գլխավորությամբ, ստեղծվել է «Սասունցի Դավիթ», իրանահայերի հանգանակած գումարով՝ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյունը։ Բացի այդ՝ ավելի քան 50 հազար սփյուռքահայ ֆաշիզմի դեմ մարտնչել է Հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) բանակներում, գործուն մասնակցություն ունեցել հակաֆաշիստ. Դիմադրության շարժմանը Եվրոպայում։ ԱՄՆ-ի բանակում կռվող 20 հազար հայից լեյտ. Երվանդ Դերվիշյանն արժանացել է ԱՄՆ-ի հերոսի՝ «Կոնգրեսի պատվո մեդալ» շքանշանի, որով պատերազմի տարիներին ԱՄՆ-ի բանակում պարգևատրվել է ընդամենը 87 մարդ։ Ամերիկյան ՌՕՈՒ-ի խիզախ օդաչուներից էին Չառլզ Տերտերյանը, Քըրք Քըրքորյանը (ՀՀ ազգային հերոս, 2004), Սեմ Պարսամյանը, Էնդրյու Կոշտոյանը (զոհվել է Անգլիայում), Ջերարդ Գևորգյանը, Ժիրայր, Հայկ և Արծվիկ Կատարյան եղբայրները և ուրիշներ։ ԱՄՆ-ի բանակի գեն-ներ են դարձել Ջորջ Մարտիկյանը և Հայկ Շեքերջյանը, Սիրիայի բանակի գեն-լեյտ.՝ Արամ Կարամանուկյանը, Բուլղարիայի բանակի գեն.՝ Գաբրիել Գաբրիելյանը։ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի բանակներում կար շուրջ 30 հազար հայ, որոնց զգալի մասը զորակոչվել էր Եգիպտոսից, Սիրիայից, Լիբանանից և այլ երկրներից։ Իր սխրանքով Ֆրանսիայում հռչակվել է բանաստեղծ Միսաք Մանուշյանը՝ հետմահու արժանանալով Ֆրանսիայի Դիմադրության շարժման հերոսի կոչման։ Մանուշյանի խմբին մեծապես օգնել է Շառլ Ազնավուրի ընտանիքը (ծնողները՝ Մամիկոն, Քնար Ազնավուրյանները, և ուր․)։ Ավելի քան 300 հայորդի ընկել է Հունաստանի դիմադրության պայքարում։ Թեսալիայի Տրիկիլա քաղաքի շրջանում գործող պարտիզան․ ջոկատում պատասխանատու աշխատող էր Սիմոն Կրկյաշարյանը (հետագայում՝ ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ, պատմաբան, թարգմանիչ)։ Բուլղարիայում հայտնի էր հերոսուհի պարտիզան Սաշկայի (Հերմինե Ռազգրադլյան) անունը, որին ֆաշիստները տանջամահ են արել։ Ուկրաինական 3-րդ ռազմաճակատում կռվող բուլղ. բանակների շարքերում կար ավելի քան 1000 բուլղարահայ։
Գերմ. հրամանատարությունը խորհրդային ռազմագերիներից կազմակերպել է ազգային լեգեոններ։ Հայկական լեգեոնի ստեղծմանը մասնակցել են ՀՅԴ ղեկ-ներ Արտաշես Աբեղյանը, Դրաստամատ Կանայանը (Դրո), Գարեգին Նժդեհը և ուրիշներ։ Հրամանատար է նշանակվել ռազմագերի, խորհրդային բանակի մայոր Վարդան Սարգսյանը, որին գերմանացիները շնորհել են գեն-մայորի կոչում։ Վերջիններս հայկական լեգեոնի (8-9 հազար մարդ, 10 գումարտակ) միջոցով ձգտել են ֆաշիստ․ հնարավոր ճնշումներից պաշտպանել հայ ժողովրդին, եթե պատերազմն ավարտվեր Գերմանիայի հաղթանակով։
Ավելի քան 30 հազար հայ ռազմիկ մասնակցել է Խորհրդա-ճապոն. պատերազմին (9 օգոստ-2 սեպտ., 1945)՝ Հեռավոր Արևելքում։ Նրանց թվում էր Անդրբայկալյան ռազմաճակատի 12-րդ օդային բանակի հրամանատար ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Հեռավորարևելյան 2-րդ ռազմաճակատի հրետանու հրամանատար գեն-լեյտ. Միքայել Պարսեղովը, գեն-մայորներ Անդրանիկ Ղազարյանը, Տիմոֆեյ Դեդօղլյանը (Դեդօղլու), դիվիզիայի հրամանատար գնդապետ Կոստանդին Լազարյանը (Լազարև) և ուրիշներ։ Աչքի է ընկել 352-րդ զենիթահրետանային կանանց հատուկ գունդը, որտեղ մարտնչել է կոմերիտմիության ուղեգրով ռազմաճակատ մեկնած 504 հայուհի։
Հայրեն․ մեծ պատերազմի հաղթանակում մեծ ավանդ ունեն նաև թիկունքի աշխատողները, որոնց նշանաբանն էր՝ «Ամեն ինչ ռազմաճակատի, ամեն ինչ հաղթանակի համար»։ Բանվորների, գյուղացիների ու մտավորականների մեծ մասը զորակոչվել է բանակ, իսկ աշխատանքային ճակատում նրանց փոխարինել են կանայք, տարեցները, երեխաներն ու հաշմանդամները, որոնք, շնորհիվ