եկամուտների հաշվին պահվող ծխական ու թեմ. դպրոցները հայտնվել էին փակման վտանգի առջև։
Հունիսի 12-ի հրամանագրի դեմ ընդվզել է ողջ հայությունը։ Օրենքի կիրարկմանն ընդդիմացել են բոլոր քաղաքական կուս-ները՝ դաշնակցականները, հնչակյանները, սոցիալ-դեմոկրատները։ Ցարիզմի նկատմամբ խիստ ընդդիմադիր դիրք է բռնել Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ, 1892-1907)՝ ստանալով արտերկրի հայկական հոգևոր կենտրոնների և հայաբնակ քաղաքների աջակցությունը։
Ցար. կառավարությունը, անուշադրության մատնելով Անդրկովկասի հայաշատ կենտրոնների ցույցերն ու ելույթները, սկսել է եկեղեց. գույքի բռնի պետականացումը։ Առաջին բախումը տեղի է ունեցել օգոստ. 29-ին Ելիզավետպոլում (Գանձակ), երբ փոխնահանգապետ Անդրեևի հրամանով կազակ. 2 վաշտ կրակ է բացել հոգևոր առաջնորդի տան մոտ հավաքված հայերի վրա. սպանվել ու վիրավորվել են մոտ 80 խաղաղ բնակիչներ։ Օգոստ. 31-ին Թիֆլիսում զինված ընդհարումների պատճառով քաղաքում հայտարարվել է ռազմ․ դրություն։ Սեպտ. 2-ին Բաքվում հայ ցուցարարներն ընդհարվել են զորքի հետ՝ տալով բազմաթիվ զոհեր։ Արցախում հուզումները ճնշելու նպատակով իշխանությունները գործի են դրել անգամ հրետանին։ Հուզումները տարածվել են Ախալցխայում, Ալեքսանդրապոլում, Երևանում, Էջմիածնում, Նախիջևանում և այլ քաղաքներում, Լոռու Դսեղ և Մարց գյուղերում։
1904-ի հոկտ. 14-ին հնչակյանները մահափորձ են կատարել և ծանր վիրավորել Գ. Գոլիցինին։ Ահաբեկվել են Ելիզավետպոլի փոխնահանգապետ Անդրեևը, Սուրմալուի գավառապետ Բոգուսլավսկին։ Այս քայլերն իշխանություններին հարկադրել են զիջումների գնալ, մանավանդ որ 1904-ին սկսված ռուս-ճապոն. պատերազմի և 1905-ի ռուս․ առաջին հեղափոխության պատճառով կայսրությունում քաղաքական իրավիճակը վատթարացել էր։ 1904-ի վերջերին կայսրն ստիպված էր բացահայտ հայատյաց Գ. Գոլիցինին հետ կանչել Ս. Պետերբուրգ։ 1905-ին նրան փոխարինել է կոմս Իլարիոն Վորոնցով-Դաշկովը՝ Կովկասի փոխարքայի պաշտոնով։ Վերջինս, ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում, Նիկոլայ II-ին հորդորել է վերացնել 1903-ի հունիսի 12-ի օրենքը։ 1905-ի օգոստ-ին կայսեր ստորագրած հրովարտակով՝ Հայ առաքել. եկեղեցուն են վերադարձվել բռնագրավված գույքը և կրթամշակութային գործունեությամբ զբաղվելու իրավունքը։
XX դ-ի սկզբին Օսմ. կայսրությունը դեռևս հետամնաց ռազմաավատատիր., բռնակալական երկիր էր։ Սակայն աբդուլհամիդյան դաժան վարչակարգը չընկճեց ազգ-ազատագր. շարժումն Արմ. Հայաստանում։ Այն կասեցնելու նպատակով Օսմ. իշխանություններն սկսեցին Կովկասի մահմեդ. ժողովուրդների ստվար խմբեր վերաբնակեցնել Արմ. Հայաստանում։ Հայ բնակչության իրավունքների պաշտպանության միակ միջոցը զինված պայքարն էր, որը ղեկավարում էին ազգային կուս-ները, հատկապես՝ դաշնակցությունը։
1901-ի նոյեմբ. 1-ին Անդրանիկն ու Չավուշն ամրացել են Մշո Սբ․ Առաքելոց վանքում։ Նրանց են միացել Կոտոյի Հաջին (Հակոբ Կոտոյան) և Սեբաստացի Մուրադը։ 30-60 ֆիդայիների դեմ թուրքերը Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի հրամանատարությամբ դուրս են բերել մի քանի հազար ասկյար, բայց հանդիպել են համառ դիմադրության և մեծ թվով սպանվածներ տվել։ Բիթլիսի նահանգապետը վանքի հոգևորականների միջոցով փորձել է համոզել ֆիդայիներին հանձնվել։
Միայն նոյեմբ. 27-ին, երբ թուրքերն սկսել են վրեժ լուծել շրջակայքի անպաշտպան գյուղացիներից, ֆիդայիներն Անդրանիկի հրամանով գիշերով, գրեթե անկորուստ դուրս են եկել վանքից ու բարձրացել լեռները։
1894-ին չկարողանալով կոտրել սասունցիների դիմադրական ոգին՝ XX դ-ի