Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ջևանշիր քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթար. մի շարք ցեղապետների։ 1724-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագր. շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ․ մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկ․ անկախ իշխանապետություն, որի կենտրոնը Հալիձոր բերդն էր։ 1724-25-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները (սպարապետ Մխիթարը, Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուր․) երկրամասը մաքրել են մահմեդ. հրոսակներից։

Երևանի գրավումից (1724-ի սեպտ.) հետո թուրք․ զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական։ 1726-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկ․ իշխանությանը։ Օսմ․ զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդականներին հաջողվել է գրավել մի շարք հայկ․ բնակավայրեր և 1727-ի մարտին պաշարել Հալիձորը, որտեղ ամրացել էր Դավիթ Բեկը։ Զորավարը 7 օր հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից։ Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա։ Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել։

Հալիձորի հաղթանակը թուրք․ բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր։ Հետապնդելով թշնամուն՝ հայկ․ զորքերն ազատագրել են Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմ․ զորաբանակը։ 1727-ին Դավիթ Բեկն Ատրպատականում բանակցել է Պարսից Թահմազ շահի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում, դաշինք կնքել հետը և տվել դրամ հատելու իրավունք։ 1728-ին անսպասելիորեն վախճանվել է Դավիթ Բեկը, և ազատագր. պայքարի գլուխ է անցել Մխիթար Սպարապետը, որը 2 տարի համառ կռիվներ է մղել նվաճողների դեմ։ Նրա դավադիր սպանությունից (1730) հետո Սյունիքում պայքարը շարունակվել է մինչև թուրք․ զորքերի վտարումն Այսրկովկասից։

Արլ․ Հայաստանում իրավիճակը ծանրացել է Պարսից Նադիր շահի (վերջինս, քաղ․ շահերից մղված, համագործակցում էր հայերի հետ) սպանությանը (1747) հաջորդած անիշխանության տարիներին, երբ հաճախացել էին մահմեդ. վաչկատուն ցեղերի խժդժությունները։ 1750-ական թթ-ին, օգտվելով Վարանդայի մելիք Շահնազարի դավաճան, դիրքորոշումից, ջևանշիր վաչկատուն ցեղի առաջնորդ Փանահը հաստատվել է Շուշիում և հիմնել խանություն։ 1763-ին Փանահի մահից հետո նրա որդին և հաջորդը՝ Իբրահիմ Խալիլը, զանազան խարդավանքներով իրեն է ենթարկել հայկական մելիքությունները։

XVIII դ-ի 2-րդ կեսի հայ ազգ-ազատագր. շարժման վերազարթոնքը կապված է հնդկահայ Հովսեփ էմինի (1726-1809) գործունեության հետ։ Նա 1751- ին ավարտել է Անգլիայի Վուլվիչի ռազմ․ ակադ-ը և 1757-58-ին մասնակցել Յոթնամյա պատերազմին (1756-63)։ 1758-ի վերջին հանդիպել է Անգլիայի վարչապետի հետ ու համոզվել, որ Անգլիան շահագրգռված չէ իրականացնելու իր քաղ․ ծրագիրը։ 1760-ին եղել է Սբ Էջմիածնում և համոզվել, որ հայ ժողովրդի ազատագրումը հնարավոր է Ռուսաստանի օգնությամբ։ Վերադառնալով Անգլիա՝ Ռուսաստանի դեսպանից վերցրել է հանձնարար, նամակ և 1761-ի աշնանը մեկնել Ս. Պետերբուրգ, որտեղ կանցլեր Միխայիլ Վորոնցովին ու փոխկանցլեր Դմիտրի Գոլիցինին ներկայացրել է Հայաստանն ազատագրելու և Ռուսաստանի հովանավորությամբ հայ-վրաց. դաշնային պետություն ստեղծելու ծրագիրը։

1763-ի գարնանը հայ ազգ-ազատագր․ ու լուսավոր․ գործիչ Մովսես Բաղրամյանի և Աստրախանում նրանց միացած 30 հայ կամավորների հետ մեկնել է Վրաստան, որտեղ Հերակլ II թագավորի հանձնարարությամբ սկսել է եվրոպ. ռազմ․ արվ-ով վարժեցնել վրաց․ զորքը։ Կապեր է հաստատել տեղի հայերի, Արցախի մելիքների և Մշո Սբ Կարապետ վանքի առաջնորդ Հովնան եպս. Մշեցու հետ։ Վերջինս, որ ապստամբություն էր նախապատրաստում Արմ․ Հայաստանում, Հերակլ ll-ին խնդրել է էմինի գլխավորությամբ վրաց․ ջոկատ ուղարկել օգնության, սակայն Վրաց թագավորը խուսափել է Թուրքիայի հետ բախումից։