և Դարպսակ բերդերը, 1194-ին Անտիոքի դքսին հարկադրել է ճանաչել իր ավագությունը, վերադարձնել սահմանամերձ (Ջահան գետից մինչև Կաստոն բերդը) հայաբնակ տարածքը և «Դրունք Ասորվոց» կարևոր ռազմ․ հանգույցը։ Հաշտության պայմանագիրն ամրապնդվել է դքսի գահաժառանգ որդու՝ Ռայմոնդի և Լևոն Բ-ի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի (Ալիծ) ամուսնությամբ։ Ռայմոնդը դաստիարակվել է Հայոց արքունիքում՝ պայմանով, որ նրա մահից հետո Անտիոքի գահն անցնի Ալիսից ծնված որդուն։ Լևոն Բ Մեծագործի իշխանապետության տարիներին (1187-98) հզորացել է պետությունը, բարձրացել նրա միջազգային հեղինակությունը, ստեղծվել են թագավորություն հիմնելու նախադրյալներ։
Կիլիկիայի հայկական թագավորությունը և Ռուբինյան արքայատունը հիմնադրել է Լևոն Բ Մեծագործը (1198-1219)։ 1196-ին Գերմանիայի Հայնրիխ VI կայսրը կազմակերպել է խաչակրաց նոր արշավանք և իր զորքերի առաջնորդ Լյուբեկը Կոնրադ արք. Ծիրանավորին հանձնարարել է Լևոն Բ-ին օծել Հայոց թագավոր։ Նույն թվականին Լևոն Բ-ի թագը ճանաչել է նաև Բյուզանդիայի Ալեքսիոս III Անգելոս կայսրը։ Հռոմի պապը նույնպես ճանաչել է նրան Կիլիկիայի թագավոր։ Լևոն Բ-ն թագադրվել է 1198-ի հունվ. 6-ին՝ Սբ Ծննդյան օրը՝ Տարսոն քաղաքի Սբ․ Սոփիա Մայր տաճարում։ Օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատը (1194-1203)։ Լևոն Բ-ին կոչել են «Թագաւոր ամենայն Հայոց, եւ նահանգին Կիլիկէացոց եւ Իսաւռիոյ»։ Պատմագիրները նրա թագադրությունը գնահատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում։
Լևոն Բ-ն արու զավակ չունենալով՝ Անտիոքի դուքս Ռայմոնդի (մահացել է 1198/1199-ին) նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին, որդեգրել և հռչակել է նաև Հայոց թագաժառանգ։ Այդ քայլով Լևոն Բ-ն փորձել է Անտիոքի դքսությունը, որտեղ հայերն զգալի տոկոս են կազմել, նույնպես միացնել Կիլիկիայի թագավորությանը։ 1203-ին, տապալելով Անտիոքի նորընծա դուքս Բոհեմուդ IV-ին, Լևոն Բ-ն պատանի Ռուբեն-Ռայմոնդին բազմեցրել է դքսության գահին, Ալիսին կարգել խնամակալուհի։ Այդ առթիվ Լևոն Բ-ի անունով Անտիոքում հատվել է արծաթե լատինագիր շքադրամ։ 1209-ին և 1211-ին Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիսի դաշնակցությամբ հայկական բանակը ջախջախել է սպառնացող Իկոնիայի սուլթանության զորքերին և հասել մինչև Կեսարիա։ Լևոն Բ-ն զորքերն այնտեղից դուրս է բերել խոշոր ռազմատուգանք ստանալուց և սուլթանի հետ հաշտության շահավետ պայմանագիր ստորագրելուց հետո։
Սակայն Իկոնիայի թուրքերը 1216-ի հունվ-ին, խախտելով հաշտության պայմանագիրը, ներխուժել են Կիլիկիա և պաշարել սահմանային Կապան բերդը։ Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը, Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում ժամանակին օժանդակություն չստանալով, շրջապատվել է և մի շարք զորականների հետ գերի ընկել։ Սակայն շուտով հայկական բանակը թշնամուն դուրս է շպրտել երկրի սահմաններից։ 1219-ին Լևոն Բ-ն, զիջելով 2 ամրոց, փրկագնել է Կոստանդին գունդստաբլին և մյուս հայ իշխաններին։ 1219-ի սկզբին ֆրանկները Գիյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ դավադրաբար գրավել են Անտիոքը և Ռուբեն-Ռայմոնդին մատնել փախուստի։ Իր հովանավորյալի անկայուն և թուլակամ վարքից հիսաթափված՝ Լևոն Բ-ն նրան զրկել է Հայոց գահի իրավունքից և թագաժառանգ հռչակել իր մանկահասակ դստերը՝ Զաբելին,