Բյուրո-կառավարությունը գործել է մինչև 1920-ի նոյեմբ. 23-ը։ Հաջորդ օրը կազմվել է հանրապետության վերջին կառավարությունը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ։
ՀՀ-ն ժամանակավորապես (որոշ փոփոխություներով ու լրացումներով) ղեկավարվել է հիմնականում Ռուս․ կայսրության «Հավաք օրինաց»-ով։ Հետագայում երկիրը կառավարվել է խորհրդարանի ընդունած որոշումներով և օրենքներով։
Որոշակի աշխատանք է կատարվել արդարադատության, դատական իշխանության համակարգի վերակառուցման ուղղությամբ։ 1918-ի դեկտ. 6-ին օրենք է ընդունվել երդվյալ ատենակալների դատարան հիմնելու վերաբերյալ։ Բարձրագույն դատական մարմիններն էին դատաստանական ատյանը՝ քաղաքաց. ու քրեական դեպարտամենտներով, և Սենատը, որը բաղկացած էր 2 վճռաբեկ դեպարտամենտներից՝ քաղաքաց. ու քրեական գործերը վերաքննելու համար։
1919-ի դեկտ. 26-ին ընդունվել է պետական լեզվի մասին օրենքը։ Հայերենը ճանաչվել է որպես պետական լեզու։
ՀՀ խորհրդարանի ընդունած կարևոր ակտերից էր անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, «Միացյալ և Անկախ Հայաստանի» մասին հայտարարությունը, որով կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը, և Հայաստանը հռչակվում էր միասնական պետություն։ Այս որոշումը վտանգավոր համարելով՝ հայ ժողովրդական կուս-յան 4 նախարար դուրս է եկել կառավարության կազմից։
Խորհրդարանը 1920-ին ընդունել է նաև ՀՀ պետական խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և օրհներգը, որոնք հետագայում դարձել են նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետական խորհրդանիշներ։
1919-ի հունվ. 17-ին ընդունվել է օրենք տոների մասին։ Սահմանվել են հետևյալ ազգային և պետական տոները՝ Նոր տարի, Սբ Ծնունդ և Մկրտություն, Մեռելոց, Տյառնընդառաջ, Վարդանանց ու Բարեկենդանի շաբաթ, Լուսավորչի մուտն ի Վիրապ, Զատկի երկուշաբթի և երեքշաբթի, Համբարձման ու Թարգմանչաց։
1919-ի ամռանն ստեղծվել են գավառային և քաղաքային ինքնավարություններ (զեմստվոներ)։ Կառավարության կողմից վերահսկվող տարածքը բաժանվել է 13 գավառի։ 1920-ի ամռանը ՀՀ տարածքը բաժանվել է 4 նահանգի՝ Արարատյան, Շիրակի, Վանանդի և Սյունիքի, որոնք էլ իրենց հերթին բաժանվել են գավառների։
Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում առավել կարևոր էր զինված ուժերի վերակազմավորումը և ազգային բանակի ստեղծումը։ 1917-ի վերջին և 1918-ի սկզբին կազմավորված հայկական առանձին բանակային կորպուսն արմատապես վերակառուցվել է. 1918-ի սեպտ-ին այն լուծարվել է, և կազմավորվել է դիվիզիա՝ գեն. Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ։ 1919-ի ապրիլի 25-ին ստեղծվել է զինվորական խորհուրդ՝ գեն. Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, որն ստանձնել է նաև բանակի սպարապետությունը։
1919-ին հայկ․ բանակը վերակառուցվել է զորքերի կառավարման համար ավելի հարմար միավորների՝ բրիգադների և գնդերի։ Հուլիսին ՀՀ զինված ուժերը բաղկացած էին 2-ական գունդ ունեցող 3 հետևակային բրիգադներից, դեռևս ձևավորվող 2 հեծյալ գնդերից, տեղական նշանակության և առանձին զորամասերից, հրետանային մարտկոցներից և 1 զրահագնացքից։ Զորքի քանակը հասնում էր 18 հազարի։ Հայկական բանակում ծառայել են ավելի քան 400 այլազգի սպաներ (հիմնականում՝ ռուսախոս)։
Կարսում ստեղծվել է ռազմ․ օդանավակայան, որտեղ տեղակայվել են Ֆրանսիայից բերված առաջին օդանավերը։ 1920-ի սեպտ-ին Սևանա լճում ջրարկվել է «Աշոտ Երկաթ» ռազմանավը։
1919-ի մայիսի 26-ին ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանը, 1920-ի հունիսի 2-ին՝ «Սուրբ Վարդան Զորավար» ու «Մեծն Տրդատ» շքանշանները։