նախաձեռնությամբ կազմակերպել են բանավեճեր փիլիսոփայության, պատմության, կենսաբանության, ֆիզիոլոգիայի, լեզվաբանության, քաղաքատնտեսության հիմնահարցերի շուրջ, որոնք առիթ են ծառայել մեծանուն, բայց գաղ․ տեսակետից կուս-յանն անցանկալի մասնագետների հետ հաշվեհարդար տեսնելու համար։ ՀԽՍՀ ԳԱ-ն և ԵՊՀ-ն (համամիութ․ բանավեճերի օրինակով) ճանաչված շատ գիտնակնների (ակադ-ներ Հրաչյա Աճառյան, Գրիգոր Ղափանցյան, Աշոտ Հովհաննիսյան, Մկրտիչ Ներսիսյան, Արմեն Թախտաջյան, Աբգար Հովհաննիսյան, դ-ր, պրոֆ-ներ Վահան Ռշտունի, Վարդան Պարսամյան, Ավետիք Տեր-Պողոսյան և ուր․) անհարկի մեղադրել են դասակարգային մոտեցում չունենալու, այսպես կոչված «միասնական հոսանքի», օտարամոլության, «ֆորմալիզմի» և այլ արատների համար։
1949-ի հունիսի 11-ին ՀՀԿ ԿԿ-ն գաղտնի խորհրդակցությունում կուս․ և ՊԱԿ-ի պատասխանատու աշխատողներին հաղորդել է ԽՍՀՄ Կառավարության որոշումը հանրապետության «անբարեհույս տարրերին» Ալթայի երկրամաս (Ռուսաստան) աքսորելու մասին։ Ցուցակներում ընդգրկվել են 1930-ական թթ-ին բռնադատվածների հարազատներ ու բարեկամներ, նախկին դաշնակցականներ, ռազմագերիներ և 1946-48-ի հայրենադարձների որոշ մասը։ ՀԽՍՀ-ից հունիսի 14-ին աքսորվել է 2754 ընտանիք (12.316 մարդ)։ Հայ ընտանիքներ են աքսորվել նաև միութ․ այլ հանրապետություններից՝ մասնավորապես Վրաստանից և Սև ծովի առափնյա շրջաններից։
Ի. Ստալինի մահից և Լ. Բերիայի մերկացումից ու գնդակահարումից (1953-ի դեկտ.) հետո վերանայվել են նաև 1949-ի աքսորյալների գործերը, ողջ մնացածները վերադարձել են հայրենի տուն:
Ստալինյան բռնատիրությանը հաջորդել են խրուշչովյան ժամանակաշրջանի (1953-64) «ձնհալը» և բարեփոխումները: ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար (1958-ից՝ նաև ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ) Նիկիտա Խրուշչովի նախաձեռնությամբ 1956-ին գումարված ԽՄԿԿ 20-րդ համագումարը դատապարտել է անհատի՝ Ստալինի պաշտամունքը: Նույն թվականի հունիսի 30-ին ԽՄԿԿ ԿԿ-ն ընդունել է «Անհատի պաշտամունքը և նրա հետևանքները» հաղթահարելու մասին որոշումը: 1950-ական թթ-ին արդարացվել են հարյուրհազարավոր անմեղ քաղաքացիներ (քչերն էին ողջ մնացել), վերականգնվել են շատերի ազնիվ անունն ու բարի հիշատակը: Բարեփոխումները նպաստել են տնտեսության, գիտության և մշակույթի զարգացմանը: Հաս-քաղ. կյանքում տեղի են ունեցել քաղ. որոշ մեղմացումներ, ժողովրդավարության արմատավորման դրսևորումներ: Սակայն Ն. Խրուշչովին բնորոշ են եղել նաև կամայական, անիրական, չհիմնավորված որոշումներ ընդունելն ու միջոցառումներ կազմակերպելը (20 տարում կոմունիզմ կառուցելու մասին անիրատես. ծրագրի ընդունումն ու քարոզչությունը ևն):
1964-ի հոկտ-ին ԽՍՀՄ-ում հաստատվել է պահպանողականների տիրապետությունը: ԽՄԿԿ ԿԿ առաջին (հետո կոչվել է գլխ.) քարտուղար է ընտրվել Լեոնիդ Բրեժնևը (1977-82-ին՝ նաև ԽՍՀՄ ԳԽ Նախագահության նախագահ): Հիմնականում ստալինյան դարաշրջանում ձևավորված կուս-տնտ. վերնախավը չէր ցանկանում ձերբազատվել անցյալի ժառանգությունից: Աստիճանաբար վերացվել են նշմարվող ազատությունները, կրկին ամրապնդվել է վարչահրամայական համակարգը (թեկուզև ոչ առաջվա խստությամբ), երկիրը թևակոխել է տեղատվության և լճացման փուլ: Մեծ աշխատանք է կատարվել Լ. Բրեժնևի պաշտամունք ստեղծելու ուղղությամբ:
1960-80-ական թթ-ին ԽՍՀՄ-ին բնորոշ ուռճացած վարչահրամայական համակարգի առկայությունն ավելի ընդգծված էր Հայաստանում: 1980-ական թթ-ին ՀԽՍՀ-ում գոյություն են ունեցել ավելի մեծ թվով նախարարություններ ու գերատեսչություններ, քան ՌԽՖՍՀ-ում:
1960-66-ին ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յակով Զարոբյանը ժողովրդի և