Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կապված շրջաններ, Վրաց. ՍԽՀ կազմի մեջ մտցնելու նպատակահարմարության մասին, իսկ Կովբյուրոյի հուլիսի 7-ի նիստով որոշվել է Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։

Միջազգ. վեհաժողովներում Հայկական հարցի արծարծման նախաձեռնողը Սփյուռքի հայկական շրջաններն էին՝ նախկին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Ավետիս Ահարոնյանի նախագահությամբ, և ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի, ապա՝ Գաբրիել Նորատունկյանի ղեկավարությամբ։ Մեծ տերությունների հրավիրած Լոնդոնի խորհրդաժողովում (1921-ի փետր-մարտ) Հայկական հարցը նենգափոխվել է. առաջարկվել է Թուրքիայի արլ. նահանգներում ստեղծել «Հայկական ազգային օջախ»։ Թուրք․ պատվիրակությունը չի ընդունել անգամ այդ առաջարկը։ Հաջորդ՝ Լոզանի (Շվեյցարիա) խորհրդաժողովում (1922-ի նոյեմբ.-1923-ի հուլիս) «Հայկական ազգային օջախի» խնդիրը վերջնականապես մերժվել է, և Ազգերի լիգայի քննարկմանն է ներկայացվել հայ գաղթականության հարցը։ Ապարդյուն քննարկումներից հետո Ֆրիտյոֆ Նանսենի առաջարկությամբ այդ հարցը 1929-ին հանվել է Ազգերի լիգայի օրակարգից։ Մինչ այդ Ֆ. Նանսենը մեծ ծավալի աշխատանք է կատարել հայ գաղթականության ներգաղթը Խորհրդային Հայաստան կազմակերպելու համար։ Բացի այդ՝ մոտ 320 հազար հայ գաղթականներ կարողացել են ստանալ անձը հաստատող փաստաթուղթ՝ «Նանսենյան անձնագիր»։ ՀՍԽՀ և ԽՍՀՄ Կառավարությունների ջանքերով 1921-36-ին կազմակերպվել է հայրենադարձություն, որի ընթացքում Խորհրդային Հայաստան է ներգաղթել 42 հազար հայ։

1921-ի դեկտ-ին և 1922-ի հունվ-ին Հայաստանում իշխանության նշանակովի մարմինները՝ հեղկոմները, փոխարինվել են իշխանության ընտրովի մարմիններով՝ խորհուրդներով։ Ընտրվել են գյուղ., շրջ., գավառային, քաղաքային խորհուրդներ։ 1922-ի հունվ. 30-ից մինչև փետր. 4-ը Երևանում տեղի է ունեցել բարձրագույն օրենսդիր իշխանության՝ Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը, որն ընդունել է երկրի սահմանադրությունը (առաջինը՝ Հայոց պետականության պատմության մեջ)։ Այն որոշ փոփոխություններով Խորհրդային Ռուսաստանի 1918-ի Սահմանադրության կրկնությունն էր. բաղկացած էր 5 մասից, 12 գլխից և 89 հոդվածից։ Վերջին հոդվածներով սահմանվել են հանրապետության նոր խորհրդանիշները՝ զինանշանը (հեղինակ՝ Մարտիրոս Սարյան) և պետական դրոշը։

1922-ի մարտի 12-ին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի Կենտգործկոմների լիազոր խորհրդաժողովը որոշել է կազմավորել Անդրկովկասյան Սոցիալիստ. Խորհրդային Հանրապետությունների Դաշնային Միություն (ԱՍԽՀԴՄ)։ 1922-ի դեկտ. 10-13-ը Բաքվում տեղի է ունեցել Անդրկովկասի խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍԽՀԴՄ-ն վերակազմավորել միասնական հանրապետության՝ Անդրկովկասյան Սոցիալիստ. Դաշնային Խորհրդային Հանրապետության։ 1922-ի դեկտ. 30-ին ԽՍՀՄ խորհուրդների 1-ին համագումարում 4 խորհրդային հանրապետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելոռուսիան և Անդրդաշնությունը, միավորվել են 1՝ ԽՍՀՄ պետության մեջ։ Համագումարը հաստատել է ԽՍՀՄ-ի կազմավորման մասին հռչակագիրը և պայմանագիրը։

1921-ի գարնանից Խորհրդային Ռուսաստանի օրինակով Հայաստանն անցել է նոր տնտեսական քաղաքականության (ռուս․ հապավումը՝ նէպ՝ նովայա էկոնոմիչեսկայա պոլիտիկա), որը փոխարինել է «ռազմական կոմունիզմին» և կիրառվել մինչև 1928-ը։ Մտցվել է պարենային հարկ, թույլատրվել են ապրանքադրամ. հարաբերություններ, շուկայի, սեփականության տարբեր ձևեր, օտարերկրյա կապիտալի մուտքը տնտեսության մեջ և այլն։ Նէպի շնորհիվ վերականգնվել են Հայաստանի գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Վերաշահագործվել են պղնձահանքերը, պղնձաձուլարանները, կառուցվել են ջրանցքներ և ջրէկներ։ Սկզբնական շրջանում երկրի տնտեսական կյանքում կարևոր դեր են կատարել Երևանի, Լենինականի (Ալեքսանդրապոլ), Ձորագետի, Քանաքեռի ջրէկները։

Խորհրդ. Հայաստանի տնտ. շին-ն իրականացրել են հանրապետության ժողովրդական տնտեսության խորհուրդը և ժողկոմխորհը։ Վերջինիս նախագահն էր (1922-1925) Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան, 1883-1937), որը տվյալ բնագավառում մեծ աշխատանք է կատարել, իսկ հետագայում պատասխանատու պաշտոններ է վարել Անդրդաշնության և Խորհրդային Միության ղեկավար մարմիններում։