Հայ ազգային-ազատագրական պայքարին բնորոշ է նաև ֆիդայական կամ հայդուկային շարժումը (անունը ծագել է բալկանյան ժողովուրդների հակաթուրքական պարտիզան.՝ հայդուկային պայքարի անվանումից, իսկ «ֆիդայի» կամ «ֆեդայի» արաբերեն բառ է, նշանակում է «զոհ», բայց ընկալվում է «անձնազոհ» իմաստով)։
Շարժումն առաջացել է Արևմտյան Հայաստանում՝ տարերայնորեն (թելադրված էր հայ ժողովրդի քաղաքական և տնտեսական ծանր ու օրհասական վիճակով) 1880-ական թթ-ի կեսին՝ հայ ազգային կուսակցությունների հրապարակ գալուց առաջ։ Զինվորագրվելով հայրենիքի ազատագրությանը՝ ֆիդայիները երդվել են. «Այսուհետև իմ բարձը լինելու է Հայաստանի լեռները, իսկ բաղձալի երազանքը՝ հայրենիքի համար մեռնելը»։ Րաֆֆին նրանց անվանել է ժողովրդական վրիժառուներ ու հեղափոխականներ։
Առաջին ֆիդայիներից էին Կարապետը՝ Սեբաստիայում, և ֆիդայական շարժման ռահվիրա Արաբոն (Առաքել, Ստեփանոս Մխիթարյան)՝ Սասունում։ Առաջին հայդուկային խմբերն ստեղծվել են Տարոնում, Սասունում, Վասպուրականում, Կեսարիայում։ Առավել հայտնի են Մարգար Վարժապետի (Մարգար Ամիրյան), Արաբոյի, Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի քեռի), Գալուստ Արխանյանի (Մնձուրի առյուծ), Արամ Աչըքպաշյանի (Գրիգոր Կարապետյան), Մինասօղլու (Հովհաննես Մինասյան) խմբերը։
1880-ական թվականների վերջին Սեբաստիայի վիլայեթում կազմավորվել են զինված ջոկատներ՝ չելլոներ, որոնք ներկայացել են իբրև քրդեր (թուրքերի վրեժխնդրությունը հայերի նկատմամբ չսրելու համար)։ Այս շրջանում որոշ ֆիդայապետներ (Արամ Աչըքպաշյան և ուրիշներ) փորձել են համաձայնեցնել կամ նույնիսկ միավորել անջատ գործող հայդուկային խմբերի գործողությունները։ Սակայն շոշափելի արդյունքի չեն հասել։ Չի իրականացել որոշ հայ գործիչների գաղափարը՝ Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, մասնավորապես քրդերի ազգային-ազատագրական շարժման հետ դաշինք ստեղծելը։
Ֆիդայիներն զգալի աշխատանք են կատարել հայ ժողովրդի 2 հատվածների միջև կապերն ամրապնդելու համար, այցելել են Թիֆլիս, տեսակցել արևելահայ նշանավոր գործիչների հետ, նրանց օգնությամբ զենք ու զինամթերք ձեռք բերել, կամավորներ հավաքագրել Արևմտյան Հայաստան ուղարկելու համար։
1880-90-ական թթ-ին կովկասաբնակ և ռուսաստանաբնակ հայերի շրջանում մեծացել է հետաքրքրությունն արևմտահայերի ազատագրական պայքարի նկատմամբ, և ծավալվել է օգնության շարժում։ Հայ երիտասարդները (հիմնականում՝ ուսանողներ) Թուրքիային սահմանակից շրջաններում (Ալեքսանդրապոլ, Կարս, Երևան, Իգդիր, Ախալցխա և այլն) կազմել են հայդուկային խմբեր և զենք ու զինամթերքով զինված փորձել են անցնել Արևմտյան Հայաստան, հայտնի են Սարգիս Կուկունյանի, Վարդան Գոլոշյանի նախաձեռնությունները։ Կազմակերպվել են նաև զինատար խմբեր, որոնք զենք են փոխադրել Ռուսաստանից, Այսրկովկասից, Իրանից։
1890-ական թթ-ի սկզբից Արևմտյան Հայաստանում նոր թափ են ստացել ազատագրական շարժումը, զինված ելույթներն ու ինքնապաշտպան, մարտերը՝ պայմանավորված հնչակյան և դաշնակցություն կուսակցությունների ստեղծումով ու Արևմտյան Հայաստանում նրանց տեղական կազմակերպությունների տարածմամբ։ ազգային կուսակցությունների հիմնական նպատակը Հայկական հարցի լուծումն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը, հետևաբար նրանք տեղերում համագործակցել են հայդուկային խմբերի հետ՝ շարժմանը տալով համազգային բնույթ։ Կուսակցությունները ֆիդայիներին նախապես համարել են իրենց մարտ, ուժը, իսկ ֆիդայիները պատրաստ էին ընդունելու նրանց գաղափարը, ղեկավարությունը։ Ֆիդայիների՝ հնչակյաններին կամ դաշնակցականներին հարելը սկզբնական շրջանում պայմանավորված էր նրանով, թե այդ կուսներից որն էր ազդեցիկ Արևմտյան Հայաստանի այս կամ այն շրջանում։
1890-ական թվականների 2-րդ կեսից ՀՅԴ-ն, հասարակա-քաղաքական կյանքում դառնալով ամենաազդեցիկը, ղեկավարել է հայդուկային շարժումը, և բազմաթիվ ֆիդայիներ դարձել են դաշնակցության անդամներ։ Շարժումը ծավալվել էր նաև Կիլիկյան Հայաստանում։ Աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ (մեծ չափերի է հասել