Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/1040

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զրկվել է կալվածքներից, դադարել է գործելուց և լքվել։ 1993-ին շրջանի հետ Դադիվանքն ազատագրվել է, 1999-ին՝ մասնակիորեն վերանորոգվել։

Քարվաճառ (ք.՝ 1999-ից, մինչև 1993-ը՝ Քելբաջար) շրջկենտրոնը գտնվում է Ստեփանակերտից 70 կմ հյուսիս-արլ.։ Բն.՝ 650 (2010)։ XV դ-ում կոչվել է Հանդաբերդ։ Ղարաբաղյան պատերազմի տարիներին քաղաքը խիստ տուժել է։ Կատարվում են վերականգնող․ աշխատանքներ։

Գործում են հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, պոլիկլինիկա և հիվանդանոց։

Վերջին տարիներին կատարված պեղումներով (պատմաբան Համլետ Պետրոսյան) Հանդաբերդի եկեղեցու տարածքում հայտնաբերվել են 180-ից ավելի խաչքարեր և խաչի ռելիեֆային պատկերով քարեր։

ՇՈՒՇԻԻ ՇՐՋԱՆ

Կազմավորվել է 1991-ին՝ ԼՂԻՄ-ի նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1931-ին) հիմքի վրա։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում սահմանակից է Ասկերանի, հարավ-արևելքում՝ Հադրութի, արևմուտքում՝ Քաշաթաղի շրջաններին։ Զբաղեցնում է ԼՂՀ տարածքի հվ- արմ. փոքր հատվածը՝ Ղարաբաղի լ-շղթայի կենտրոնական մասը։

Մակերևույթն ամբողջովին լեռնային է և գերազանցապես ծածկված է անտառներով ու թփուտներով։ Տարածքով հոսում է Կարկառ գետը՝ Վարարակն և Բերդաձոր վտակներով։

Գյուղատնտեսական շրջան է։ Առաջատար ճյուղն անասնաբուծությունն է։

Գործում են 9 հանրակրթական դպրոցներ, պատմահայրենագիտական թանգարան, մանկապարտեզներ, հիվանդանոց, բուժկետ։

Շրջանի գյուղերից ամենախոշորը՝ Քարին տակը, Արցախի հնագույն բնակավայրերից է։ Գյուղում կանգուն է Սբ Աստվածածին եկեղեցին (XIX դ.), կան խաչքարեր (XIII դ.), շրջակայքում՝ գյուղատեղիներ (XV-XVII դդ.)։ Բնակիչները 1992-ին հերոսաբար դիմադրել են ադրբեջանցիներին և պաշտպանել գյուղը։ Քարին տակի ռազմագործողությունն իր բացառիկ հաջողությամբ արձանագրվել է Արցախյան ազատագր. պատերազմի տարեգրության մեջ։

Շուշի (ք.՝ XVII դ-ից) շրջկենտրոնը գտնվում է Ստեփանակերտից 11 կմ հվ.՝ 1300-1500 մ բարձր․ վրա։ Բն.՝ 3880 (2010)։ Քաղաքի հարավում է Ղարաբաղի լ- շղթայի հվ. կողմի ամենաբարձր գագաթը՝ Մեծ Քիրսը (2725 մ)։

Շուշին իր մեղմ կլիմայի, մաքուր օդի, գեղատեսիլ բնության ու հանք․ ջրերի շնորհիվ առողջապահպանական, հանգստյան ու զբոսաշրջության վայր է։

Պատմությունը։ Դժվարամատչելի բնական դիրքի շնորհիվ ունեցել է պաշտպան․ նշանակություն, պարսպապատել են ու դարձրել բերդ։ Շուշի ամրոց-բնակավայրի շրջակայքում և բարձրավանդակի վրա կան մ. թ. ա. II-I հազարամյակների դամբարաններ։ Ամրոցամերձ արլ. հատվածում պահպանվել են XII-XIII դդ-ի խաչքարեր։

IX դ-ի կեսին Խաչենի իշխան Սահլ Սմբատյանն այստեղ է հաղթել արաբ․ ասպատակիչ զորքին և ազատել գերեվարված հայերին։

Հարևան Շոշ ավանի անվանումն առաջին անգամ նշվում է XV դ-ի Շոշի ձեռագիր հիշատակարանում։ Ուշմիջնադարյան աղբյուրներում հիշատակվում է Քար, հաճախ՝ նաև Շոշի բերդ անվանումներով։

XVII դ-ի վերջից ինքնավար իշխանությունները փորձել են թոթափել պարսկ. լուծը, իսկ 1724-35-ին մարտնչել են օսմանյան զորքերի դեմ։

XVIII դ-ի սկզբին Շուշին եղել է հայոց ազատագր. պայքարի կենտրոն։ 1720-ական թթ-ին հայկական զորախմբի գլխավոր հրամանատար Ավան հարյուրապետը (Ավան Յուզբաշի) բերդ-ամրոցը վերակառուցել է և դարձրել Շուշիի սղնախ (ամրություն)։

XVIII դ-ի 2-րդ կեսին թուրք․ վաչկատուն ջիվանշիր ցեղի առաջնորդ Փանահ Ալին, օգտվելով Ղարաբաղի մելիքությունների ներքին տարաձայնություններից, Վարանդայի Մելիք-Շահնազար Բ-ի օժանդակությամբ տիրացել է Շուշիին և իրեն հռչակել Ղարաբաղի խան։ 1750-ական թթ-ի կեսերին Շուշին դարձրել է իր նստավայրը, Շահնազար Բ-ի օգնությամբ վերակառուցել բերդը։ Այս փաստը հիմք ընդունելով՝ ադրբ. աղբյուրները Շուշիի բերդի հիմնադիր են համարում Փանահ Ալի խանին։