Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգային շահերին նվիրված կուս-պետական գործիչներից էր։ Նրա նախաձեռնությամբ Երևանում սկսվել է 1915-ի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի շին-ը, որից հետո նրան ազատել են պաշտոնից։

Օգտվելով խրուշչովյան հարաբեր․ ազատություններից՝ հայ ժողովուրդը փորձել է արտահայտել իր ազգային իղձերը։ 1965-ի ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 50-րդ տարելիցի կապակցությամբ Երևանում կազմակերպվել է համազգային ցույց, որը ԽՍՀՄ-ի պատմության մեջ առաջին զանգվածային ելույթն էր։ Ցուցարարներն իշխանություններից պահանջել են պաշտոնապես դատապարտել Հայոց ցեղասպանությունը, հասնել նրա միջազգային ճանաչմանը, պաշտպանել հայ ժողովրդի պատմ. իրավունքները։ Այս պահանջները ներկայացնելու նպատակով ցուցարարների ներկայացուցիչները երեկոյան փորձել են մտնել Երևանի օպերայի և բալետի պետական ակադ. թատրոնի շենքը, որտեղ առաջին անգամ պետական մակարդակով նշվում էր Մեծ եղեռնի տարելիցը։ Սակայն կենտրոնական իշխանությունների հրահանգով ուժային մարմինները ցրել են ցույցը, իսկ կազմակերպիչները պատժվել են, մի քանիսը՝ ձերբակալվել ու դատապարտվել։

1960-ական թթ-ին Հայաստանում ստեղծվել են ընդհատակյա կազմակերպություններ (ազգային միացյալ կուս․, Հայ հայրենասերների միություն և այլն), որոնք, հանդես գալով տիրապետող իրավակարգի դեմ, նպատակադրվել են հասնել Հայ դատի և պահանջատիրության միջազգային ճանաչմանը, Արցախը մայր Հայաստանին վերամիավորելուն, ժողովրդավարության հաստատմանը, անկախ պետականության վերականգնմանը։

1960-70-ական թթ-ին քաղաքական այլախոհության ու հակախորհրդային գործունեության համար ՀԽՍՀ-ում դատապարտվել է ավելի քան 70 մարդ։ Այդուհանդերձ, հանրապետության ղեկավարությունը հարկադրված իրականացրել է որոշ ազգանպաստ քայլեր։ 1967-ին Երևանում ավարտվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցումը։ 1968-ին նշվել է Մայիսյան հերոսամարտերի (1918) 50-ամյակը։ Ի նշանավորումն տարելիցի՝ Սարդարապատում կառուցվել է հուշարձան-համալիր, ստեղծվել է նաև ազգագրության թանգարան։

Սակայն հետագայում վարչակարգը կասեցրել է ազգային շարժման այդ վերելքը։ Ինչպես ողջ խորհրդային կայսրությունում, այնպես էլ ՀԽՍՀ-ում հասունանում էր սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամը։

1985-ի մարտին ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել Միխայիլ Գորբաչովը (1990-91-ին՝ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահը)՝ «վերակառուցում» կոչված քաղաքականության «ճարտարապետը»։ Այդ քաղաքականությունն ընդունվել է ԽՄԿԿ ԿԿ ապրիլյան պլենումում (1985) և հաստատվել կուս-յան 27-րդ համագումարի (1986) որոշումներով։ Խնդիր է դրվել վերափոխությունների միջոցով արագացնել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը, կատարել քաղաքական համակարգի բարեփոխում։ «Վերակառուցման» ընձեռած բացախոսության և հրապարակայնության պայմաններում գլուխ է բարձրացրել տասնամյակներ կոծկված ազգային հարցը, որն էլ դարձել է խորհրդային կայսրության փլուզման գլխավոր պատճառներից։ ԼՂԻՄ-ի հայությունը վերստին օրակարգ է մտցրել 1921-ից սկիզբ առած Խորհրդային Հայաստանին վերամիավորվելու հիմնախնդիրը։ Սկսվել է հայ ժողովրդի ազգ-ագատագր. պայքարի նոր փուլը՝ Արցախյան շարժումը։ 1988-ի փետր. 20-ին ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության, դիմել է Ադրբ. ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-Ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար։ ՀԽՍՀ-ում սկսվել են արցախահայության հետ համերաշխության ելույթներ և ԽՍՀՄ-ում աննախադեպ՝ հարյուրհազարանոց հանրահավաքներ ու ցույցեր։ Սակայն ի սկզբանե Կենտրոնի դիրքորոշումը Արցախյան շարժման նկատմամբ բացասական էր. մտավախություն կար, որ ազգային շարժումը կարող էր տարածվել նաև Միության մյուս հանրապետություններում,