Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1023

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Արցախում ժողովրդական երաժշտարվ-ը զարգացել է հայ ազգային երաժշտության բազմադարյան ավանդույթներով։ Տեղի բարբառի և երաժշտ. ելևէջների զուգորդումը երաժշտարվ-ին, հատկապես քաղաքային ժողովրդական երգերին հաղորդել է ինքնատիպ երանգ։ Գյուղ․ երգերում դրսևորված են հայ ժողովրդական երգի բոլոր թեմատիկ ժանրերը։

Արցախը հայկական ավանդ․ հորովելի նշանավոր կենտրոններից է. դեռևս 1890-ական թթ-ի սկզբին Կոմիտասը ձայնագրել է Վանանդի «Ձիգ տոր, քաշի», իսկ 1900-ական թթ-ի սկզբին՝ Ջրաբերդի «Հրեն, հրեն թումբումը» հորովելները, որոնք այդ ժանրի բարձրարվեստ նմուշներից են։ Նույն շրջանում Գրիգոր Սյունին (Միրզայան) գրառել է «Մանած թիլս հաստ եկավ» ճախարակի սրտառուչ (դրսևորված են ղարաբաղցի գեղջկուհու կյանքի դժվարին պայմանները) և «Պապալ-պապալ էս տղեն» աշխույժ երգերը։

Այդ ժանրի երգեր ձայնագրվել են նաև նոր ժամանակներում։ Բանաստեղծ, երգահան Գուրգեն Գաբրիելյանի «Ղարաբաղի հորովել» երգը հաստատուն տեղ ունի պրոֆեսիոնալ և ինքնուս երգիչների երգացանկերում։ Ղարաբաղյան կյանքի ու կենցաղի բազմաբնույթ կողմերն են արտացոլված նրա «Խնեցուն երգը», «Կալին երգը», «Ըրկանքեն երգը» «Հրսընքեն կնանեքը» և այլ երգերում։ «Արցախյան նվագարան»-ում հավաքված են Գ. Գաբրիելյանի՝ տարբեր տարիների հրատարակած ստեղծագործությունների լավագույն նմուշները։

Արցախը հարուստ է ոչ միայն հորովելներով, այլև նվագարանային մեղեդիներով, կենցաղային երգերով (հատկապես՝ կատակերգեր), մենապարերով, զուգապարերով և խմբապարերով, արևագալի երգերով ու իմպրովիզացիոն տիպի այլ ստեղծագործություններով։ Հանրաճանաչ է Արամ Քոչարյանի ձայնագրած «Նախշուն աքիր» սոցիալական թեմայով կատակերգը։ Արցախի ժողովրդական երգերը հավաքել են ՀՀ ԳԱԱ Արվ-ի ինստ-ի և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի գիտական արշավախմբերն ու մի շարք անհատ երգահավաքներ։

Հնագույն ավանդույթներ ունեն Արցախի հայ աշուղ․ և ժողովրդական նվագարանային արվ-ները։ Նշանավոր է մեծթաղլարցի Չիթչյանների աշուղ․ տոհմը (հայտնի է XVIII դ-ի վերջից)՝ իր տասնյակից ավելի ներկայացուցիչներով։

Արցախը հայտնի է ժողովրդական երգիչներով և երաժիշտներով, որի համար էլ XX դ-ի սկգբին Շուշին անվանել են «Անդրկովկասի կոնսերվատորիա»։ XX դ-ի կեսերին ճանաչված էր գուսան Բագրատը։

Ժողովրդապրոֆեսիոնալ կատարող․ արվ-ն աչքի է ընկնում երաժիշտ-կատարողներով, նաև նվագարանագործ վարպետներով, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են ոչ միայն հայ, այլև Մերձավոր Արևելքի և հարևան այլ ժողովուրդների երաժշտակատարող. արվ-ի զարգացմանը։

Արցախի վարպետների նվագարանները բարձր են գնահատվել Անդրկովկասում, Միջին Ասիայում և այլուր։ Արցախի մի շարք գյուղեր [Կոճոշոտ, Սխտորաշեն, Շոշ, Արանզամին (Վարազաբուն), Բերդաշեն, Քերթ, Նորշեն, Թաղավարդ] համարվել են երաժիշտների բնօրրաններ։ Տեղի վարպետները կազմակերպել են պատանի երաժիշտների խմբեր (Կոճոշոտում՝ թառահար Բախտի Հաթամյանը), անվճար սովորեցրել գեղեցիկ հնչերանգներով նվագարաններ պատրաստել։

Նվագարանային արվ-ում հանրածանոթ են արցախցի թառահարներ Միրզա Սադըղջանը (կատարելագործել է թառը և նրա տեխնիկան), Լազար Տեր-Վրթանեսյանը, Արսեն Յարամիշյանը, Լազար Գաբրիելյանը, Գրիգոր Մելիքովը և Բալա Մելիքյանը, քամանչահարներ Ավանես Ավանեսյանը, Արմենակ Սարյանը (Շուշինսկի), որոնք իրենց արվ-ով հռչակվել են Կովկասում, Ռուսաստանում և այլուր։ Հայտնի էին նաև ադրբեջանցի երգիչներ Հաջի Գուսին, Բյուլբյուլը (Մուրթուզա Մամեդով), Սեյիդ և Խան Շուշինսկիները, թառահար Կուրբան Պրիմովը և ուրիշներ։

XIX դ-ի վերջից ԼՂ-ի և մասնավորապես Շուշիի հայ երաժշտ. կյանքի աշխուժացմանը նպաստել են նաև Ստեփան Դեմուրյանի (1890-1910-ական թթ.) և Գ. Սյունու (1895) երգչախմբերը։ Ս. Դեմուրյանի երգչախումբը հանդես է եկել համերգներով, մասնակցել Շուշիի եկեղեցու պատարագներին, բեմադրել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան (1916-17)։ Շուշիում զինվորական նվագախումբ է ղեկավարել