(929-953)։ Նա Կարսը հռչակել է մայրաքաղաք, այնտեղ կառուցել է Սբ Առաքելոց եկեղեցին։ Բարելավել է հարաբերություններն Արծրունիների հետ, կաթողիկոս. աթոռը Աղթամար կղզուց փոխադրել է Շիրակ գավառի Արգինա ավան։
Աբաս Բագրատունու որդու՝ Աշոտ Գ Ողորմածի (953-977) գահակալումը նշանավորվել է Հայաստանի քաղ., տնտ. և մշակութ. վերելքով։ Արքան կատարելագործել է երկրի վարչ. կառավարման համակարգը, ձևավորել հայկ. ավատատիր. թագավորությունների դաշնակցային միություն՝ իր գերագահությամբ։ 953-ին որդուն՝ Սմբատին (Սմբատ Բ) կարգել է գահակից։ Բագրատունյաց արքունիքը Կարսից տեղափոխել է Անի, կառուցապատել այն և 961-ին հռչակել մայրաքաղաք։ 963-964-ին կառուցել է քաղաքի աշտարակազարդ պարիսպների առաջին գիծը։ Հաջողությամբ հետ է մղել Կովկասի լեռնականների և Աղձնիքի արաբ ամիրի հարձակումները։ 973-ին 80-հզ-անոց բանակով Տարոնով դուրս է եկել դեպի Միջագետք արշավող բյուզ. զորքերի դեմ՝ չեզոքացնելով Հայաստանին սպառնացող վտանգը։ Հովհաննես I Չմշկիկ կայսեր առաջարկով՝ Հայաստանը և Բյուզանդիան հաշտություն են կնքել։ Աշոտ Գ-ի կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966-ին կառուցել է Սանահինի, իսկ 976-ին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով դարձել են գիտաուս. կենտրոններ։
Ըստ պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի՝ Աշոտ Գ-ին անվանել են Ողորմած՝ նրա կատարած բարեգործությունների համար։ Երկրի գլխ. քաղաքներում նա բացել է դպրոցներ, հիվանդանոցներ ու անկելանոցներ, որոնց պահպանման համար հատկացրել է միջոցներ, որը բացառիկ երևույթ էր այդ ժամանակների համար։ Հայաստանում, Վասպուրականի թագավորությունից զատ, ստեղծվել են այլ թագավորություններ և իշխանություններ, որոնք ճանաչել են Շիրակի Բագրատունիների գերագահությունը։
Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը (908-1021) ընդգրկել է հիմնականում Վասպուրական (բացառությամբ Գաբիթյաև և Պարսպատունիք գավառների) և Մոկք նահանգները, առժամանակ՝ նաև Այրարատ նահանգի Մասյացոտն, Կոգովիտ, Բագրևանդ, Ծաղկոտն, Աղձնիքի՝ Սասուն, և Կորճայքի՝ Ճահուկ ու Փոքր Աղբակ գավառները, Դվինը՝ իր մերձակայքով։ XI դ-ի սկզբին Վասպուրականի թագավորության գերակայությունը ճանաչել են Խլաթի ու Մանազկերտի ամիրությունները։ Թագավորանիստ քաղաքներն էին Վանը և Աղթամարը։
Վասպուրականի թագավորությունն առավել հզորության է հասել Գագիկ Արծրունու օրոք (908-943), որն իրեն հռչակել է Հայոց թագավոր և փորձել է (930-ական թթ.) ապահովել իր գերազանցությունը Աբաս Բագրատունի արքայի նկատմամբ։ Սակայն հետագայում ընդունել է Բագրատունիների գերիշխանությունը։ Հաճախադեպ պատերազմների և արտաքին սպառնալիքի պայմաններում պահել է մարտունակ բանակ։
Վասպուրականով է անցել միջազգ. առևտր. տարանցիկ մայրուղու հվ. ճյուղավորումը, որտեղ առաջացել են վաճառաշահ քաղաքներ Վանը, Բերկրին, Արճեշը, Մանագկերտը ևն: Զարգացել են գիտությունն ու մշակույթը։ Այստեղ են ստեղծագործել Խոսրով Անձևացին, Անանիա Նարեկացին, Գրիգոր Նարեկացին, Ատոմ Վարագնեցին, իր հայրենիքից տարագրված արաբ գիտնական Կոստան և ուր.։ Բարձր զարգացման են հասել ճարտ-ը (Ոստան, Աղթամար, Վարագավանք ևն), քանդակագործությունն ու որմնանկարչությունը (Աղթամար), մանրանկարչությունը։
960-970-ական թթ-ին Բյուզ. կայսրության դեպի արլ. առաջխաղացումը վտանգի տակ է դրել Վասպուրականի թագավորության անկախությունը։ Իսկ 1016-ից, երբ սելջուկ թուրքերն ասպատակել են Վանի թագավորությունը, Սենեքերիմ-Հովհաննես (990-1021) թագավորն ստիպված ընդունել է Բյուզանդիայի առաջարկը՝ իր տիրույթները հանձնել կայսրությանը և փոխարենը Սեբաստիայի կուսակալությունում ստանալ հողեր։ 1021-ին Վանի թագավորության ազատանու զգալի մասը Սենեքերիմ-Հովհաննես թագավորի առաջնորդությամբ հեռացել է հայրենիքից, հաստատվել Սեբաստիայում և դրան հարող շրջաններում։ Վանի թագավորության տարածքը (ավելի քան 4 հազար գյուղ, 72 բերդ, 10 քաղաք, բազմաթիվ ավաններ), բացառությամբ վանքերի (115), ընդգրկվել է Վասպուրականի բյուզ. կատապանության մեջ։
Վանանդի կամ Կարսի թագավորությունը (963-1065), հայ Բագրատունիների