Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իսլանդիայի հետ։ Հետզհետե ամրապնդվում են Հայաստանի տնտեսական և մշակութ. կապերը Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և Հարավարևելյան Եվրոպայի մյուս երկրների հետ։

2001-ի հունվ. 25-ին ՀՀ-ն անդամակցել է ԵԽ-ին, որով սկզբնավորվել է եվրոպ. ընտանիքին ինտեգրվելու գործընթացը։ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել միանալու եվրոպ. համաձայնագրերին ու խարտիաներին, որտեղ ամրագրված սկզբունքները գերակայելու են ՀՀ-ի օրենքների նկատմամբ՝ բացառությամբ ՀՀ Սահմանադրության։

Հայաստանի համար ռազմաքաղաքական և անվտանգության ապահովման նշանակություն ուներ հարաբերություններն ԱՊՀ պետությունների և հատկապես Ռուսաստանի հետ (2 երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ի ապրիլի 3-ին)։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՀՀ արտաքին քաղաքականությունը չի շեղվել Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում պատմականորեն ձևավորված մոտեցումներից։ 1995-ի մարտի 16-ին ՀՀ-ն և ՌԴ-ն կնքել են «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիր, որով իրավ․ հիմքի վրա է դրվել ռուս․ ռազմ․ ներկայությունը Հայաստանում։ Պայմանագրով՝ ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ ԶՈւ-ի կազմավորումները վերածվել են հանրապետությունում ռուսաստանյան ռազմակայանի։ Շեշտվել է նաև, որ «Ռուսաստանյան ռազմակայանը, ՌԴ շահերը պաշտպանելու պարտականությունից բացի, Հայաստանի ԶՈւ-ի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը նախկին ԽՍՀ Միության արտաքին սահմանում»։

1991-2000-ին Ռուսաստանը և Հայաստանը կնքել են 100-ից ավելի միջպետական միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր ու համաձայնագրեր, որոնք կարգավորում են ռազմապաշտպան., տնտեսական և համագործակցության այլ բնագավառներ։ 1992-99-ին ՌԴ-ն ՀՀ-ին տրամադրել է ավելի քան 100 մլն դոլարի վարկ, որի շնորհիվ վերականգնվել ու գործարկվել է նաև Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը։

1997-ի օգոստ. 29-ին Մոսկվայում կնքվել է (ուժի մեջ է մտել 1998-ի նոյեմբ-ին) «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» մեծ պայմանագիրը, ինչպես նաև «Հայ-ռուսական համատեղ հռչակագիրը»։ Պայմանագիրը հնարավորություն է տվել, որ Հայաստանն ու Ռուսաստանն է՛լ ավելի ակտիվացնեն ռազմ․ համագործակցությունը։ Հայ-ռուս․ հարաբերություններում մեծ դեր են խաղում միջխորհրդարան. կապերը, 1995-ի ապրիլին Ռուսաստանի Պետական դուման ընդունել է 1915-ի հայոց Մեծ եղեռնը դատապարտող հայտարարություն։ ՀՀ-ի շրջափակման հետևանքով երկթղ. կապի բացակայությունը մեծապես խոչընդոտում է Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացումը։

Բարեկամ․ հարաբերություններ են հաստատվել նաև Ուկրաինայի հետ. ստորագրվել են ֆինանսատնտեսական պայմանագրեր, հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ուկր. առևտրատնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանը։ Սերտացել են քաղաքական, տնտեսական հարաբերությունները Բելառուսի և Մոլդովայի հետ։ Միջին Ասիայում Հայաստանի գլխավոր գործընկերը Թուրքմենստանն էր (վերջինիս հետ 1993-ին ստորագրվել է բարեկամության պայմանագիր). երկրի տնտեսության կենսապահովումը մեծ չափով կախված էր թուրքմ. գազի առաքումից։ Հայաստանն առևտրատնտեսական, մշակութային համաձայնագրեր է կնքել Ուզբեկստանի ու Տաջիկստանի հետ։ Վերջիններիս և Ղրղըզստանի հետ կապերը մասամբ պահպանվում են ԱՊՀ շրջանակներում բազմակողմանի պայմանագրերի հիման վրա։ 1993-ին Ղազախստանի հետ ստորագրվել է բարեկամության պայմանագիր։

Կենս․ նշանակություն ուներ դարավոր բարեկամ․հարաբերությունների