1-3.3. ՀԽՍՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ
ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահներ (1920-47)
ՄՅԱՍՆԻԿՅԱՆ (Մյասնիկով) Ալեքսանդր Ֆեոդորի (Աստվածատուրի), Ալ. Մարտունի [28.1(9.2).1886, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով ք-ի շրջագծում)-22. 03. 1925, Թիֆլիս, զոհվել է Թիֆլիսի օդանավակայանում՝ ինքնաթիռի վթարից], ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ և ռազմ. գործերի ժողկոմ՝ 1921-ի մարտ-1922-ի հունվ-ին։ Անդրֆեդերացիայի կազմավորումից (1922-ի մարտ) հետո ԱԽՖՍՀ գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի առաջին քարտուղար։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1904-06), ավարտել ՄՊՀ-ի իրավաբ. ֆակ-ը (1911)։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1906-ից։ 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո հրամանատար, բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։ Ընտրվել է Բելոռուսիայի ԿԿ կենտկոմի կենտրոնական բյուրոյի, ապա՝ ԲԽՍՀ ԿԳԿ նախագահ, ՌԿ(բ)Կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար։ ՌԿ(բ)Կ ԿԿ կովկասյան բյուրոյի 1921-ի հուլիսի 4-5-ի նիստում դեմ է քվեարկել ԼՂ-ն Ադրբ. ԽՍՀ կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։
Հայ մտավորականներին նոր իշխանության շուրջ համախմբելու նպատակով շատերին հրավիրել է Հայաստան։ Մյասնիկյանը ՀԽՍՀ գործիչներից առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններին, ուսումնասիրել Սփյուռքում հայկական կուս-ների խնդիրները («Կուսակցությունները գաղութահայության մեջ», 1924)։ Գրել է հեղափոխական շարժումների պատմության և հայ գրակ-յան հարցերին նվիրված աշխատություններ։ 1913-14-ին «Մշակ» թերթում անդրադարձել է Հայկական հարցին։
Մյասնիկյանի անունով կոչվել են քաղաքներ ՀՀ-ում և ԼՂՀ-ում (2-ն էլ՝ Մարտունի), հրապարակներ, փողոցներ, դպրոցներ և այլն։ Երևանում՝ Մյասնիկյանի անունը կրող հրապարակում, տեղադրված է նրա արձանը (1980, քանդ.՝ Արա Շիրազ, ճարտ.՝ Ջիմ Թորոսյան)։
ԼՈՒԿԱՇԻՆ (Սրապիոնյան) Սարգիս Լուկաշի [30.12.1883, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով ք-ի շրջագծում)-1937, գնդակահարվել է հակապետական գործունեության մեղադրանքով], ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1922-25-ին, ԱԽՖՍՀ ԺԿԽ նախագահի տեղակալ՝ 1925-28-ին, միաժամանակ՝ ԱԽՖՍՀ պետպլանի նախագահ՝ 1925-ի հունիսից, առևտրի ժողկոմ՝ 1926-ի մարտից, ԲԳՏ ժողկոմ՝ 1927-ի մայիսից, նաև ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ՝ 1927-ի սեպտ-ից։ Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանի իրավաբ. ֆակ-ը (1910)։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1906-ից։
Ռուսաստանում 1917-ի Փետրվարյան հեղափոխության օրերին ցար. բանակում ծառայելիս ընտրվել է զինվորական կոմիտեի նախագահ։ 1917-18-ին Դոնի մարզում մասնակցել է քաղաքաց. պատերազմին։ 1918-ին աշխատել է Համառուս․ արտակարգ հանձնաժողովի ապարատում։ 1921-22-ին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար։ 1928-ին նշանակվել է ԽՍՀՄ ԺԿԽ աշխատանքի և պաշտպանության խորհրդին կից շին. հանձնաժողովի նախագահ և ընտրվել է ԽՍՀՄ ԺՏԽ նախագահության անդամ։ 1932-34-ին՝ ԽՍՀՄ ծանր արդ-յան ժողկոմատի «Ցենտրոսոյուզստրոյ» միավորման, 1934-37-ին՝ «Սոյուզցեմենտ» գլխավոր վարչության նախագահ։ ԽՍՀՄ, ԱԽՖՍՀ և ՀԽՍՀ ԿԳԿ-ների անդամ։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Սարգիս Իսահակի, ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1925-28-ին։ Տես Հավելված 1-2.4։
ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Սահակ Միրզայի [15 (27).02.1886, Շուշի-19.08.1937], ՀԽՍՀ ԺԿԽ-ի նախագահ, ԱԽՖՍՀ ԺԿԽ փոխնախագահ՝ 1928-35-ին։ Սովորել է Շուշիի ռեալ․ դպրոցում։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1902-ից։ Ռուսաստանում 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Բաքվի խորհրդի նախագահության անդամ, Բաքվի կոմունայի ժամանակ՝ Նավթի բաշխման ու վաճառքի կոմիսար և արտակարգ հանձնաժողովի նախագահ։ Միաժամանակ, 1919-ին՝ Կասպիական-Կովկասյան ռազմաճակատի 12-րդ բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ, բանակի քաղբաժնի պետ։ 1920-ի հուլիսին մասնակցել է ՀՀ և խորհրդային Ռուսաստանի միջև բանակցություններին։ 1920-ի օգոստ-ից ղեկավարել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունը մինչև ՀԿ(բ)Կ ԿԿ-ի ձևավորումը։ 1920-ի սեպտ-ին՝ ՀԿ (բ)Կ ԿԿ, նոյեմբ-ին՝ Հայաստանի հեղկոմի անդամ։ 1921-ից եղել է ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչը ՌԽՖՍՀ-ում (Մոսկվա), 1923-28-ին՝ ԱԽՖՍՀ-ում։ 1935-ից աշխատել է ԽՍՀՄ թեթև արդ-յան ժողկոմատում։ 1937-ին ձերբակալվել է, զոհվել հետաքննության ընթացքում՝ դուրս նետվելով 3-րդ հարկի պատուհանից։
ԳՈՒԼՈՅԱՆ Աբրահամ Աբրահամի [Համբարձումի, 1893, Սալմաստ (Իրան)-1938], ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1935-37-ին։ ՌՍԴԲԿ անդամ՝ 1914-ից։ Ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստ-ը (1925)։ Եղել է Կարմիր բանակի շտաբի կոմիսար, ապա Մոսկվայում նշանակվել է (1918-ի օգոստ.) «Գլավսախար» միավորման քաղաքական կոմիսար, 1925-ին՝ Անդրկովկասյան կոմհամալսարանի ռեկտոր։ 1928-30-ին՝ Անդրժողտնտխորհի նախագահի տեղակալ, 1930-ին՝ ՀԽՍՀ Պետպլանի նախագահ, 1931-ին՝ հողժողկոմ։ Անդրերկրկոմի, ՀԿ(բ)Կ ԿԿ, ԽՍՀՄ, ԱԽՖՍՀ, ՀԽՍՀ ԿԳԿ-ների անդամ։ Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել (1958)։
ՓԻՐՈՒԶՅԱՆ Արամ Սերգեյի (10.02.1907, Բաքու-2.10.1996, Մոսկվա, թաղված է Երևանում), ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1937-43-ին։ Ավարտել է Սվերդլովսկի (այժմ՝ Եկատերինբուրգ՝ ՌԴ-ում) գունավոր մետաղների արդ-յան ակադ-ը (1935)։ Փիրուզյանի հիմն․ գործերից մեկը եղել է գործարաններում ռազմ․ արտադրանքի թողարկման կազմակերպումը։ 1945-48-ին՝ ՀԽՍՀ տեղական արդ-յան նախարար, միաժամանակ՝ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1948-ից՝ առաջին տեղակալ, 1952-53-ին՝ սննդի, 1953-55-ին՝ պարենային ապրանքների, 1955-57-ին՝ թեթև, սննդի, մսի-կաթի և ձկան արդ-յան, 1957-61-ին՝ առևտրի նախարար։ 1961-67-ին՝ ԽՍՀՄ Կառավարության առևտրային ներկայացուցիչը Հունաստանում։ ԽՍՀՄ (1937-54) և ՀԽՍՀ (1938-63) ԳԽ-ների պատգամավոր։
ՍԱՐԳՍՅԱՆ Աղասի Սողոմոնի [15.01.1905, գ. Քեշիշքենդ (այժմ՝ ք. Եղեգնաձոր)-փետր., 1985], ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ՝ 1943-47-ին։ Ավարտել է Նովոչերկասկի (ՌԴ) գյուղատնտեսական և հողբարելավման ինստ-ը (1930)։ 1938-43-ին՝ ՀԿ(բ)Կ ԿԿ քարտուղար, 1947-52-ին՝ ՌԽՖՍՀ գյուղատնտեսական փոխնախարար, 1952-65-ին՝ ՌԽՖՍՀ Նախարարների խորհրդին կից ջրատնտեսության գլխավոր վարչության պետի տեղակալ։ ԽՍՀՄ (1946-50) և ՀԽՍՀ (1938-55) ԳԽ-ների պատգամավոր։
ՀԽՍՀ Նախարարների խորհրդի (1947-90) նախագահներ
ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Սահակ Կարապետի [16(29).06.1906, գ. Ղուրդուղուլի (այժմ՝ գ. Արմավիր՝ ՀՀ Արմավիրի մարզում) - 6. 12. 1987, Երևան], ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ՝ 1947-52-ին։ Կենսբ. գիտական դ-ր (1961), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1943)։ ՀԽՍՀ գիտական վաստ. գործիչ (1966)։ Ավարտել է Երևանի անասնաբուծ-անասնաբուժ. ինստ-ը (1933)։ 1938-40-ին՝ ԱրմՖԱՆ-ի փոխնախագահ, 1940-44-ին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 1944-47-ին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի փոխնախագահ և ԱԳ նախարար, 1952-ից պաշտոնավարել է Հայկական անասնաբուծ. և անասնաբուժ. ՚ ԳՀԻ-ում, ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիոլոգիայի ինստ-ում, ՀՊՄԻ-ում։ Կարապետյանի ղեկավարությամբ ստեղծվել է (1946-74) երևանյան հավերի ցեղը։
ԽՍՀՄ (1946-50) և ՀԽՍՀ (1947-55) ԳԽ-ների պատգամավոր։ Հայաստանի ֆիզիոլոգների ընկերության նախագահ (1964-85), Ֆիզիոլոգների միջազգային խորհրդի և Թռչնաբույծների համաշխ. ընկերակցության գլխավոր խորհրդի անդամ (1970-ից)։
ՔՈՉԻՆՅԱՆ Անտոն Երվանդի, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ՝ 1952-66-ին։ Տես Հավելված 1-2.5։