Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԲԸՄ-ի ազգապահպան գործունեությունն առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում՝ հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք։ 1954-ին նա հիմնել է Ալեք և Մարի Մանուկյան, իսկ 1968-ին՝ Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամը, որի հովանավորությամբ ներկայումս Սփյուռքում գործում են 33 ամենօրյա (ամենախոշորները՝ «Նաճարյան-Կյուլպենկյան», «Մանուկյան-Դեմիրճյան»), բազմաթիվ շաբաթօրյա դպրոցներ, մշակութային կենտրոններ, երիտասարդ., մարզ., երաժշտ., թատեր. և այլ խմբեր։

ՀԲԸՄ-ի հիմնադրած և նրա հովանավորությամբ գործող կրթօջախներից են Սահակյան-Լևոն Մկրտիչյան քոլեջը, Լևոն Նազարյան, Դարուհի-Հովակիմյան երկրորդ., Պողոս Կարմիրյան վարժարանները (Լիբանան), Կարեն Եփփե ազգային ճեմարանը, Լազար Նաճարյան-Գալուստ Կյուլպենկյան երկրորդ., Կյուլլապի Կյուլպենկյան վարժարանները (Սիրիա), Նվարդ Կյուլպենկյան նախակրթարանը, Մարի Մանուկյան միջնակարգ և երկրորդ. օրիորդաց վարժարանը (Իրան), Արթաքի Գալփակյան նախակրթարանը (Հունաստան), Ալեքսանդր նախակրթարանը (Ավստրալիա), Ալեք Մանուկյան նախակրթարանը և միջնակարգ վարժարանը, Դանիել և Ալիս Ծառուկյան նախակրթարանը (Կանադա), Մանուկյան-Դեմիրճյան, Ալեք և Մարի Մանուկյան նախակրթարանը և երկրորդ․ վարժարանները, Փասադենայի երկրորդ․ վարժարանը (ԱՄՆ), Մարի Մանուկյան նախակրթարանը և երկրորդ․ վարժարանը (Արգենտինա), Նուբարյան-Մանուկյան նախակրթարանը և երկրորդ․ վարժարանը (Ուրուգվայ)։

1988-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել է սննդի, հագուստի, դեղորայքի և այլ պարագաների տեղափոխումը աղետյալ շրջաններ։ 1990-ին Երևանում բացվել է նրա գրասենյակը։ Միությունը Գյումրիում կառուցել է սառցամթերանոց, նորոգել Արվ․ ակադ-ի շենքը, Երևանում հիմնադրել է (ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության և Հովարդ Կարագյոզյան հաստատության օժանդակությամբ) Պլաստիկ վերականգնող․ վիրաբուժության, Գերձայնային հետազոտությունների բժշկ. կենտրոնները, 1991-ին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, Սբ Էջմիածնի հետ համատեղ ծավալել է եկեղեցաշին. գործունեություն (Երևանի Մայր տաճարի շին-յան գլխավոր հովանավորն էր), հատկացումներ է անում Մատենադարանին, ՀՀ ԳԱԱ-ին, մի շարք բուհերի, ֆինանսավորում մշակութային, կրթական, գիտական, հրատարակչական բազմաթիվ ծրագրեր ու ստեղծագործ. խմբերի (Հայաստանի ֆիլհարմոնիկ և Երևանի սիմֆոնիկ նվագախմբեր, թատեր. բեմադրություններ և այլն)։ 1999-ից ՀԲԸՄ-ն հովանավորում է Երևանում պարբերաբար անցկացվող Համահայկական խաղերը և Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովները։

Հայ օգնության միություն (ՀՕՄ). կանանց բարեգործ․ կազմակերպություն է, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ECDSOC) անդամ (1998-ից)։ Պարգևատրվել է ՄԱԿ-ի «Խաղաղության ավետաբեր» մրց-ով (2005)։

Հիմնադրվել է 1910-ին՝ որպես «Հայ Կարմիր խաչ», և մինչև 1946-ը գործել է տարբեր անուններով։ 1946-ից՝ ՀՕՄ։

Ներկայումս 28 երկրում ունի 200 մասնաճյուղ՝ ավելի քան 18 հազար անդամուհիներով։ Կենտրոնատեղին Ուոթըրթաունում է (ԱՄՆ, ատենապետուհի՝ Վիգի Մարաշլյան), ունի իր պաշտոնաթերթը։ 1991-ից ՀՀ-ում գործում է ՀՕՄ-ի մասնաճյուղը (ատենապետուհի՝ Ալեսիա Բեջանյան՝ 2011-ից)։

Երկրորդ համաշխ. պատերազմի (1939-1945) տարիներին դրամ․ միջոցներով, դեղորայքով, հագուստով, սննդամթերքով օգնել է Հայաստանի կարիքավորներին։

ՀՕՄ-ը 1927-ին Աթենքում հիմնել է Զավարյան վարժարանը, 1930-ից սկսել է դրամ․ հատկացումներ անել Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանին, մեծապես օժանդակել է 1947-ին Հալեպի Քարեն Եփփե ազգային, 1922-ից՝ Բուլղարիայի Ֆիլիպե (այժմ՝ Պլովդիվ) քաղաքում, 1925-ից՝ Սոֆիայում գործող Մեսրոպյան ճեմարաններին։ 1970-ին՝ ՀՕՄ-ի 60-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված հանգանակությամբ Դետրոյտում կառուցվել է ՀՕՄ-ի ամենօրյա վարժարանը։ 1979-ին հիմնադրվել են Տորոնտոյի Գոլոլյան ամենօրյա վարժարանը (Կանադա) և Պալայան մանկապարտեզը։ Աթենքում գործում են Սոֆի և Լևոն Հակոբյան վարժարանը, 1993-ից՝ Զավարյան կրթամշակութային և մարզ․ կենտրոնը։ ՀՕՄ-ը կրթական ասպարեզում հատուկ կարևորում է Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցներն ու մսուր-մանկապարտեզները։

2008-ին ՀՕՄ-ի ավելի քան 80 մեկօրյա դպրոցներ են գործել Ֆրանսիայում, Իրանում, Կանադայում, ԱՄՆ-ում։

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո ՀՕՄ-ը հիմնել է Հայաստանի երկրաշարժի աղետյալների օգնության հիմնադրամ, 1991-ին ՀՀ-ում ստեղծել է իր շրջ. կազմակերպությունը՝ Հայ օգնության խաչը (ՀՕԽ), որը մասնաճյուղեր ունի ՀՀ ավելի քան 40 բնակավայրերում և Արցախում։ Հայաստանում իրականացվող ծրագրերի համար ՀՕՄ-ը ծախսել է ավելի քան 25 մլն դոլար։

Հովարդ Կարագյոզյան հաստատություն, հիմնադրել են Միհրան և Զաբել Կարագյոզյանները