Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՀ 5-րդ գումարման Աժ-ն ընտրվել է 2012-ի մայիսի 6-ին՝ 131 պատգամավոր (90 համամասնական, 41 մեծամասնական)։ Ընտրվել են 5 կուսակցություն. (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Ժառանգություն», «Օրինաց երկիր») և 1 դաշինք (ՀԱԿ)։

Աժ-ի նախագահներ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանը (ԳԽ-ի նախագահ՝ 1990-91), Բաբկեն Արարքցյանը (1-ին գումարման ԳԽ-ի նախագահ՝ 1991-95, Աժ-ի նախագահ՝ 1995-98), Խոսրով Հարությունյանը (1998-1999), Կարեն Դեմիրճյանը (1999-ի հունիս-հոկտեմբեր), Արմեն Խաչատրյանը (1999-2003), Արթուր Բաղդասարյանը (2003-06), Տիգրան Թորոսյանը (2006-08), Հովիկ Աբրահամյանը (2008-11 և 2012-ից), Սամվել Նիկոյանը (2011-12)։

Հայաստանի առաջին հանրապետության օրենսդիր մարմինը՝ խորհրդարանը, գումարվել է 1918-ի օգոստոսի 11-ին։ Խորհրդարանում ընտրվել են 4 քաղաքական ուժեր՝ ՀՅԴ (կառավարող), Հնչակյան, Սոց-հեղափոխական և Հայ ժողովրդական կուսակցությունները։

Խորհրդարանն ընդունել է 1000-ից ավելի օրենքներ և օրենքի ուժ ունեցող փաստաթղթեր՝ հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ուշագրավ է, որ հայերենը հռչակվել է պետական լեզու, օրենք է ընդունվել պետական համալսարան և թանգարաններ հիմնադրելու, հայ գրողներին ու գիտնականներին նյութական օգնություն ցուցաբերելու, ազատագրական կռիվներում զոհվածների երեխաների ուսումը կազմակերպելու և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ։

Հայաստանի երկրորդ հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինը ՀԽՍՀ ԳԽ-ն էր՝ 1938-ից, մինչ այդ՝ խորհուրդների համագումարը։ Ընտրվել է 5 տարի ժամկետով, միապալատ էր՝ կազմված 340 պատգամավորից, ունեցել է 12 գումարում՝ 1938-90։

ՀԽՍՀ ԳԽ-ի մշտապես գործող մարմինը նախագահությունն էր, որը նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում էր ԳԽ-ի գործառույթները։
ՀՀ առաջին հանրապետության խորհրդարանի նախագահներ են եղել Ավետիք Սահակյանը (1918-19), Ավետիս Ահարոնյանը (1919-20) և Հովհաննես Քաջազնունին (1920)։

ՀԽՍՀ ԳԽ-ն Նախագահության նախագահներ՝ Մացակ Պապյան (1938-54), Շմավոն Առուշանյան (1954-63), Նագուշ Հարությունյան (1963-75), Բաբկեն Սարկիսով (1975-85), Հրանտ Ոսկանյան (1985-90)։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Կառավարությունը հանրապետության բարձրագույն գործադիր իշխանությունն է. մշակում և իրականացնում է հանրապետության ներքին քաղաքականությունը, իսկ ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ հանրապետության նախագահի հետ։

ՀՀ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից. կառուցվածքը Կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով։ Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է հանրապետության նախագահի հրամանագրով։

Կառավարությունը Սահմանադրությամբ նախատեսված կարգով Աժ-ի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը, պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Աժ։ Կառավարում է պետական սեփականությունը, իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական, տարածքային զարգացման, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում պետական քաղաքականությունը։ Ապահովում է հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը, հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ։

ՀՀ Կառավարության կառուցվածքի, նախարարությունների, վարչապետների և նախարարների մասին տես Հավելված 1-3։