Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռևս 1912-ին Թուրքիայի գլխ. շտաբում մշակվել է Ռուսաստանի դեմ պատերազմի դեպքում Արլ․ Հայաստանի հայության ոչնչացման և այն Թուրքիային բռնակցելու ծրագիրը։ Դրա համար նպաստավոր իրավիճակ է ստեղծվել, երբ ռուս․ զոքերը 1917-ի վերջերից լքել են Կովկասյան ճակատը. 720-կմ-անոց ռազմաճակատը պաշտպանում էին հայկ․ փոքրաթիվ զորամասերը։ 1918-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրք․ զորքերը հայերի կոտորածները շարունակել են Արլ․ Հայաստանում ու Ադրբեջանում։ Սեպտ. 15-ին, երբ անգլ. ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն և ադրբ. ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի։

1918-20-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում։ 1919-ի հունիսի 5-ի գիշերը քաղաքում և շրջակա գյուղերում սրի է քաշվել ավելի քան 500 հայ։ 1920-ի մարտի 23-ին թուրք-մուսավաթ. ավազակախմբերը կոտորել են ավելի քան 30 հզ. մարդու, հրդեհել քաղաքի հայկ. մասը։ 1920-ի թուրք-հայկ. պատերազմի (սեպտ. 28-նոյեմբ. 18) ընթացքում թուրք․ զորքերը Ալեքսանդրապոլում և գավառի գյուղերում գազանաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը։ 1915-16-ի եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբ․ երկրներում, Օսմ․ կայսրության պարտությունից (Մուդրոսի զինադադար, 1918-ի հոկտ. 30) հետո վերադարձել են իրենց բնակության վայրերը։ Ըստ դաշնակիցների գաղտնի՝ Սայքս-Պիկոյի համաձայնության (1916)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության գոտի։ 1919-ին Կիլիկիայում հայերի թիվը 120-130 հզ. էր, 1920-ին հասել էր 160 հազարի։ Այդտեղ տեղաբաշխված ֆրանս. զորքերի հրամանատարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը։ 1920-ի հունվ-ին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 12 հազար հայ, մնացածները հեռացել են Սիրիա։ Թուրքերը շուտով պաշարել են Հաճնը։ Տեղի 6 հզ. հայերը 7 ամիս համառորեն դիմադրել են, բայց հոկտ-ին թշնամուն հաջողվել է գրավել քաղաքը։ 1920-ի սկզբին Հալեպ են հասել Ուրֆայի հայության խլյակները՝ մոտ 6 հզ. մարդ։ 1920-ի ապրիլի 1-ին քեմալ. զորքերը պաշարել են Այնթապը։ Շնորհիվ 15-օրյա հերոս․ պաշտպանության՝ այնթապցիները խուսափել են կոտորածից։ Բայց երբ ֆրանս. զորքերը թողել են Կիլիկիան, 1921-ի վերջին Այնթապի հայերն ստիպված անցել են Սիրիա։ 1920-ին քեմալականները ոչնչացրել են Զեյթունում մնացած հայերին։ Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919-22-ի հույն-թուրք. պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արմ. շրջաններում։ 1921-ի օգոստ-սեպտ-ին թուրքերը, բեկում մտցնելով պատերազմի մեջ, ընդհանուր հարձակման են անցել հուն․ զորքերի դեմ։ 1922-ի սեպտ-ին նրանք մտել են Ջմյուռնիա և կազմակերպել հայերի ու հույների ջարդը, Ջմյուռնիայի նավահանգստում խորտակել են հայ և հույն փախստականներով լեցուն, ինչպես նաև փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը։ Թուրք․ իշխանությունների իրականացրած ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը։ Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ։ Արմ․ Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից։ Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են ճորոխ գետի ավազանում։ Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլազգի քրիստոնյա բնակչությունը։ Կողոպտվել և ավերվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան։ Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանս. ֆրանկի կամ 6 մլրդ գերմ. մարկի վնաս։ Թուրք, կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլն մարկ (ոսկի)։ Յուրացվել են նաև օսմ․ բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական և անշարժ գույքը։ Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաև