XIX դ-ի սկզբին Շուշին դարձել է ռուս-պարսկ. պատերազմների ռազմաբեմ։ Պարսկ. և օսմանյան բռնակալությունների ու Շուշիի խանության դեմ տասնամյակներ պայքարելուց հետո՝ 1805-ին Շուշին, Ղարաբաղի կազմում, ընդունել է Ռուսաստանի տիրապետությունը, բարենպաստ պայմաններ են ստեղծվել նրա սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման համար։ 1850-80-ական թթ-ին գործել են մետաքսագործ․ գործատներ, ջրէկ, կաշեգործ․ արհեստանոցներ, ներկատներ, տպարաններ, հիվանդանոց, իջևանատուն-հյուրանոցներ, 185 խանութ և այլն։
XIX դ-ի կեսին Շուշին բնակչության թվով, առևտրատնտեսական և մշակութային նշանակությամբ Այսրկովկասի 4-րդ քաղաքն էր (Թիֆլիսից, Բաքվից և Ալեքսանդրապոլից հետո)։ 1895-ին ունեցել է 33,3 հազար բնակիչ, որից 20,6 հազարը՝ հայ։
1905-ին Շուշիում տեղի են ունեցել հայ-թաթար. ընդհարումներ, ավերվել է Շուշիի հայկական առևտր. թաղամասը։ Շատերը հեռացել են քաղաքից, բնակչության թիվը կրճատվել է՝ հասնելով 16,5 հազարի։
1918-20-ին Շուշիում և շրջակա հայկական բնակավայրերում տեղի են ունեցել նոր ջարդեր. 1920-ի մարտի 23-ին քաղաքի հայկական մասն ամբողջովին ավերվել ու հրկիզվել է։
1921-ի հուլիսի 5-ին Շուշին, ԼՂ կազմում, ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ տրվել է Ադրբեջանին։ 1960-ական թթ-ի սկզբին Ադրբեջանի իշխանություններն ավերված հայկական թաղամասում կառուցել են նոր Շուշին՝ ոչնչացնելով դեռևս կանգուն մնացած հայկական ու ռուս․ (միակ) եկեղեցիները, և բնակեցրել հիմնականում ադրբեջանցիներով։
1987-ին շրջանում կային 20 ադրբ. գյուղեր և շուրջ 20 հազար (13,5 հազարը՝ Շուշիում) բնակչություն։
1988-ի գարնանից մինչև 1992-ի մայիսը Շուշին Ադրբեջանի ռազմ․ հենակետերից էր։ Քաղաքի հայ բնակչությունը (մոտ 2 հազար) 1990-ին բռնի տեղահանվել է։
1991-ի աշնանից Շուշիում տեղակայված ծանր հրետանիով և հրթիռային կայանքներով պարբերաբար հրթիռակոծվել ու ավերվել են հայկական բնակավայրերը և մայրաքաղաք Ստեփանակերտը։
1992-ի մայիսի 8-ի՝ լույս 9-ի գիշերվա ժամը 2։30-ին սկսվել և մայիսի 9-ի վաղ առավոտյան ավարտվել է քաղաքը հակառակորդից «մաքրելու» ռազմագործողությունը [ընդհանուր հրամանատար՝ Արկադի Տեր-Թադևոսյան (Կոմանդոս)]։ 1992-ի մայիսի 16-18-ին հայկական ուժերն ազատագրել են նաև Շուշիի շրջանի գյուղերը, Լաչինն ու շրջակա բնակավայրերը։ Բացվել է Գորիս-Լաչին ճանապարհը։
ԼՂՀ-ում և ՀՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարվել է Շուշիի ազատագրման, ԼՂՀ ՊԲ-ի ստեղծման և հաղթանակի օր (եռատոն)։ ԼՂՀ ԱԺ-ի 1994-ի մայիսի 7-ի որոշմամբ սահմանվել է «Շուշիի ազատագրման համար» ԼՂՀ մեդալ, որով պարգևատրվել են Շուշիի ազատագրմանն առավել ակտիվ մասնակցած ազատամարտիկներն ու սպաները։
Տնտեսությունը։ Մինչև Արցախյան գոյամարտը Շուշիում եղել են տարբեր արտադրական ձեռնարկություններ, որոնք 1988-ից չեն գործել պատերազմ․ իրավիճակի պատճառով։ 2010-ից սկսել են աշխատել միայն սննդի արդ-յան մի քանի արտադրամասեր։
Կրթամշակութային հաստատությունները։ Դեռևս XIX դ-ից Շուշին եղել է հայկական մշակույթի կարևոր կենտրոններից (տես նաև ԼՂՀ. Կրթությունը և գիտությունը հոդվածում)։
Մինչև խորհրդային կարգերի հաստատումը Շուշիում գործել է 12 դպրոց։ Տարբեր ժամանակներում լույս են տեսել 2 տասնյակ պարբ-ներ՝ «Հայկական աշխարհ», «Քնար խոսնակ», «Գործ», «Ազգագրական հանդեսի» 1-ին գիրքը, «Ղարաբաղ», «Պայքար», «Շուշի» (տես նաև ԼՂՀ. Զանգվածային լրատվական միջոցներ հոդվածում)։
1873-ին կառուցվել է քաղաքային ակումբի շենքը, որը 1891-ին վերակառուցվել է, հարմարեցվել թատրոնի պահանջներին և հիմնադիր Մկրտիչ Խանդամիրյանի անունով կոչվել «Խանդամիրյանի թատրոն» (տես նաև ԼՂՀ. Թատրոն, Երաժշտություն, Կերպարվեստ հոդվածներում)։