Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարսի (Վանանդ) թագավորությունների անկումից հետո Կյուրիկյանների թագավորությունը՝ միակը Բագրատունյաց իշխանություններից, սելջուկ սուլթանների գերիշխանությունը ճանաչելու (1064) գնով պահպանել է գոյությունը։ XII դ-ի սկզբին սելջուկների զավթումների հետևանքով թագավորությունը պարփակվել է Տաշիր գավառում, որի կորստից հետո հիմնվել են Տավուշի և Մածնաբերդի փոքրիկ իշխանությունները։

Տարոնի Բագրատունիների իշխանությունը (826-967) հիմնադիր Հայոց իշխան Բագարատ Բագրատունու օրոք (826-851) ներառել է Տարոնը, Սասունը, Խութը, Հաշտյանքը, Խորձյանը, Մանանաղին, Արշամունիքի հվ. հատվածը, Բզնունիքը։ Գրիգոր Բագրատունին կամ Գրիգորիկ 126 Անիի մանրակերտը (ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ) Տարոնացին (898-936) առժամանակ խուսանավել է խալիֆության և Բյուզ. կայսրության միջև, սակայն ի վերջո հարկադրված հնազանդվել է Բյուզանդիային՝ փոխարենն ստանալով մագիստրոսի և Տարոնի ստրատեգոսի (զորավար) աստիճան։ Նրա մահից հետո Տարոնի իշխանությունը մասնատվել է։ 967-ին Բյուզ. կայսրությունը գրավել է Տարոնը և վերածել բանակաթեմի։ Կիսանկախ վիճակը պահպանել է միայն Սասունը։

Արցախի Առանշահիկ իշխան. տոհմի 2 ճյուղերը IX դ-ի վերջին Բագրատունյաց թագավորության ենթակայությամբ ստեղծել են Դիզակի թագավորությունը և Խաչենի իշխանությունը։ X դ-ի սկզբին Աշոտ Բ Երկաթի աները՝ Սահակ Սևադան, իր ժառանգ. տիրույթին՝ Փառնես գավառին, միացնելով Ուտիք նահանգի Գարդման և Ձորագետ գավառները, հիմնել է Փառիսոսի իշխանությունը։ X դ-ի կեսին Սահակ Սևադայի որդի Հովհաննես-Սենեքերիմն իրեն հռչակել է թագավոր։ Փառիսոսի թագավորությունը (Փառիսոս կենտրոնով) պահպանվել է մինչև 1044-ը, որից հետո անցել է Խաչենի իշխանությանը։

Տայքի կյուրապաղատությունը (Տայք-Կղարջքի իշխանապետություն) X դ-ում հիմնադրել են VIII դ-ի վերջին քառորդում Տայք նահանգում և Գուգարք նահանգի Կղարջք գավառում հաստատված Բագրատունիները, որոնք Բյուզանդիայի գերակայության պայմաններում ընդունել են քաղկեդոնականություն։ Նրանց շնորհվել է կայսեր, բարձր տիտղոսներ (կյուրապաղատ և մագիստրոս)։ Համագործակցելով Բագրատունիների մյուս ճյուղերի հետ՝ Տայք-Կղարջքի Բագրատունիները շրջակա ամիրությունների տիրապետությունից ազատագրել են հայկ. որոշ հողեր։ Տայքի կյուրապաղատությունը զորեղացել և ընդարձակվել է Դավիթ Կյուրապաղատ Բագրատունու օրոք (966-1000)։ Իշխանապետության հզորացումից անհանգստանալով՝ բյուզ. արքունիքը դավադրաբար սպանել է տվել նրան և նվաճել երկրամասը։

Աշոտ Գ-ին հաջորդել է որդին՝ Սմբատ Բ Տիեզերակալը (977-989), որը հատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսության զարգացմանը։ 989-ին կառուցել է Անիի 2-րդ պարիսպը՝ Սմբատաշենը, որը, անցնելով Ծաղկոցաձորի, Իգաձորի եզերքով, միանում է Գայլաձորին, ապա անցնում Ախուրյան գետի կիրճի եզերքով։ Նույն թվականին հիմնադրել է Անիի Կաթողիկե Սբ․ Աստվածածին եկեղեցին (Մայր տաճար) և կաթողիկոսարանն Արգինայից տեղավտխել Անի։ Հակահարված է հասցրել Ատրպատականի ամիրությունների ոտնձգություններին, Աբխազաց թագավոր հռչակել Բագարատ Գ Բագրատունուն, ամրապնդել տերության սահմանները և կենտր․ իշխանության հեղինակությունը։

Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի կրտսեր եղբայր Գագիկ Ա-ի օրոք (989-1020)։ Նա հաջողությամբ շարունակել է պայքարը Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Ստեղծել է 100-հազարանոց արքունի մշտական զորք։ Ռազմ. դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, Վրաց