Էջ:Armenia Encyclopedia.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՆՈՐԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆ. 1918-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Անկախության հռչակումը։ Պետական կարգը:

1918-ի գարնան վերջին առաջացած ազգ-տարածքային վեճերի, քաղաքական իրարամերժ կողմնորոշումների, միջկուս․ հակամարտությունների պատճառով Անդրկովկասի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունը հայտնվել էր քաղաքական խոր ճգնաժամում։ Չկար միասնություն պատերազմի և խաղաղության հարցում, հայերը, մասամբ նաև վրացիները, փորձում էին կասեցնել թուրք․ զորքերի առաջխաղացումը, իսկ ադրբեջանցիները հրաժարվում էին կռվել Թուրքիայի դեմ։ 1918-ի մայիսի 26-ի կեսօրին գումարված Անդրկովկասի Սեյմի վերջին նիստը որոշել է կազմալուծել Անդրկովկասի դաշնությունը և վայր է դրել լիազորությունները։ Նույն օրը ժամը 5-ին Վրաց ազգային խորհուրդը, Նոյ Ժորդանիայի նախագահությամբ, Վրաստանը հռչակել է անկախ պետություն։ Մայիսի 27-ին մահմեդականների ազգային խորհուրդը հայտարարել է «Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետության» անկախության մասին, որը հենց այդ ժամանակ թուրքերն առաջին անգամ անվանել են «Ադրբեջան»։ Մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Արամյանցի տանը, բուռն քննարկումներից հետո Հայոց ազգային խորհուրդը (ՀԱԽ) վճռել է հռչակել Հայաստանի անկախությունը։ Միաժամանակ որոշվել է Բաթումի բանակցություններում ընդունել թուրքերի վերջնագիրը և «յանուն անկախ Հայաստանի» հաշտություն կնքել։ Նորակազմ պատվիրակությունը Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ նույն օրը երեկոյան մեկնել է Բաթում, որովհետև մայիսի 29-ին լրանում էր վերջնագրի եռօրյա ժամկետը։ 1918-ի մայիսի 31-ին մամուլում հրապարակվել է Նիկոլ Աղբալյանի մշակած անկախության հռչակագիրը, որտեղ ասվում էր. «...Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»։ 1918-ի մայիսի 30-ին Բաթումում սկսված հայ-թուրք. անջատ բանակցություններն ընթացել են հայերի համար խիստ անբարենպաստ պայմաններում։ Հունիսի 4-ին ստորագրվել է հաշտության պայմանագիր. Առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում ավարտվել է թուրք-հայկական պատերազմը։ Ի դեպ՝ Կովկասյան ճակատի թուրք․ զորքերի գլխավոր հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան, որը հասել էր մինչև Ղարաքիլիսա, հայերի՝ որպես լավ կռվողների վերաբերյալ ասել է. «...Նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»։ Բաթումի պայմանագրով՝ Թուրքիային են անցել Կարսը, Կաղզվանը, Արդահանը, Ախալքալաքը, Սուրմալուն, Նախիջևանը, ինչպես նաև Ալեքսանդրապոլ քաղաքը և Ալեքսանդրապոլի ու Էջմիածնի գավառների 3/4-ը, Երևանի գավառի կեսը և Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-ը։ Հայաստանի Հանրապետությանը մնացել էր ընդամենը 12 հազար կմ2 տարածք, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը։ Կ. Պոլսում Գերմանիայի դեսպան Բրենսդորֆի պատկերավոր արտահայտությամբ՝ «թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու, չորանալու համար տեղ չտվեցին»։ Պայմանագիրը նվաստացուցիչ էր հայ ժողովրդի ու նրա նորաստեղծ պետականության