Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար։ Մյուս կողմից՝ դա անկախ Հայաստանի Հանրապետության (ՀՀ) առաջին միջազգային փաստաթուղթն էր, որով Թուրքիան առաջինն է պաշտոնապես ճանաչել Հայաստանի անկախությունը։ Հայաստանը դարձել է անկախ (ինքնիշխան) պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ։ Վերականգնվել է 543 տարի առաջ կորսված հայոց անկախ պետականությունը։ Այդուհանդերձ, Բաթումի պայմանագիրը միանշանակ չեն ընդունել հայ գործիչներն ու հաս-քաղաքական ուժերը։ Այն իր ուժը պահպանել է մինչև Առաջին համաշխ. պատերազմի ավարտը՝ 1918-ի նոյեմբ.։ Առաջնահերթ խնդիր էր իշխանության մարմինների ձևավորումը։ Մինչ ՀԱԽ-ն ու կառավարությունը (ոչ լիակազմ) Թիֆլիսից կժամանեին (1918-ի հուլիսի 19) մայրաքաղաք Երևան, տեղում Արամ Մանուկյանի ջանքերով ստեղծվել էր գործադիր մարմին, որը կոչվել է ժամանակավոր վարչություն կամ վարիչների մարմին։ Ա. Մանուկյանը վարել է Երևանի նահանգային վարչության նախագահի և զինվորական գործերի վարիչի պաշտոնը։ 1918-ի հուլիսի 24-ին ՀԱԽ-ը հրապարակել է բարձրագույն գործադիր իշխանության կազմը՝ Հովհաննես Քաջազնունի՝ Կառավարության նախագահ (վարչապետ), Արամ Մանուկյան (ՆԳ նախարար), Ալեքսանդր Խատիսյան (ԱԳ նախարար), Խաչատուր Կարճիկյան (ֆինանսների նախարար), Հովհաննես Հախվերդյան (զինվորական նախարար), Գրիգոր Տեր-Պետրոսյան (արդարադատության նախարար)։ Բացի վերջին երկուսից՝ մյուսները դաշնակցականներ էին։ Կարճ ժամանակահատվածում ստեղծվել է նաև բարձրագույն օրենսդիր իշխանություն։ Ժամանակի սղության պատճառով տարբեր քաղաքական ուժեր բանակցությունների ու փոխզիջումների միջոցով որոշում են ընդունել առանց ընտրությունների կազմել ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմին՝ Հայաստանի խորհուրդ (ՀԽ), որի կազմում 18 պատգամավոր ներկայացրել է դաշնակցություն, 6-ը՝ հայ ժողովրդական, 6-ը՝ սոցիալ-դեմոկրատ., 6-ը՝ սոցիալիստ-հեղափոխականների կուս-ը, իսկ 2 պատգամավոր եղել են անկուսակցական։ Խորհրդարանի պատգամավոր են դարձել նաև հանրապետության ազգ․ փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 6 թուրք, 1 ռուս և 1 եզդի։ 46 պատգամավորից 38-ը հայ էին։ 1918-ի օգոստ. 1-ին Երևանում ՀԽ-ն գումարել է առաջին նիստը և ընտրել նախագահ [Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ, ՀՅԴ) և փոխնախագահներ (Գրիգոր Տեր-Խաչատրյան, Հայ ժողովրդական կուս․, Դավիթ Զուբյան, սոցիալիստ-հեղափոխական կուս․]։ Իր գործունեությունը կազմակերպելու համար ՀԽ-ն կազմել է 14 հանձնաժողով։ 1918-ի նոյեմբ. 4-ին Հ. Քաջազնունու նախագահությամբ կազմվել է կոալիցիոն (միջկուս․) կառավարություն՝ բաղկացած 4 դաշնակցական, 4 հայ ժող․ և 1 անկուսակցական նախարարներից։

1919-ի մարտի 31-ին ՀԽ-ն ընդունել է ընտրությունների մասին օրենք։ Ընտրություններին մասնակցելու իրավունք են ստացել 20 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ արևմտահայ գաղթականությունը։ Ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 21-23-ը, որին նախապես ցուցակագրված 366 հազար ընտրողներից մասնակցել են 260 հազարը (շուրջ 70 %)։ Նորընտիր խորհրդարանի 80 պատգամավորից 72-ը դաշնակցականներ էին, 4-ը՝ սոցիալիստ-հեղափոխականներ, 3-ը՝ թուրքեր, 1-ը՝ անկուսակցական։ 1919-ի օգոստ. 1-ին գումարվել է նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստը, որի նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը, փոխնախագահներ՝ Լևոն Շանթը և Սարգիս Արարատյանը, ընտրվել է նաև 12 հանձնաժողով։ Կազմվել է նոր կառավարություն՝ Ալեքսանդր Խատիսյանի նախագահությամբ, որը երկիրը ղեկավարել է մինչև 1920-ի մայիսի 5-ը։ Նույն օրը կազմվել է նոր կառավարություն՝ ՀՅԴ կուս-յան բյուրոյի անդամներից՝ Համազասպ (Համո) Օհանջանյանի նախագահությամբ։