ղեկավար, 2000-07-ին՝ ՀՀ պաշտպանության նախարար։
Ղեկավար մասնակցություն է ունեցել ԼՂՀ ազատագրական բոլոր ռազմագործողությունների նախապատրաստմանն ու իրականացմանը։ 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում ստորագրել է Ադրբեջանի հետ հրադադար հաստատելու մասին համաձայնագիրը։
2008-ին Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որի շրջանակներում Սարգսյանը և ԹՀ նախագահ Աբդուլահ Գյուլը փոխայցելել են Թուրքիա (Բուրսա) և Հայաստան (Երևան)։ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների շրջանակներում 2008-11-ին Ս. Պետերբուրգում, Մայնդորֆում, Սոչիում, Աստրախանում, Կազանում և այլ քաղաքներում տեղի են ունեցել Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները։ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը պաշտպանել է միջագգային տարբեր ատյաններում։ Բանակցություններում մշտապես հանդես է եկել ԼՂՀ-ն հակամարտության կողմ ճանաչելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանելու և անվտանգության խնդիրներն ապահովելու դիրքերից։
ՀՀ ԳԽ (1990-93) պատգամավոր։ ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ 2004-ից։
Պարգևատրվել է ՀՀ Մարտական խաչի 1-ին աստիճանի (1994), «Տիգրան Մեծ» և ԼՂՀ «Ոսկե արծիվ» (2000), ՀՀ, ԼՂՀ և մի շարք այլ երկրների շքանշաններով ու մեդալներով։
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ
ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ ԱԺ-ն է. ընտրվում է 5 տարի ժամկետով։ Բաղկացած է 131 պատգամավորից։ ԱԺ-ում կարող են ստեղծվել ոչ ավելի քան 12 մշտական հանձնաժողովներ՝ օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություններ տալու համար։ ԱԺ-ն իր լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրում է ԱԺ-ի նախագահ և նրա 2 տեղակալներին։ ԱԺ-ն հավանություն է տալիս նոր կազմավորված կառավարության ծրագրին, Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն։ Հանրապետության նախագահի առաջարկությամբ հայտարարում է համաներում, վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում ՀՀ միջազգային պայմանագրերը, որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին և այլն։
ԱԺ-ի նախագահի առաջարկությամբ նշանակում է Սահմանադրական դատարանի 5 անդամ, Սահմանադրական դատարանի կազմից՝ նախագահ, ընտրում է արդարադատության խորհրդի 2 իրավաբան-գիտնականի, Մարդու իրավունքների պաշտպանին և այլն։
ՀՀ 1-ին գումարման ԳԽ-ն կազմավորվել է 1990-ին. մեծամասնական ընտրակարգով ընտրվել է 260 պատգամավոր։ Առաջին գումարման ԱԺ-ն՝ 1995-ին՝ 190 պատգամավոր (150 մեծամասնական, 40 համամասնական)։ Օրենքով սահմանված 5%-ի շեմը հաղթահարել են 1 քաղաքական միավորում («Հանրապետություն»՝ 50 %) և 4 կուսակցություն («Շամիրամ»՝ 20 %, ՀԿԿ՝ 15 %, ԱԺՄ՝ 7,5 %, ԱԻՄ՝ 7,5 %)։
ՀՀ 1-ին գումարման ԱԺ-ն ընտրվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ 190 պատգամավոր (150 մեծամասնական, 40 համամասնական)։ Ընտրվել են 1 միավորում՝ «Հանրապետություն», և 4 կուսակցություն՝ «Շամիրամ», ՀԿԿ, ԱԺՄ, ԱԻՄ։
ՀՀ 2-րդ գումարման ԱԺ-ն ընտրվել է 1999-ի մայիսի 30-ին՝ 131 պատգամավոր (75 մեծամասնական, 56 համամասնական)։ Ընտրվել են 4 կուսակցություն (ՀԿԿ, ՀՅԴ, «Օրինաց Երկիր», ԱԺՄ) և 2 դաշինք («Միասնություն», «Իրավունք և միաբանություն»)։
1999-ի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցած ոճրագործությունից հետո (տես Հավելված 1-2.2.1) հրավիրվել է արտահերթ նստաշրջան, և ընտրվել է ԱԺ-ի նոր ղեկավարություն։
ՀՀ 3-րդ գումարման ԱԺ-ն ընտրվել է 2003-ի մայիսի 25-ին՝ 131 պատգամավոր (75 համամասնական, 56 մեծամասնական)։ Ընտրվել են 5 կուսակցություն (ՀՀԿ, «Օրինաց երկիր», ՀՅԴ, «Ազգային միաբանություն», ՄԱԿ) և 1 դաշինք («Արդարություն»)։
ՀՀ 4-րդ գումարման ԱԺ-ն ընտրվել է 2007-ի մայիսի 25-ին՝ 131 պատգամավոր (90 համամասնական, 41 մեծամասնական)։ Ընտրվել են ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները։