Սլոբոտյանիկ), 3-րդը՝ 1968-ին (ճարտ.՝ Բորիս Դադաշյան), 4-րդը՝ 1998-ին (ճարտ-ներ՝ Սերգեյ Ամիրաղյան և ուրիշներ)։ Բոլոր նախագծերում պահպանվել է Թամանյանի մշակած կառուցապատման հատակագիծը։ 1960-ին քաղաքի կենտրոնում կառուցվել է հրապարակի շրջանաձև անսամբլը՝ ԼՂԻՄ-ի մարզկոմի շենքով (ներկայիս ԼՂՀ Կառավարության շենքը), որն ավելի ուշ համալրվել է ԼՂՀ նախագահի նստավայրի, ԱԺ-ի, «Ղարաբաղ» հյուրանոցի (ներկայումս՝ «Արցախբանկ») շենքերով։ Հրապարակից ճառագայթաձև սկսվում են գլխավոր փողոցները, որոնք կառուցապատված են գերիշխող փոքր ճարտ. ձևերով ու քանդակներով։
2007-ից գործում է Ստեփանակերտի նորակառույց Սբ Հակոբ եկեղեցին։
Քաղաքում տեղադրված են մի շարք արձաններ, քաղաքի հս. մուտքը ձևավորող «Մենք ենք, մեր սարերը», Մեծ եղեռնի, սումգայիթյան ջարդերի, Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանները, Հայրեն․ մեծ (1941-45) և Արցախյան պատերազմներում զոհվածների պանթեոն-հուշահամալիրը։
Ստեփանակերտում իրենց ներկայացուցչություններն ունեն միջազգ. (ԵԱՀԿ, «Կարմիր խաչ», «Միջազգային քրիստոնեական համերաշխություն»), ամերիկյան («Հոգ ընտանիքին», «Փրկեք երեխաներին» և այլն), հայկական (ԱՀՀ, ՀՕՄ և այլն) կազմակերպություններ։
Օդանավակայանը Ստեփանակերտի միակ օդային դարպասն է՝ Ստեփանակերտ-Ասկերան մայրուղուն հարող տարածքում՝ քաղաքից 10 կմ հեռավորությամբ։ Կառուցվել է 1974-ին, չվերթներ են տեղի ունեցել Երևանից և Բաքվից։ 1992-2011-ին չի աշխատել։ 2008-ին սկսվել է օդանավակայանի նոր՝ գլխավոր մասնաշենքի կառուցումը (ճարտ.՝ Տիգրան Բարսեղյան), որը շահագործման պատրաստ է 2011-ից։ Թռիչքուղու երկարություն 23 կմ է, լայն.՝ 20 մ։
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆ
Կազմավորվել է 1991-ին՝ ԼՂԻՄ-ի նույնանուն շրջանի (1923-39-ին՝ Խաչենի, 1939-78-ին՝ Ստեփանակերտի, 1978-ից՝ Ասկերանի) հիմքի վրա։ Ներառված է նաև Աղդամի շրջանի տարածքի մի մասը։ Հվ-ում սահմանակից է Շուշիի, Հադրութի, արևելքում՝ Մարտունիի և Աղդամի, արևմուտքում՝ Քաշաթաղի, հյուսիսում՝ Մարտակերտի շրջաններին։ Գտնվում է ԼՂՀ կենտրոնական մասում, ընդգրկում է Կարկառ գետի և նրա վտակների ավազանը։ Շրջանի մակերևույթը լեռնային է՝ խիստ կտրտված գետահովիտներով և անդնդախոր կիրճերով։ Հիմնականում անտառապատ է, ցածրադիր վայրերում՝ թփուտածածկ։ Արևմտյան կողմում Ղարաբաղի լեռնաշղթան է, որի առանձին գագաթների բարձրություն 2500-2700 մ է։ Տարածքով հոսում են Կարկառ, Մեղրագետ (Բալուջա), Պադարա, Քոլատակ գետերը։
Ընդերքը հարուստ է կրաքարի, մարմարի, պղնձի, պեմզայի և այլ հանքանյութերի պաշարներով։
Շրջանի տարածքում է մայրաքաղաք Ստեփանակերտը։