Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուժերը համախմբելը, հայ բարեգործ մեծահարուստների հնարավորությունները ճիշտ օգտագործելը, դրանք հօգուտ հայապահպանության կենտրոնացնելն ու նպատակաուղղելը, հայաշատ գաղութներում դպրոցներ ու գրադարաններ հիմնելը, եկեղեցիներ կառուցելը, պարբ-ներ ու գրքեր հրատարակելը, հիվանդանոցներ, աղքատախնամ տներ բացելը և այլն։

1846-ին Կ. Պոլսում բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը հիմնադրել է Համազգյաց մշակութային կազմակերպությունը (գործել է մինչև 1852-ը)։ Նպատակը համազգային միաբանության հասնելն էր, երկսեռ դպրոցներ ու տպարաններ հիմնելը, օգտակար գրքեր գրելը, թարգմանելն ու հրատարակելը, հայերեն ձեռագիր մատյաններ հավաքելն ու ուսումնասիրելը և այլն։ 1860-74-ին Կ. Պոլսում ստեղծված Հայոց բարեգործ․ ընկերությունն ըստ էության շարունակել է Համազգյաց ընկերության գործը, իրականացրել նաև բարեսիր. ծրագրեր, կրթել ու լուսավորել գավառի հայերին, կազմակերպել չքավոր հայ պատանիների երկրագործ․ և արհեստագործ. անվճար կրթությունը և այլն։

XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին իր գործունեությամբ աչքի է ընկել Կովկասի հայոց բարեգործ․ ընկերությունը (հիմն.՝ 1881, Թիֆլիս)՝ բժիշկ․ հասարակական գործիչ Բագրատ Նավասարդյանի նախաձեռնությամբ և գրող Գաբրիել Սունդուկյանի մասնակցությամբ։ Ընկերությունը նյութապես օգնել է 1877-78-ի ռուս-թուրք. պատերազմի հետևանքով Այսրկովկաս, հատկապես Թիֆլիս գաղթած հայերին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հայությանը։ 1911-ին ուներ 45 տեղական բաժանմունքներ՝ 236.800 ռ. նյութ․ կարողությամբ, հովանավորել է 140 դպրոց, հրատարակել հայերեն գրքեր, այդ թվում՝ անվճար դասագրքեր։ Ընկերությունը նյութապես օգնել է հայ գրողներին, արվեստագետներին, ուսուցիչներին, որբերին, բնական աղետից տուժածներին, գաղթականներին, թոշակավորել Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի համալսարանների, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, Էջմիածնի Գևորգյան ճեմարանի կարիքավոր ուսանողներին, կազմակերպել հանդիսավոր երեկոներ, հրապարակային բժշկ. դասախոսություններ, խմբեր՝ համաճարակի դեմ պայքարելու համար և այլն։ Ընկերությունը Գորիսում բացել է (1885) աշակերտ․ հանրակացարան, Ալեքսանդրապոլում (1898) և Կաղզվանում (1899)՝ կարուձևի արհեստանոցներ և այլն։1898-ին Սմբատ Շահազիզի օժանդակությամբ հիմնադրվել է «Աբովյան-Նազարյան» գրական ֆոնդը։ Ընկերությունն օգնել է նաև բարեգործ․ այլ միությունների, Թիֆլիսի բարեկարգմանը, 1915-17-ին հրատարակել է «Համբավաբեր» շաբաթաթերթը։

Իրենց գործունեության ծավալներով և իրականացրած ծրագրերի համազգային բնույթով առավել հայտնի են հայկական բարեգործ. հետևյալ կազմակերպությունները։

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ). հիմնադրվել է 1906-ին Կահիրեում՝ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի մի խումբ ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ 1940-ից ՀԲԸՄ-ի վարչական կենտրոնը Նյու Յորքում է։

ՀԲԸՄ-ն 1940-50-ական թթ-ին արդեն ուներ համահայկական նշանակություն։ Ներկայումս ՀԲԸՄ-ի մասնաճյուղեր են գործում 22 երկրի մոտ 80 քաղաքում։ 2002-ից ՀԲԸՄ-ի նախագահը Պերճ Սեդրակյանն է։

Մինչև 1930-ական թթ-ի սկիզբը ՀԲԸՄ-ի գործունեությունը կազմակերպվել է «հարուստ թե աղքատ, անուս թե գիտուն՝ երթանք կանգնելու օջախը կործան, երթանք հիմնելու դպրոց գործատուն, երթանք մշակին տանք ցանք ու լծկան» նշանաբանով, որն ամրագրված էր նրա կանոնադրության մեջ։

Մեծ եղեռնի ու հետագա տարիներին ՀԲԸՄ-ն հիմնականում զբաղվել է հայ որբերին ու գաղթականներին տեղավորելու և առաջնահերթ օգնության հարցերով։ 1915-ին Պորտ Սաիդի (Եգիպտոս) մոտակա անապատում, որտեղ հիմնվել էր փրկված մուսալեռցիների վրանային ավանը, բացվել է ՀԲԸՄ-ի «Սիսուան» վարժարանը՝ 25 դասարանով ու 1222 աշակերտով, ապա՝ որբանոցը և այրիանոցը։ 1920-ին՝ Երուսաղեմում, 1921-ի վերջին Բեյրութում ՀԲԸՄ-ն ստեղծել է իր հաստատությունները, տղաների ու աղջիկների որբանոցներ։ Այդ տարիներին ֆինանսավորել է գաղթականներին, Ալեքսանդրետի սանջակի 6 հզ. հայերի տեղափոխել Լիբանան և Սիրիա, նրանց համար կառուցել բնակելի տներ, գյուղեր և այլն։

1930-ական թթ-ից ՀԲԸՄ-ի գործունեության հիմն․ նպատակը կրթական, մշակութային և մարդասիր. ծրագրերի միջոցով հայոց ազգ. ինքնությունն ու ժառանգությունը պահպանելն է։ 1924-ին Նիկոզիայում (Կիպրոս) հիմնադրել է Մելգոնյան կրթական հաստատությունը, Փարիզում՝ ուսանող․ հիմնադրամ, 1939-ին Բեյրութում՝ Դարուհի Հակոբյան վարժարանը։ Մասնակցել է սփյուռքահայերի 1921-26-ի հայրենադարձության կազմակերպմանը։