պարտության է մատնել բյուզ. զորքերին, ազատագրել Սիս և Անարզաբա քաղաքները, միավորել Դաշտային Կիլիկիայի զգալի մասը։ 1107-ին Թորոս Ա-ն Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Կիլիկիա ներխուժած սելջուկներին։ Բյուզ. կայսր Ալեքսիոսը ճանաչել է Թորոս Ա-ի իշխանությունը՝ նրան մեծարելով «Առաջին Սեբաստոս» տիտղոսով։ Անարզաբա քաղաքում Թորոս Ա-ն հիմնել է ապարանքներ, Սիս քաղաքի մոտ՝ Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք վերածվել են գրչության և ուսումնագիտական կենտրոնների։ Դրազարկը դարձել է նաև Ռուբինյանների տոհմ․ դամբարանը։
Թորոս Ա-ի եղբայրը՝ Լևոն Ա-ն (1129-1137), օգտվելով սելջուկ թուրքերի ու խաչակիրների թշնամական հարաբերություններից, գահակալման սկզբին ջախջախել է նրանց և անխախտ պահել երկրի սահմանները։ 1132-ին բյուզ. տիրապետությունից ազատագրել է Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները։ 1135-1136-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ազատագրել է Կիլիկիայի հարավ-արլ. հայաբնակ շրջանները։
1137-ին բյուզ. Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժել է Կիլիկիա, գրավել ողջ երկիրը և գերեվարել Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին։ 1143-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145-69) կարողացել է փախչել գերությունից (հայրը մահացել էր Կ. Պոլսի բանտում) և եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը՝ ազատագրել է երկիրը բյուզ. և սելջուկ զավթիչներից, վերականգնել 1137-ից ընդհատված հայկական պետականությունը։
1152-ին վերստին Կիլիկիա են ներխուժել բյուզ. զորքերը՝ Անդրոնիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ։ Հայկական բանակը հանկարծակի գրոհով ջախջախել է թշնամուն։ Լքելով բանակը՝ Անդրոնիկոսն ապաստանել է Անտիոքի դքսի մոտ։ Բյուզ. զորքերի հետագա արշավանքները ձախողվել են, և կայսրը ստիպված Թորոս Բ-ին պատվել է Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ։
Իշխանապետության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահել է 30-հոգանոց բանակ, վարել հայկական հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականություն։ Թորոս Բ-ի որդուց՝ Ռուբեն Բ-ից (1169-70) հետո իշխանությունն անցել է նրա հորեղբորը՝ Մլեհին (1170-75), որը բյուզանդացիներից և խաչակիրներից վերջնականապես ազատագրել է Երկրի ծովեզրյա շրջանները, Տարսոն, Ադանա, Պոմպեոպոլիս քաղաքները։ 1173-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել է Սիս (Փլավիոպոլիս), որը դարձել է քաղաքական, պետական և մշակութային գլխավոր կենտրոն։ Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդել է նրա եղբոր՝ Ստեփանեի ավագ որդին՝ Ռուբեն Գ իշխանը (1175-87)։ Վերջինիս գահակից եղբայրը և բանակի գլխավոր հրամանատարը՝ Լևոնը, 1180-ական թթ-ին օտար տարրերից մաքրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը՝ հաղթական ավարտի հասցնելով Բյուզանդիայի դեմ հայոց շուրջ մեկդարյա պայքարը։
Ռուբեն Գ-ն, հնազանդեցնելով անջատամետ որոշ իշխանների, 1182-ին պաշարել է Լամբրոնը՝ Հեթումյան հզոր իշխանության կենտրոնը, սակայն գրավել չի կարողացել։ Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն են խնդրել Անտիոքի դուքս Բոհեմուդից։ Վերջինս 1185-ին Ռուբեն Գ-ին խաբեությամբ հրավիրել է Անտիոք և ձերբակալել։ Փրկագին վճարելով՝ Ռուբեն Գ-ն ազատվել է (1187) և կամովին գահը հանձնել է եղբորը՝ Լևոնին, որին Սմբատ Սպարապետը բնութագրել է որպես «այր իմաստուն եւ հանճարեղ, ձիավարժ հմուտ եւ ի զինուորութիւնս քաջասիրտ...»։
Լևոն Բ-ն 1187-ին ջախջախել է Իկոնիայի, ապա՝ Հալեպի և Դամասկոսի սուլթանությունների զորքերին, Անտիոքի դքսությունից գրավել (1193) ռազմավար․ կարևոր նշանակություն ունեցող Պաղրաս