Էջ:Armenia Encyclopedia.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ամրապնդումը Վրաստանի հետ, որի տարածքով ծանր շրջափակման պայմաններում շարունակվել է Հայաստանի կապն արտաքին աշխարհի հետ։ Երկու երկրները կնքել են առևտրատնտեսական և գիտատեխ. համագործակցության վերաբերյալ մի շարք պայմանագրեր։ Ավանդական է դարձել մշակույթի օրերի փոխադարձ անցկացումը։

Հայաստանի ու Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության և օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձևավորվել է միջխորհրդարան. հանձնաժողով, որը նախագահում են 2 պետությունների խորհրդարանների փոխնախագահները։ Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով՝ 2 երկրների վարչապետների գլխավորությամբ։ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներն ստորագրում են հայ-թուրքական արձանագրությունները (10.10.2009, Ցյուրիխ)

Գործում է նաև հայ-վրաց. պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով։

Բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հետ, որը Վրաստանի հետ զգալիորեն նպաստել է Հայաստանի շրջափակման մեղմացմանը։ 1992-ին ստորագրվել է 2 երկրների միջև հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիր, որով կողմերը հավաստել են բարեկամ․ հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը։

Հայ-իրան. հարաբերությունները պայմանավորված են երկկողմանի տնտեսական շահերով, կովկասյան տարածաշրջանում ԻԻՀ-ի խաղացած դերով, միջազգային ասպարեզում, հատկապես Մերձավոր Արևելքում, նրա ունեցած կշռով, իսլամ/ աշխարհում, մասնավորապես արաբ․ երկրներում, նրա ազդեցության հետագա ուժեղացումով։ Արաքսի վրա կառուցված կամուրջը աշխույժ տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռնել։ ԻԻՀ-ի հետ հարաբերությունների զարգացմանը նպաստում է նաև տեղի հայկական համայնքը։ 1998-ի հոկտ-ին համաձայնագիր է ստորագրվել 2 պետությունների տրանսպորտային համակարգերի համագործակցության զարգացման վերաբերյալ, որով հատկապես կարևորվել է Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհների կառուցումը։ Ընդ որում, դրանցով Իրանը հնարավորություն է ստացել ընդլայնել իր ապրանքաշրջանառությունը դեպի ՌԴ, Սև ծով, Եվրոպա։

Այլ են հարաբերությունները մյուս հարևանի՝ Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հետ։ Թեև վերջինս 1991-ի դեկտ. 1-ին ճանաչել է Հայաստանի անկախությունը, սակայն, առաջ քաշելով ԼՂԻՄ-ի հիմնախնդրի և հայ-ադրբ. հարաբերությունների լուծման իր տարբերակը, մինչև այժմ հրաժարվում է ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց։ Ավելին, օգնում է Ադրբեջանին՝ Հայաստանը շրջափակելու և ուժի դիրքերից Արցախյան հիմնահարցը լուծելու համար։ Անկարան նախապայմաններ է ներկայացրել հայկական իշխանություններին՝ չհիշատակել Հայոց ցեղասպանությունը, պաշտոնապես հրաժարվել պահանջատիրությունից, ճնշում գործադրել ԼՂՀ-ի վրա՝ ընդունելու Ադրբեջանի գերակայությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պահանջել է, որ Հայաստանը գերծ մնա Թուրքիայի շահերին հակասող գործողություններից և ամեն կերպ չեզոքացնի սփյուռքահայության հակաթուրք. գործունեությունը։ Հայաստանի ղեկավարությունը մերժել է միջազգային