Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոն փետր. 21-ի որոշումով արցախահայության պահանջը բնութագրել է որպես «ազգայնամոլների» և «ծայրահեղականների» սադրանք։ Ավելին՝ Ադրբեջանի իշխանությունները գորբաչովյան ղեկավարության թողտվությամբ փետր. 27-29-ին Սումգայիթ քաղաքում կազմակերպել են հայ ազգաբնակչության ջարդեր։ Պաշտոն․ տվյալներով՝ սպանվել է 27 հայ, կողոպտվել 200 բնակարան։

1988-ի մարտին Երևանում և Ստեփանակերտում վերսկսվել են հանրահավաքները, մայիսից Երևանի Թատեր. (այժմ՝ Ազատության) հրապարակում տեղի են ունեցել նստացույցեր։ Շարժման առաջին օրերից ՀԽՍՀ ղեկավարությունը չի կարողացել ազդել իրադարձությունների ընթացքի վրա. 1988-ի մայիսին ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին փոխարինած Սուրեն Հարությունյանին (պաշտոնավարել է մինչև 1990-ը) նույնպես չի հաջողվել շարժումն ուղղորդել Կենտրոնի համար ցանկալի հուն։

1988-ի մարտին խորհրդային բանակի զորամասեր են մտցվել Երևան, հայտարարվել է պարետային ժամ։ 1988-ի հունիսի 15-ին ՀԽՍՀ ԳԽ-ն, հակառակ կենտրոնական իշխանությունների դիրքորոշման, ժողովրդի ճնշմամբ, ընդառաջելով ԼՂԻՄ-ի մարզխորհրդի դիմումին, համաձայնություն է տվել մարզը ՀԽՍՀ-ի կազմում ընդգրկելուն և այդ հարցը լուծելու խնդրանքով դիմել է ԽՍՀՄ ԳԽ։

1988-ի հուլիսի 18-ին Մոսկվայում հրավիրվել է ԽՍՀՄ ԳԽ նախագահության նիստ, որին մասնակցել են նաև Ադրբ. և Հայկական ԽՍՀ-ների ու ԼՂԻՄ-ի ներկայացուցիչները (ՀԽՍՀ-ից՝ Սերգեյ Համբարձումյան, Վիկտոր Համբարձումյան, Վարդգես Պետրոսյան, Հենրիկ Իգիթյան, ԼՂԻՄ-ից՝ Հենրիկ Պողոսյան)։ Խնդրանքը մերժվել է։ Ի պատասխան այդ մերժման՝ դեռևս մայիսին ստեղծված Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն (Վազգեն Մանուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան և ուրիշներ) կազմակերպել է համազգային գործադուլներ, որոնց նպատակը կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հայ ժողովրդի արդար պահանջի վրա բևեռելն էր և այն սահմանադրական եղանակով բավարարելը։

1988-ի հոկտ-նոյեմբ-ին և 1989-ի օգոստ-ին տեղի ունեցած ՀԽՍՀ ԳԽ մասնակի ընտրություններում ՀԽՍՀ ԳԽ պատգամավորներ են ընտրվել Արցախյան շարժման ղեկ-ներ Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և ուրիշներ, որոնք զգալի ազդեցություն են ունեցել խորհրդարանի հետագա գործունեության վրա։

1988-ի նոյեմբ. 24-ին ՀԽՍՀ ԳԽ արտահերթ նստաշրջանը որոշել է, որ այդուհետ Հայաստանում գործելու են ԽՍՀՄ միայն այն օրենքները, որոնք կարժանանան հանրապետության ԳԽ-ի հավանությանը։ Նույն գիշեր Երևանում մտցվել է արտակարգ դրություն (ԼՂԻՄ-ում այն գործում էր սեպտ-ից)։ Արգելվել են հանրահավաքները, ցույցերն ու գործադուլները, ձերբակալվել են շարժման ղեկավարներից մի քանիսը։ Ադրբեջանում վտանգվել է հայ ազգաբնակչության ֆիզիկական գոյությունը։ 1988-ի մարտ-դեկտ-ին շուրջ 200 հազար հայ ներգաղթել է Հայաստան, մի մասն էլ ապաստանել է ԽՍՀՄ տարբեր վայրերում, հատկապես՝ Հյուսիսային Կովկասում, իսկ հայաստանաբնակ ադրբեջանցիներին կազմակերպված տեղափոխել են Ադրբեջան։

Հանրապետության տնտեսությունն զգալի կորուստ է կրել 1988-ի դեկտ. 7-ի Սպիտակի երկրաշարժից. ավերվել է հս.