Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծաղկած և 1215-ի անավարտ (Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի թանգարան, ձեռ. № 546/25) Ավետարանները։ Սկևռայում է ստեղծագործել Կոստանդինը, որի նկարազարդած ձեռագիրը (Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռ. № 1635) աչքի է ընկնում կիլիկյան գրքարվ-ում առաջին անգամ հանդիպող 2 տերունական պատկերներով («Մկրտություն» և «Խաչելություն»)։ Հռոմկլայի հայտնի ամենահին ձևավորված ձեռագրի՝ 1166-ի Ավետարանի (Մատենադարան, ձեռ. № 7347) նկարազարդումներում արտացոլվել են XI դ-ի հայ մանրանկարչության ավանդույթները և Սև լեռան (Ասորիքի ու Կիլիկիայի սահմանում) հայկական, հուն., վրաց. և լատ. վանքերի համագործակցությամբ ստեղծված պատկերագր. օրինաչափությունները։ Հռոմկլայի դպրոցի ամենահայտնի վարպետների՝ Կիրակոսի ծաղկած Ավետարանների (1244, Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռ. № 69/151, 1248, Կիլիկիայի կաթողիկոսարանի հավաքածու, ձեռ. № 8, 1249, Մատենադարան, ձեռ. № 7690) և Հովհաննեսի՝ 1253-ի Ավետարանի (Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռ. № 44.17) մանրանկարները պայմանավորել են այդ դպրոցի զարթոնքն ու նպաստել Թորոս Ռոսլինի արվ-ի ձևավորմանը։

Ռոսլինն իր սաների հետ ծաղկած ձեռագիր մատյանների (1256, «Զեյթունի Ավետարան» և 1268, «Մալաթիայի Ավետարան», Մատենադարան, ձեռ. №№ 10450, 10675, նաև 1262, «Սեբաստիայի Ավետարան», Բալթիմորի Ուոլթերս պատկերասրահ, ձեռ. № 535, 1260-ի, 1262-ի և 1265-ի Ավետարանները, Երուսաղեմի Սբ Հակոբյանց վանք, ձեռ. №№ 251, 2660, 1956) մանրանկարներում վերածնել է հին թեմաները, ներմուծել գրքի ձևավորման նոր եղանակներ, զարգացրել բազմանկար, պատմող, նկարչությունը։ Ռոսլինի արվ-ը մեծապես ազդել է կիլիկյան մանրանկարչության հետագա զարգացման վրա։

Գրեթե նույն ժամանակ գրիչ և ծաղկող Հովհաննես Արքաեղբոր ջանքերով Գռների վանքին կից ստեղծվել է գրչատուն, որտեղ ծաղկած բազմաթիվ մատյաններում (1263-ի Ավետարան, Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռ. № 56.11, 1278-1289-ի ճաշոց, Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռ. № 245, 1278-ի «Գիրք Սողոմոնի», Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարան, ձեռ. № 245 և այլն ) առաջին անգամ ի հայտ են եկել բազմաթիվ աստվածաշնչյան կերպարներ։ 1270-ից հետո ստեղծվել են հայ արվ-ի մի շարք արժեքավոր ձեռագրեր, որոնց ծաղկողներն անհայտ են. «Վասակ իշխանի Ավետարանը» (1268-84, Երուսաղեմի Սբ Հակոբյանը վանքի մատենադարան, ձեռ. № 2568), «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (XIII դ-ի վերջին քառորդ-1320, Մատենադարան, ձեռ. № 7651), «Հեթում Բ թագավորի Ճաշոցը» (1286, Մատենադարան, ձեռ. № 979) և այլն։

XIII դ-ի 2-րդ կեսին մանրանկարչությունն աննախադեպ առաջընթաց է ունեցել նաև Դրազարկի և Մաշկևորի վանքերում, Տարսոն, Մամեստիա, Սիս քաղաքներում։ Դրազարկում հայտնի են Հովհաննես Ծաղկողը (1282-ի Ավետարան, Լոնդոնի Բրիտ. գրադարան, ձեռ. Օր. № 5626) և Թորոս Փիլիսոփան (1290-ի 2 Ավետարաններ, Մատենադարան, ձեռ. № 5736, Ս. Պետերբուրգ, Էրմիտաժ, ձեռ. № V. 3/835 և այլն)։

Թորոս Ռոսլինի և նրա հետևորդների բուռն շարժումը XIV դ-ում աստիճանաբար մարել է։

XIV դ-ի վերջի խոշոր մանրանկարիչը Սարգիս Պիծակն է, որն ստեղծագործել է Դրազարկում, Սսում, Սկևռայում և այլուր։ Նրա աշխատանքները զերծ են նախորդ վարպետների շարժուն, պաթետիկ լարվածությունից, ունեն գրաֆիկ. դեկորատիվ, չոր գծանկար և հարթապատկերային ոճ, կարևորված է զարդը (1336-ի «Արքունական Ավետարան», 1353-ի «Բժշկութեան Ավետարան», Մատենադարան, ձեռ. № 5786, № 6795, և այլն)։ Հետագա շրջանի մանրանկարչությունը զարգացել է նրա արվ-ի ազդեցությամբ։ Կիլիկիայի մանրանկարչությունը գրքարվ-ի պատմության մեջ բացառիկ է և ունի համամարդկային հնչողություն։ Պատմիչների վկայությամբ՝ XII դ-ի կոթողային գեղանկարչության պատկերներով զարդարված են եղել Սկևռայի, Ասի, Հռոմկլայի տաճարները (եկեղեցիների պատերին պահպանվել են ծեփի մնացորդներ)։ Ծեփի շերտով են ծածկված Բարձրբերդի (Թամրութի բերդ), Համուսի բերդի (Չարդակի բերդ), Սսի, Անարզաբայի մատուռների պատերի որոշ հատվածներ: