փոխադարձ սերտ կապերի մեջ, հայ բազմադարյան մշակույթի ավանդույթների հիման վրա և այդ ժամանակաշրջանի հայ մշակույթի անքակտելի մասն է։
Ճարտարապետությունը։ Կիլիկյան Հայաստանի ճարտ-ը շարունակել է հայոց շին. ավանդույթները։ Երկրի բնաշխարհը, աշխարհագր. դիրքը և զարգացման յուրահատուկ պայմանները մեծապես նպաստել են քաղաքների ու հատկապես բերդերի շին-յանը։
Բարձունքների լանջերին և գագաթներին կառուցված բերդերը և քաղաք-ամրոցները (Սիս, Ճանճիբերդ, Կանչիբերդ, Լևոնբերդ), պայմանավորված տեղանքով, ունեցել են անկանոն հատակաձև։ Ամրոցի տարածքը բաժանվել է տարբեր մակարդակների վրա կառուցված որմնափակ մասերի, ստեղծվել են գաղտնուղիներ և տնտեսական սենյակներ, իսկ արտաքին պարագծով ամրացվել է աշտարակավոր հզոր պարիսպներով։ Սիս մայրաքաղաքը շրջապատվել է եռաշարք պարիսպներով ու որմնահեցերով. բարձունքին միջնաբերդն էր՝ պալատ, կառույցներով։ Ամրոցի 7 առանձին մասերը կապվել են միմյանց ներքին դարպասներով։ Նույն կերպ են կառուցվել նաև մյուս քաղաքները, այդ թվում՝ Անազարբան և Մամեստիան։
Կիլիկյան Հայաստանի ամրաշինության հիանալի օրինակներ էին Լևոն Բ թագավորի կառուցած Օձիբերդ (Լևոնկլա) և Թումլուբերդ ամրոցները։ Կոռիկոս և Այաս նավահանգիստների պաշտպան. կառույցները կղզու և առափնյա ծովային ամրոցներն էին։ Կիլիկիայի բոլոր ամրոցները պետության ընդհանուր ամրաշին. համակարգի մեջ էին և հաղորդակցվել են միմյանց հետ։ Առավել հայտնի էին Լամբրոնը, Պապեռոնը, Մուդը, Գուգլակը, Վահկաբերդը։ Խոշոր ամրոցները (Սիս, Անարզաբա, Լամբրոն, Լևոնբերդ), բացի բնակելի և տնտեսական սենյակներից, ունեցել են նաև զարդապատկերներով, ընդելուզումներով ոսկեզօծ դահլիճներ՝ հանդիսավոր ընդունելությունների համար։
Կիլիկյան Հայաստանի յուրաքանչյուր ամրոցում կամ դղյակում կար եկեղեցի, քաղաքներում՝ մի քանիսը (Սսում՝ 20-ից ավելի)։ Վաղ շրջանի եկեղեցիների առավել տարածված տիպը միանավ և եռանավ բազիլիկն էր՝ ընդհանուր ծավալից դուրս եկող խորանով։ Եռանավ բազիլիկները, որպես կանոն, 2 զույգ մույթերով էին (ամենահինը XII դ-ի Զորավարանց եկեղեցին է Անարզաբայում)։ Խոշոր բազիլիկներից էր պարսպից դուրս Կոռիկոսի մեծ եկեղեցին (XII դ-ի վերջ-XIII դ-ի սկիզբ)։ Հետագայում կառուցվել են նաև եռանավ գմբեթավոր բազիլիկներ (Սբ Սոփիա եկեղեցին Սսում՝ 1230-ի վերջին, 1292-1441-ին՝ Ամենայն հայոց Մայր եկեղեցին, մինչև 1921-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստն էր)։ Նորակառույց բազմաթիվ վանական համալիրները (Հռոմկլա, Դրազարկ, Արքայակաղնի, Սկևռա, Ակներ և այլն) նաև մշակութային և գիտական կարևոր կենտրոններ էին՝ ուսումնակրթական հաստատություններով, գրքարվ-ի դպրոցներով։ Համալիրները բաղկացած էին եկեղեցիներից, փոքր աղոթարաններից, զանգակատնից, բնակելի և օժանդակ կառույցներից։
Կիլիկիայի հայկական ամրոցները, որոնք որոշակիորեն ազդել են Մերձավոր Արևելքի, նաև Արևմտյան Եվրոպայի (XII-XIII դդ.) ամրաշինության վրա, ունեն պատմ. և կառուցող. մեծ արժեք։
Կերպարվեստը։ Կիլիկիայի գեղարվեստական ժառանգությունը հիմնականում ներկայացված է մանրանկարչության, որմնանկարչության, քանդակագործության և կիրառ. արվ. (ոսկերչություն և արծաթագործություն) նմուշներով։ Ի տարբերություն մյուս բնագավառների՝ գրքարվ-ի հուշարձանների արտակարգ հարստությունը վկայում է գրքի ձևավորման աննախընթաց ծաղկումը նախորդ դարերի հայ մանրանկարչության համեմատությամբ։
Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը կազմավորվել է XII դ-ում. նշանավոր կենտրոններն էին Դրազարկը, Սկևռան, Հռոմկլան և Գռները։ Հայ նկարիչները մի քանի տասնամյակում ստեղծել են ինքնուրույն դիմագծով բարձր մակարդակի գրքի ձևավորման արփ։ Դրազարկի դպրոցը մեծ վերելք է ապրել XIII դ-ում։ Որոշ ժամանակ այստեղ է ապրել Թորոս Ռոսլինի ուսուցիչներից Կիրակոսը, որը 1239-ին ծաղկել է Ճաշոց (Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռ. № 53)։ Գրքարվ-ի շքեղ նմուշներից են Գրիգոր Մլիճեցու ձևավորած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը (1173, Մատենադարան, ձեռ. № 1568), ինչպես նաև 1197-ին