Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) անկախ պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետ․ և տեղ․ ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ ՄԻՊ-ին ընտրում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-րդով՝ 6 տարի ժամկետով։ ՄԻՊ-ն օժտված է ԱԺ-ի պատգամավորի համար նախատեսված անձեռնմխելիությամբ։ Նրա գործունեության այլ երաշխիքներ սահմանվում են օրենքով։


ՀՀ Մարդու իրավունքների պաշտպաններ են եղել Լարիսա Ալավերդյանը (2004-06), Արմեն Հարությունյանը (2006-11), 2011-ից Կարեն Անդրեասյանն է։


ՀՀ վերահսկիչ պալատը

Վերահսկիչ պալատը (ՎՊ) անկախ մարմին է, որը, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի (2006) համաձայն, վերահսկողություն է իրականացնում բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ։ Պալատի գործունեության ծրագիրը հաստատում է ԱԺ-ն։ ՎՊ-ն տարեկան ոչ պակաս քան մեկ անգամ ԱԺ է ներկայացնում իր վերահսկողական աշխատանքների հաշվետվությունը։ ՎՊ-ի նախագահը նշանակվում է ՀՀ նախագահի առաջարկությամբ՝ ԱԺ-ի կողմից՝ 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել ՎՊ-ի նախագահ։

2007-ից ՎՊ-ի նախագահը Իշխան Զաքարյանն է։


ՀՀ հանրային խորհուրդը

Հանրային խորհուրդը (ՀԽ) ՀՀ նախագահի կողմից կազմավորվող ապաքաղաքական, խորհրդակցական մարմին է, որի նպատակը ժողովրդավար. համակարգի զարգացմանը պետական իշխանության մարմինների ու քաղաքացիների, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, հասարակական վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովմանը նպաստելն է։

ՀՀ ՀԽ-ն ստեղծվել է 2008-ի հուլիսի 12-ին, կանոնադրությունը և առաջին 12 անդամների կազմը հաստատվել է 2009-ի մարտի 11-ին, մայիսի 29-ին ամրագրվել է ՀՀ նախագահի հրամանագրով։ ՀԽ նախագահին (2009-ից Վագգեն Մանուկյան) նշանակում է ՀՀ նախագահը։

ՀԽ-ի որոշմամբ՝ փորձաքննություն է իրականացվում ՀՀ օրենքների և Սահմանադրության մեջ փոփոխություններ և\կամ լրացումներ նախատեսող՝ գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության և մարդու իրավունքների, հասարակական անվտանգության ու կարգի պահպանման բնագավառներում պետական քաղաքականության նախագծերի վերաբերյալ։

ՀԽ-ն կազմված է 36 անդամից, որոնցից 12-ին նշանակում է ՀՀ նախագահը, 12-ին ընտրում են հանձնաժողովները։ Հետագայում 24 անդամից յուրաքանչյուրն առաջադրում է ՀԽ-ի մեկական թեկնածու, որոնցից առավել շատ ձայներ ստացած 12 անձի առաջարկվում է անդամակցել ՀԽ-ին։

Ներկայումս ՀԽ-ում գործում են 66 ենթահանձնաժողով և բազմաթիվ աշխատանքային խմբեր։ 12 ոլորտային հաձնաժողովներում ընդգրկված 1950 անդամները ներկայացնում են ավելի քան 1200 հասարակական կազմակերպություններ, միություններ, ընկերակցություններ և հիմնադրամներ։ Այս հանձնաժողովներում ընդգրկված են գիտ․ 329 թեկնածու և 129 դոկտոր, պրոֆեսոր։ Մարզերը ներկայացված են 422 անդամով (21,7 %), կանայք՝ 635-ով (32,7 %)։