Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ. XI-XIV ԴԱՐԵՐ

Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045) մի քանի տասնամյակ անց հայ ժողովուրդը նոր պետականություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովի հս–արլ. մերձափնյա երկրամասում՝ Կիլիկիայում։ Պետությունն ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետության (1080-1198) և թագավորության (1198-1375)։

Հունա-հռոմ. հեղինակները Կիլիկիայի բնաշխարհը բաժանել են Դաշտային և Լեռնային կամ Դաժան Կիլիկիա հատվածների։ Հայկական աղբյուրներում երկրամասի հյուսիս-արլ. շրջանը կոչվել է Լեռնային Կիլիկիա (ըստ Ներսես Լաբրոնացու՝ Գահ Կիլիկիո), հվ-արլ. ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արմ. շրջանը՝ Քարուտ Կիլիկիա։ Կիլիկիան կոչվել է նաև Հայոց Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Սիսուան, Հայոց աշխարհ։ «Կիպրոսից չորս օրում Կոռիկոս ես հասնում, որը Հայաստան կոչվող երկրի սկիզբն է»,― գրել է XII դարի ճանապարհորդ Բենիամին Տուդելցին։

Տավրոսի լ-շղթան, հս-արմ-ից ձգվելով հվ-արլ., մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշել է փոքրասիական երկրներից։ Կիլիկյան Հայաստան մտնող լեռնուղիներն անցել են բերդերով ամրացված կիրճերով («Դրունք Կիլիկիո», «Դրունք Ասորվոց» և այլն)։ Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հվ-ից ողողում են երկրամասի ափերը։ Կիլիկիայով հոսող Պյուռամոս (Ջահան, Ջիհուն), Սարոս (Սիհուն), Կյուդնոս (Տարսուչայ), Կալիկանդոս (Սելևկիա), Լամոս (Լամաս) նշանավոր գետերը, սկիզբ առնելով հս. լեռներից, թափվում են Միջերկրական ծովը։

Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմն․ բնակիչները հայերն էին, ասորիները, հրեաները և հույները։ Տիգրան Բ Մեծ արքան (մ. թ. ա. 95-55) Դաշտային Կիլիկիան և Լեռնային Կիլիկիայի մի մասը միացրել է իր տերությանը։ Ըստ հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսի (IV դ.)՝ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվել է Հայոց ծոց։

X դ-ում Կիլիկիայում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973-992) այնտեղ ստեղծել է հայկական նոր եպիսկոպոսություններ։ Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզ. կայսրությունը Մանազկերտի ճակատամարտում (1071) պարտություն է կրել սելջուկ թուրքերից։ 1042-80-ին Դաշտային Կիլիկիայի կառավարիչը կայսրության նշանակած Վասպուրականի իշխաններից Ապլղարիպ Արծրունին էր։ XI դ-ի 2-րդ կեսին Լամբրոն բերդաքաղաքին ու շրջակա տարածքին տիրել է Ապլղարիպի փեսան՝ գանձակեցի իշխան Օշինը, Պապեռոն բերդաքաղաքին ու շրջակայքին՝ Նաթանայելյանները (Նատալինյաններ), Քարուտ Կիլիկիային՝ իշխան Խաչատուրը, Կիլիկիայի արլ. շրջաններին՝ Փիլարտոս Վարաժնունին։ Վերջինիս իշխանության փլատակների վրա ձևավորվել է Գող Վասիլի (Կամսարականների իշխանատոհմից) իշխանությունը (գոյատևել է մինչև 1112-ը)։ Ենադրվում է, որ «Գող» մականունը նա ստացել է ռազմ․ հաջող գործողություններում խորամանկության համար։

Մեծ իշխանապետության ժամանակաշրջան

Կիլիկիայում ստեղծված հայկական վարչական միավորներից ամենակենսունակը Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի գինակից Ռուբեն իշխանի (ըստ սկզբնաղբյուրների՝ Բագրատունի կամ Արծրունի) հիմնադրած իշխանապետությունն էր, որը նրա անունով կոչվել է Ռուբինյանների իշխանապետություն։ Ռուբեն Ա-ն (1080-95), տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ (Կոսիտառ) ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին, թոթափել է (1080) Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնել անկախ ու ընդարձակ իշխանություն։ Ռուբենի ավագ որդին՝ Կոստանդին Ա-ն (1095-1100), սելջուկ թուրքերից և բյուզանդացիներից ազատագրել է մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր։ 1098-ին գրավել է Լեռնային Կիլիկիայի գլխավոր ամրոցներից Վահկա բերդը և դարձրել իշխանության կենտրոնը։

Շարունակելով հոր քաղաքականությունը՝ Թորոս Ա-ն (1100-29) 1104-ին