Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սկզբին թուրք․ իշխանությունները քայլեր են ձեռնարկել Սասունի շրջակայքում ռազմ․ հենակետեր ստեղծելու համար։ Ի պատասխան՝ կուս-ները 1902-04-ին կազմակերպել են զինական խմբերի տեղափոխումը Սասուն։ Դաշնակցության ուղարկած 11 խմբից միայն Թորգոմի և Մենակի «Մրրիկ» հեծելաջոկատին է հաջողվել 1903-ի մայիսի վերջին հասնել Սասուն։ Մնացած խմբերը, Խանի (Բարսեղ Թիրաքյան), Աշոտ Երկաթի և ուր․ հրամանատարությամբ, ճանապարհին ծանր կռիվներ են մղել և Սասուն չեն հասել։ 1903-ի վերջին Սասունում էին Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր հայտնի ֆիդայապետները [Անդրանիկ, Չավուշ, Հրայր, Սեբաստացի Մուրադ, Սեպուհ, Մախլուտո (Սմբատ Բորոյան), Կորյուն (Գոմսա Իսո) և ուր․]։ Իրավիճակը քննարկելու համար Գելիեգուզան գյուղում հրավիրվել է ինքնապաշտպանության զինվորական խորհուրդ. Անդրանիկն առաջարկել է համաժողովրդական ապստամբություն սկսել։ Սակայն Հրայրի առաջարկով բավարարվել են միայն Սասունով՝ նոր կոտորածների տեղիք չտալու համար։ Ընտրվել է ինքնապաշտպանության խորհուրդ՝ Անդրանիկի գլխավորությամբ։

1904-ի գարնանը թուրք-քրդ. 15-հազարանոց զորքը Քեոսե Բինբաշու գլխավորությամբ անցել է հարձակման։ Նրանց դեմ դուրս են եկել 200 ֆիդայի և 1000 սասունցի գյուղացիներ։ Ապրիլի 11-12-ին թշնամին անհաջող գրոհ է կազմակերպել Շենիկ գյուղի ուղղությամբ։ Հաջորդ օրը Գելիեգուզան տանող կիրճում մղվող կատաղի մարտերում զոհվել է Հրայրը։

Ապրիլի 17-ին թուրքերը գրոհել են Գելիեգուզանը, բայց, մեծ թվով սպանվածներ տալով, նահանջել են։ Ապրիլի 20-ին կրկնված գրոհի ժամանակ թշնամին օգտագործել է 12 թնդանոթ։ Զինվ․ խորհուրդը տեսնելով, որ թուրքերն սկսել են Սասունի խաղաղ բնակչության բնաջնջումը, հրամայել է քաշվել Անդոկ լեռը։ Անդրանիկը շարունակել է դիմադրությունը մինչև մայիսի 1-ը։ Սեբաստացի Մուրադը, կատարելով խորհրդի հրամանը, 6 հազար սասունցի գյուղացիների հասցրել է Մուշի գյուղերը՝ փրկելով կոտորածներից։ Անդրանիկն ու Գևորգը նահանջել են դեպի Վան, որտեղից Անդրանիկն անցել է Պարսկաստան։ Թուրքերը, խուժելով Սասուն, ավերել են 42 գյուղ, սրի քաշել 7-8 հազար մարդու։

Թեև Սասունի 1904-ի ապստամբությունը ողբերական ավարտ ունեցավ, սակայն հետագա սերունդների համար ծառայեց որպես ազատագր. պայքարի վառ օրինակ։


Ռուսաստանյան առաջին հեղափոխության շրջան. 1905-07։
Հայ-թաթարական ընդհարումները 1905-06 թվականներին

1905-ի հունվ. 9-ին Ս. Պետերբուրգի բանվորների (ավելի քան 140 հազար) խաղաղ երթի գնդակահարությամբ («արյունոտ կիրակի») սկսվել է Ռուսաստանում առաջին բուրժուադեմոկրատ. հեղափոխությունը, որի արձագանքները հասել են նաև Անդրկովկաս՝ Թիֆլիս, Բաքու և այլուր։ Հեղափոխության նպատակը ցարիզմը տապալելն էր և երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելը։

1905-ի մարտին Ալավերդու հանքարդ. շրջանում բռնկված ընդհանուր գործադուլին մասնակցել է շուրջ 1000 մարդ։ Տնտեսական զիջումներ կորզելուց հետո միայն բանվորներն անցել են աշխատանքի։ Ապրիլին Անդրկովկասյան երկաթուղում սկսված գործադուլին մասնակցել են նաև բազմաթիվ հայ բանվորներ։ Հեղափոխական շարժումն ընդգրկել է նաև գյուղացիությանը։ Հատկապես ուժեղ էր լոռեցիների ըմբոստությունը կալվածատեր Բարաթովների դեմ։

1905-ի մարտ-ապրիլին հայ ազատամիտ մտավորականությունն ու գործարար շրջանները Կովկասի փոխարքային և Ռուսաստանի Նախարարների խորհրդին ներկայացրել են 2 հանրագիր՝ պահանջելով Սահմանադիր ժողովի գումարում, խոսքի և մամուլի ազատություն, 8-ժամյա աշխատանքային օր, հողի ազգայնացում, բարեգործ․ հիմնարկների վերաբացում և այլն։ Հայերի ակտիվ մասնակցությունը հեղափոխությանը ստիպել է Նիկոլայ II-ին Կովկասի հայատյաց կառավարչապետ Գրիգորի Գոլիցինի փոխարեն Կովկասի փոխարքա նշանակել Իլարիոն Վորոնցով-Դաշկովին և 1905-ի օգոստ. 1-ին վերացնել 1903-ի