի սկզբից ևեթ Արցախի հեռուստատեսությունը դարձել է Ղարաբաղյան շարժման խոսափողն ու գաղափարախոսը, կայացել է խորհրդային և ադրբ. ուժային կառույցների ստեղծած խոչընդոտների, մարզում հայտարարված արտակարգ դրության արգելքների և սահմափակումների պայմաններում։ Հեռուստահաղորդակի՝ դեռևս ադրբեջանցիներով բնակեցված Շուշիում տեղակայված լինելու պատճառով հաղորդումները պարբերաբար խափանվել են։
Պատերազմի տարիներին հեռուստատեսության աշխատակիցների զգալի մասը զինվորագրվել է հայրենիքի պաշտպանությանը, իսկ մնացածները ձեռնամուխ են եղել ազատագր. պայքարի լուսաբանման և պատերազմի տարեգրության ստեղծմանը։ Ինքնապաշտպան․ մարտերում զոհվել են Արցախի հեռուստատեսության ռեժ. Ալեքսանդր Գասպարյանը, օպերատոր Սերգեյ Համբարձումյանը և ինժեներ Արամ Զաքարյանը։ Օպերատոր Արմեն Սարգսյանը համարվում է անհայտ կորած։ Ազատամարտի տարիներին նկարահանված բացառիկ արժեք ունեցող կադրերը, հաղորդումներն ու ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, օգնել մարդկանց ճշմարիտ պատկերացում կազմելու Ղարաբաղյան պատերազմի մասին։
1992-ի փետր-ին Շուշիից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով հեռուստակենտրոնի շենքն ամբողջովին ավերվել է։ Միայն Շուշիի ազատագրումից հետո է ստեղծվել ժամանակավոր հեռուստաստուդիա, որտեղից առաջին հաղորդումը հեռարձակվել է 1992-ի հունիսի 23-ին։
Հետպատերազմյան «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ»-ի պայմաններում հեռուստատեսության ուշադրության կենտրոնում են Արցախի սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքի վերականգնման, պաշտպանունակության ամրապնդման լուսաբանման խնդիրները։
1998-ին արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի աջակցությամբ կառուցվել է հեռուստատեսության նոր շենք, որը կահավորված է հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակակից տեխնիկայի հարմարություններով։
Արցախի հեռուստատեսությունը ներկայումս ունի լրատվ., քաղաքական, տնտեսական, երիտասարդ., մանկ., մշակութային, մարզ․ և այլ թեմաներով 3-ժամյա ամենօրյա ծրագրեր։
2003-ին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ԼՂՀ օրենքով Արցախի հեռուստատեսությունը և ռադիոն ստացել են հանրայինի կարգավիճակ՝ Արցախի հանրային հեռուստատեսություն, Արցախի հանրային ռադիո (հայերեն և ռուսերեն)։
Գործում են նաև «Ռադիո Հայ Արցախ», «Ազատություն», «Ձայն արդարության» (ադրբ.) և այլ ռադիոկայաններ, «Հայաստանի Հանրապետություն», «Ազգ» օրաթերթերի և «Երևան, 7 օր» շաբաթաթերթի, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվ. ծրագրի, «Առկա», «Ռեգնում», «Արմեն-պրես», «Արմինֆո» տեղեկատվ. գործակալությունների, «Արմեդիա», «Հետք» էլեկտրոնային թերթերի և այլ ներկայացուցչություններ։