ՄՈՒՐԱԴՅԱՆ Բադալ Հմայակի [8. 01. 1915, գ. Չիբուխչի (այժմ՝ գ. Վարդանաշեն՝ ՀՀ Արմավիրի մարզում)-30. 09. 1991, Երևան], ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ՝ 1966-72-ին։ Ավարտել է ԵՊԻ քիմիատեխնոլոգ. ֆակ-ը։ 1957-61-ին՝ Երևանի Մ. Կիրովի անվան քիմիական գործարանի տնօրեն [նրա անմիջական մասնակցությամբ Հայաստանում (նաև ԽՍՀՄ-ում) ներդրվել է «Նաիրիտ» կաուչուկի ստացման անընդհատ պոլիմերման եղանակը]։ 1976-81-ին՝ «Նաիրիտ» ԳԱՄ-ի գլխավոր տնօրեն, 1981-88-ին՝ ՀԽՍՀ Պետպլանի փոխնախագահ։
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ Գրիգոր Աղաֆոնի [22. 04. 1919, գ. Կավարտ (այժմ՝ Կապան ք-ի շրշագծում)-28. 11. 1976, Երևան], ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ՝ 1972-76-ին։ Ավարտել է ԵՊԻ ավտոճանապարհային ֆակ-ը։ ԿՎՀ անդամ (1976)։ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ (1965-76)։ ԽՍՀՄ (1966-70, 1974-76) և ՀԽՍՀ (1955-76) ԳԽ-ների պատգամավոր։
ՍԱՐԳՍՅԱՆ Ֆադեյ Տաճատի (1923, Երևան-2010, Երևան), ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ՝ 1977-89-ին։ ՀՀ ԳԱԱ նախագահ՝ 1993-2006-ին։ Կ. Դեմիրճյանի հետ պատրաստել է ՀԽՍՀ հետագա զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ապահովել է ժողովրդի կենսամակարդակի զգալի աճ, շեշտակիորեն զարգացել են նվազ մետաղատար և էներգատար ճյուղերը, շահագործման են հանձնվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը և այլն։ Սարգսյանի գլխավորած կառավարությունն է կրել Սպիտակի երկրաշարժի հետևանքների 1-ին շրջանի պատասխանատվությունը։ Տես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա հոդվածը՝ Գիտություն բաժնում։
ՄԱՐԳԱՐՅԱՆՑ Վլադիմիր Սուրենի [4.08.1934, ք. Եյսկ (այժմ՝ ՌԴ Կրասնոդարի երկրամասում)-2000, Մոսկվա], ՀԽՍՀ Նախարարների խորհրդի վերջին՝ 13-րդ նախագահը՝ 1989-90-ին։ Մարգարյանցի կառավարությունը շարունակել է աղետի գոտու վերականգնման աշխատանքները, ապաստան տվել Արցախից բռնագաղթած ազգաբնակչությանը։ ԽՄԿԿ անդամ՝ 1958-ից։ Ավարտել է Ստավրոպոլի (ՌԴ) գյուղատնտեսական ինստ-ը (1959) և ԽՄԿԿ ԿԿ-ին կից Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը (1969)։ 1969-88-ին աշխատել է Ստավրոպոլի երկրամասի գործադիր և կուսակցական մարմիններում, 1969-70-ին՝ Օկտյաբրինսկի շրջգործկոմի նախագահ, 1971-74-ին՝ նույնի շրջկոմի 1-ին քարտուղար, 1974-76-ին՝ Ստավրոպոլի քաղխորհրդի գործկոմի նախագահ, 1976-82-ին՝ Ստավրոպոլի երկրամասի գործկոմի նախագահի տեղակալ, 1982-85-ին՝ Ստավրոպոլի քաղկոմի 1-ին քարտուղար, 1985-88-ին՝ Ստավրոպոլի երկրկոմի քարտուղար։ ՌԽՖՍՀ ԳԽ պատգամավոր (1985-88)։
«ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքով (2008) սահմանվել է 18 նախարարություն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահ-յան, արդարադատության, արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի, բնապահպանության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության, մշակույթի, պաշտպանության, սպորտի և երիտասարդության հարցերի, Սփյուռքի, տարածքային կառավարման, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության, ֆինանսների։
Տարածքային կառավարման նախարարություն՝ 2005-ից։
Նախարարներ՝ Արմեն Գևորգյան՝ 2008-ից, նաև փոխվարչապետ, Հովիկ Աբրահամյան՝ 2005-08-ին (2007-08-ին՝ նաև փոխվարչապետ)։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 2003-ից, 1996-2003-ին՝ սոցիալական ապահովության, 1995-96-ին՝ սոցիալական ապահովության, զբաղվածության և բնակչության տեղաշարժի, 1990-96-ին՝ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն։
Նախարարներ՝ Արտեմ Ասատրյան՝ 2012-ից, Արթուր Գրիգորյան՝ 2010-12, Մխիթար Մնացականյան՝ 2009-10, Գևորգ Պետրոսյան՝ 2009-ի մայիս-նոյեմբ., Արսեն Համբարձումյան՝ 2008-09, Աղվան Վարդանյան՝ 2003-08, Ռազմիկ Մարտիրոսյան՝ 1999-2003, Գագիկ Եգանյան՝ 1998-99, Հրանուշ Հակոբյան՝ 1996-98, Ռաֆայել Բագոյան՝ 1995-96, Աշոտ Եսայան՝ 1990-95։
Առողջապահության նախարարություն, 2000-ին՝ առողջապահության և սոցիալական ապահովության նախարարություն։
Նախարարներ՝ Դերենիկ Դումանյան՝ 2012-ից, Հարություն Քուշկյան՝ 2007-12, Նորայր Դավիդյան՝ 2003-07, Արարատ Մկրտչյան՝ 2000-03, Հայկ Նիկողոսյան՝ 1998-2000, Գագիկ Ստամբոլցյան՝ 1997-98, Արա Բաբլոյան՝ 1991-97, Միհրան Նազարեթյան՝ 1990-91։
Արդարադատության նախարարություն։
Նախարարներ՝ Հրայր Թովմասյան՝ 2010-ից, Գևորգ Դանիելյան՝ 2007-10, Դավիթ Հարությունյան՝ 1998-2007, Մարատ Ալեքսանյան՝ 1996-98, Վահե Ստեփանյան՝ 1991-96։
Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 2008-ից, 2005-08-ին՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայություն, 1991-2005-ին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն։
Նախարարներ (պետեր)՝ Արմեն Երիցյան՝ 2010-ից, Մհեր Շահգելդյան՝ 2008-10, Էդիկ Բարսեղյան՝ 2004-08, Հմայակ Հարոյան՝ 2001-04, Վյաչեսլավ Հարությունյան՝ 1997-2001, Ստեփան Բադալյան՝ 1991-97։
Արտաքին գործերի նախարարություն։
Նախարարներ՝ Էդվարդ Նալբանդյան՝ 2008-ից, Վարդան Օսկանյան՝ 1998-2008, Ալեքսանդր Արզումանյան՝ 1996-98, Վահան Փափազյան՝ 1993-96, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 1991-92, Աշոտ Եղիազարյան (պաշտոնակատար)՝ 1991։
Բնապահպանության նախարարություն՝ 1996-ից, 1995-96-ին՝ բնապահպանության և ընդերքի, 1994-95-ին՝ բնության և շրջակա միջավայրի պահպանության, 1991-94-ին՝ բնապահպանության և շրջակա միջավայրի նախարարություն, 1990-91-ին՝ Բնության պահպանության պետական կոմիտե։
Նախարարներ՝ Արամ Հարությունյան՝ 2007-ից, Վարդան Այվազյան՝ 2001-07, Մուրադ Մուրադյան՝ 2000-01, Գևորգ Վարդանյան՝ 1998-2000, Սարգիս Շահազիզյան՝ 1997-98, Սուրեն Ավետիսյան՝ 1994-97, Կարինե Դանիելյան՝ 1991-94, Վռամ Թևոսյան՝ 1990-91։
Գյուղատնտեսության նախարարություն՝ 1991-94-ին և 1996-ից, 2000-ին՝ գյուղատնտեսության և բնօգտագործման, 1995-96-ին՝ գյուղատնտեսության և պարենի, 1993-95-ին՝ պարենի և մթերումների, 1990-93-ին՝ հացամթերքների նախարարություն։
Նախարարներ՝ Սերգո Կարապետյան՝ 2010-ից, Գերասիմ Ալավերդյան՝ 2009-10, Արամայիս Գրիգորյան՝ 2008-09, Դավիթ Լոքյան՝ 2003-08, Զավեն Գևորգյան՝ 2000-02, Գագիկ Շահբազյան 1991-93 (պետնախարար) և 1999-2000, Վլադիմիր Մովսիսյան՝ 1996-99, Աշոտ Ոսկանյան՝ 1993-94 և 1995-96, Դավիթ Զադոյան՝ 1993-96 և 2002-03, Յուրի Ջավադյան՝ 1991, Ռաֆայել Շահբազյան՝ 1990-93։
Էկոնոմիկայի նախարարություն՝ 2008-ից, 2002-07-ին՝ առևտրի և տնտեսական զարգացման, 1997-2002-ին՝ արդ-յան և առևտրի, 1995-97-ին՝ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության, 1994-ին՝ թեթև արդ-յան, 1991-97-ին՝ արդ-յան, 1990-95-ին՝ առևտրի նախարարություն։
Նախարարներ՝ Տիգրան Դավթյան՝ 2010-ից, Ներսես Երիցյան՝ 2008-10, Կարեն ճշմարիտյան՝ 1999-2007, Հայկ Գևորգյան՝ 1998-99, Գառնիկ Նանագուլյան՝ 1996-98, Վահան Մելքոնյան՝ 1995-96, Լևիկ Խաչատրյան՝ 1994-95, Ռուդոլֆ Թեյմուրազյան՝ 1994, Տիգրան Գրիգորյան՝ 1992-94, Աշոտ Սաֆարյան՝ 1991-97, Ալեքսանդր Շաքարյան (պաշտոնակատար)՝ 1991-92, Արտակ Դավթյան՝ 1990-91։