իրենց հերոս․ աշխատանքի, կատարել են ռազմաճակատի բոլոր պատվերները։ 1941-45-ին ՀԽՍՀ-ում շահագործման են հանձնվել 30 արդյունաբերական նոր ձեռնարկություններ ու 110 արտադրամասեր, յուրացվել 300 նոր արտադրատեսակների (ականանետներ, նռնակներ, ինքնաթիռներ, 10 տեսակի զինամթերք և այլն) արտադրություն։ Երևանում շարք են մտել ժամացույցի, կոմպրեսորների, «Հայէլեկտրո», ավտոպահեստամասերի, շարժիչավերանորոգման, ավտոդողերի, էլեկտրաշարժիչների, սոսնձի, Ալավերդիում՝ քիմիական, Անիպեմզայում՝ ցեմենտի, Համամլուում (Սպիտակ)՝ շաքարի, Հոկտեմբերյանում (Արմավիր)՝ պահածոների, Աշտարակում՝ «Խերես» գինու, Արզնիում՝ ապակե տարաների, Ջերմուկում՝ հանք․ ջրերի գործարանները, Երևանում՝ մետաքսե գործվածքների, մանվածքային, սայլաշին., թամբագործ., մահուդի, պարկերի ու տարաների, Լենինականում՝ ներկարար. ու դրվագման, Կիրովականում՝ մորթու-մուշտակի, կտորեղենի, Ստեփանավանում՝ գուլպա-տրիկոտաժի, գյուղատնտեսական գործիքների ֆաբրիկաները, շահագործման են հանձնվել Ջաջուռի քարածխի, Ստեփանավանի, Կալինինոյի, Ամասիայի, Սևանի, Բասարգեչարի (Վարդենիս) տորֆի հանքերը, վերսկսվել են Քանաքեռի ալյումինի գործարանի, Սևան-Հրազդան կասկադի, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շին-յան աշխատանքները։
Հրատապ է դարձել ռազմաճակատին ու բնակչությանը պարենամթերքով, իսկ արդ-ը՝ հումքով ապահովելը։ Կոլտնտեսությունների և խորհրդային տնտեսությունների ջանքերի շնորհիվ ոչ միայն չեն կրճատվել գյուղատնտեսական մթերքների արտադրությունն ու ցանքատարածությունները, այլև զգալի չափով ավելացել են։ Եթե 1940-ին հացահատիկի ցանքատարածությունները կազմել են 443,7 հազար հա, ապա 1945-ին՝ 460,7 հազար հա, ծխախոտինը 5 հազար հա-ից հասել է 8 հազարի, շաքարի ճակնդեղինն ավելացել է 1000, խաղողի այգիներինը՝ 3 հազար, պտղատու այգիներինը՝ 5 հազար հա-ով։ 1941-ի համեմատությամբ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 1945-ին ավելացել է 11.200-ով և հասել 360 հազարի։
1943-ի նոյեմբ. 29-ին ՀԽՍՀ ԳԱ-ի բացումը (1-ին նախագահ՝ Հովսեփ Օրբելի) ոչ միայն կարևոր դեր է խաղացել հանրապետությունում գիտության զարգացման մեջ, այլև մեծ չափով նպաստել է ռազմ․ արդյան ծավալմանը, գիտության նվաճումները ռազմ․ նպատակով օգտագործելուն։
1941-45 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել է 1152 դպրոց (10.307 ուսուցիչ, 278.500 աշակերտ)։ 1944-45 ուսումնական տարում կար 1164 դպրոց (12.140 ուսուցիչ, 250 հազար աշակերտ)։ 1941-ին ՀԽՍՀ-ում կար 9 բուհ, իսկ 1952-ին՝ 12։
1941-45-ին Խորհրդային Հայաստանում գործել են 50-ից ավելի էվակոհոսպիտալներ, որտեղ բուժվել են 150 հզ. վիրավոր ու հիվանդ զինվորներ։ Նրանցից 105 հզ-ը բուժվելուց հետո վերադարձել են գործող բանակ։ Հայրեն․ մեծ պատերազմի տարիներին ստեղծված իրավիճակն զգալիորեն նպաստել է եկեղեցու նկատմամբ խորհրդային իշխանության քաղաքականության մեղմացմանը։ Խորեն Ա Մուրադբեկյանի սպանությունից (1938) հետո իշխանություններն արգելել էին նոր կաթողիկոսի ընտրությունը, սակայն 1945-ի ապրիլի 19-ին Ի. Ստալինն ընդունել է կաթողիկոսի տեղապահ Գևորգ արք. Չորեքչյանին։ Հունիսի 16-ին Սբ Էջմիածնի վանքում գումարվել է ազգ-եկեղեց. ժողով։ ԽՍՀՄ-ից և աշխարհի 15 երկրից ժամանած 111 պատգամավոր վերջինիս ընտրել է Ամենայն հայոց կաթողիկոս (Գևորգ Զ Չորեքչյան, 1945-54)։
Եվրոպայում պատերազմի ավարտից հետո Պոտսդամի (Բեռլինի մոտ) խորհրդաժողովում (1945-ի հուլիսի 17-օգոստ. 2) խորհրդային պատվիրակությունը բարձրացրել է Կարսը և Արդահանը վերադարձնելու հարցը։ Սակայն դաշնակից երկրները (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) հանդես են եկել Թուրքիայի պաշտպանությամբ։