Էջ:Armenia Encyclopedia.djvu/1032

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շրջանի հյուսիս-արևելքում են Արցախի Տիգրանակերտ քաղաքի ավերակները։ 2005-06-ին հնագիտական հետազոտություններով բացվել են քաղաքի պարիսպը, քարայրային պաշտամունքային համալիրը, ժայռափոր ջրանցքը և այլ հուշարձաններ։ Քաղաքի տարածքը 2008-ին հայտարարվել է պետական արգելոց։

Ասկերան (ք.՝ 1991-ից) շրջկենտրոնը գտնվում է Ստեփանակերտից 18 կմ հս-արլ.՝ Կարկառ գետի ձախ ափին։ Բն.՝ 2178 (Քյաթուկ գ-ի հետ, 2010)։ Անվանումն առաջացել է պարսկ. askeran-զորանոց եզրույթից։ Որպես ռուս․ բանակի զորանոց՝ հայտնի է XVIII դ-ի կեսերից։ Կան մշակող արդ-յան՝ սննդամթերքի, գինու արտադրության և այլ ձեռնարկություններ։

Գործում են 2 հանրակրթական, երաժշտ. դպրոցներ, հիվանդանոց։

«Բերդ» ֆուտբոլի թիմը (հիմն.՝ 2004) մասնակցում է հանրապետական առաջնությանը։

Ասկերանը հայտնի է իր բերդապարսպով (Մայրաբերդ, XVIII դ.), որը ձգվում է Կարկառ գետի ափերով, պատերի հաստ. 2 մ է, բարձրություն՝ 9 մ, պատերն ընդմիջվում են կլոր աշտարակներով, որոնք ծառայել են որպես դիտակետեր։

Քաղաքում է Ասկերանի ՊՇ-ի 300 զոհված ազատամարտիկների հուշահամալիրը։

Արցախյան պատերազմի տարիներին քաղաքում է տեղակայվել Ասկերանի ՊՇ-ի շտաբը։ 2002-ից Ասկերանում գործում է նորկառույց Սբ Աստվածածին եկեղեցին։

ՀԱԴՐՈՒԹԻ ՇՐՋԱՆ

Կազմավորվել է 1991-ին՝ ԼՂԻՄ-ի նույնանուն շրջանի (ստեղծվել է 1931-ին, մինչև 1939-ը՝ Դիզակի շրջան) հիմքի վրա։ 1993-ին շրջանին է միացվել նաև հայկական ուժերի վերահսկողության տակ անցած Ադրբեջանի նախկին Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջանների մի մասը։ Հյուսիսում սահմանակից է Մարտունիի և Ասկերանի, հյուսիս-արևմուտքում՝ Շուշիի, արմ-ում՝ Քաշաթաղի շրջաններին, հարավ-արևելքում՝ Իրանին, արևելքում՝ Ադրբեջանին։

Տարածքն անցյալում եղել է Արցախ-Ղարաբաղի հվ. դարպասը։ Շրջանի մեծ մասը հնում հարևան Մարտունիի շրջանի հետ կոչվել է Մյուս Հաբանդ։ Ուշ միջնադարում այն բաժանվել է 2 մելիքության. 1-ը Բուն Դիզակում էր (նստավայրը՝ Դող-Տող բերդ-ամրոց), մյուսը՝ Վարանդայի Քոլեզ (այժմ՝ Ծովատեղ) գյուղում։ Տարածքում ստեղծվել է Դիզակի մելիքությունը, որը 1603-ի հրովարտակով վավերացրել է Իրանի Շահ Աբբաս I-ը։ 1813-ին Գյուլիստանի պայմանագրով՝ երկրամասում հաստատվել է Ռուսաստանի տիրապետությունը։ 1828-ից շրջանը ներառվել է Ելիզավետպոլի նահանգի մեջ։

1918-20-ին՝ ազգամիջյան ընդհարումների ժամանակ, Թևան Ստեփանյանի և Արտեմ Լալայանի ղեկավարությամբ աշխարհազորայինները պարտության են մատնել հայկական գավառներ ներխուժած թուրք-թաթարներին և վերահաս կործանումից փրկել Հարավային Արցախը։

1991-ի ապրիլ-հուլիսին «Օղակ» գործողության ժամանակ խորհրդային բանակի զորամասերն ադրբ. մհոջականների հետ հիմնովին ավերել ու կողոպտել են Բանաձորի ենթաշրջանի բոլոր գյուղերը, տեղահանել բնակչությանը։ Շրջանում կազմավորվել են կամավոր․ ջոկատներ, 1992-ին՝ Հադրութի ՊՇ-ն (հրամանատարներ՝ Արթուր Աղաբեկյան, Վարդան Ավետիսյան)։ Շրջանի և այլ կամավոր․ ջոկատներ (Վիգեն Գրիգորյան, Վլադիմիր Բալայան և ուրիշներ), Հադրութի ՊՇ-ի, ՊԲ-ի այլ ստորաբաժանումներ, հայկական 5-րդ բրիգադը (հրամանատար՝ Մանվել Գրիգորյան, Արցախի հերոս՝ 2000) ձեռնարկել են ինքնապաշտպան․ ու ազատագր. մարտեր և 1993-ին ազատագրել են շրջանի բռնազավթած գյուղերը։

Շրջանը գտնվում է ԼՂՀ հվ. մասում՝ 700-900 մ բարձր․ վրա։ Ամենաբարձր կետը Դիզափայտ լ-գագաթն է (2478 մ)։