Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկտեղ ՀՀՀ-ն իրականացնում է նաև տարբեր նպատակային ծրագրեր, որոնք առաջարկում են անհատ բարերարները։

ՀՀՀ-ի միջոցներով Հայաստանում և Արցախում կառուցվել կամ վերանորոգվել են 476 կմ ճանապարհ, 281 կմ ջրագիծ ու ջրամատակարարման համակարգ, 144 կմ գազատար, 230 դպրոց ու մանկապարտեզ, 424 տուն ու բնակարան, 40 առողջապահ․ հաստատություն, 24 սպորտային ու մշակութային կենտրոն, իրականացվել է ավելի քան 85 կրթական, մշակութային ու գիտական ծրագրեր՝ ավելի քան 215,8 մլն դոլար (2011) արժողությամբ։ Հիմնադրամի «Գյուղական զարգացման ծրագիրը» մեծապես աջակցում է գյուղ․ բնակավայրերում առկա սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը։

Հիմնադրամի միջոցները հավաքվում են ամենամյա հեռուստա- և հեռախոսամարաթոնների միջոցով։ 2010-ի մարաթոնի ընթացքում հանգանակվել է ավելի քան 20,8 մլն դոլար, որը ծախսվել է Արցախի գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծման, Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերի համապարփակ զարգացման ծրագրերի իրագործման համար։ 2011-ի՝ 14-րդ հեռուստամարաթոնն անցկացվել է «Ջուր տուր, կյանք պարգևիր» նշանաբանով. հանգանակվել է 12,2 մլն դոլար։

Ջինիշյան հիշատակի հիմնադրամ (ՋՀՀ). Հայաստանում իր գործունեությունն սկսել է 1993-ին։ Պաշտոնապես գրանցվել է 1999-ին։

ՋՀՀ-ի անմիջական ֆինանսավորման աղբյուրը ԱՄՆ-ի Երիցական եկեղեցու Ջինիշյան հիշատակի ծրագիրն է՝ Վարդան Ջինիշյանի 1966-ի մայիսի 17-ի կտակի հիման վրա՝ ի հիշատակ իր ծնողների։ 1966-ից Ջինիշյան հիշատակի ծրագիրն օգնություն է տրամադրել Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իրանում, Իրաքում, Հարավային Ամերիկայում, Հորդանանում և Հայաստանում ապրող միլիոնավոր հայերի։

Հայաստանի անկախացումից անմիջապես հետո՝ 1991-ից մինչև առանձին ծրագրերի իրագործումը, ՋՀՀ-ն տնտեսական, սոցիալական և հոգևոր աջակցություն է ցուցաբերել բազմաթիվ կարիքավոր հայերի։

Համագործակցության և գործընկերության միջոցով ՋՀՀ-ն սատարել է ավելի քան 200 ենթակառուցվածքի և տեղական հասարակական կազմակերպության, իրականացրել է ավելի քան 430 բարեգործ․ ծրագրեր։

Ներկայումս օժանդակում է Հայաստանում սոցիալական և տնտեսական խնդիրներին ուղղված տևական լուծումներ պահանջող միջոցառումների։

«Լույս» հիմնադրամի հիմնադիրներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործում է 2009-ից։ Հիմնադրամի առաքելությունն աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների թիվն ավելացնելն է՝ համաշխ. տնտեսությանը ՀՀ-ի ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։

«Լույսի» ծրագրերից կարող են օգտվել 18-40 տարեկան ՀՀ քաղաքացիները կամ հայկական ծագում ունեցող այն անձիք, որոնք ընդունվել են «Լույսի» նախանշած 25 համալսարաններից որևէ մեկը։

«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ, պաշտոնապես գրանցվել է 2008-ի դեկտ-ին, սակայն հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին 1998-ից բազմաթիվ բարեգործ. ծրագրեր է իրականացրել Սփյուռքի հայկական կրթօջախներում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը Լևոն Սարգսյանն է։

Իր գործունեության 3 տարում հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, հովանավորել շնորհալի հեղինակների՝ հրատարակելու գրքեր, բացահայտել ու խրախուսել է սոցիալապես անապահով, հողազուրկ, ուսման մեջ առաջադիմող ուսանողների, իսկ առավել շնորհալիներին օգնություն է ցուցաբերել ուսումն արտերկրի առաջատար բուհերում շարունակելու համար, մի շարք ուսումնական հաստատությունների հատկացրել է լաբորատոր սարքավորումներ ու համակարգիչներ, ՀՀ մարզերում, Երևանում և Արցախում տեղադրել է մանկ. շարժ․ խաղահրապարկներ, Ստեփանակերտի հիվանդանոցն ապահովել է բժշկ. արդի սարքավորումներով և այլն։

1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում իրենց գրասենյակներն են բացել նաև մի շարք միջազգային բարեգործ․ կազմակերպություններ՝ «Վորլդ Վիժն Հայաստան» (1988), «ՍՕՍ-Քինդերդորֆ Ինտերնացիոնալ» (1989, ՍՕՍ-Մանկական գյուղեր), «Սեյվ դը Չիլդրեն Ֆեդերեյշն ինկ.» (1993, «Փրկենք երեխաներին»), ստեղծվել են բարեգործ․ հասարակական նոր կազմակերպություններ, հիմնադրամներ՝ «Օրրան» (2000, Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյաններ), «Զանգակատուն» (2006, Թուֆենկյան հիմնադրամ) և այլն՝ ծանր կացության մեջ հայտնված մուրացիկ, թափառաշրջիկ երեխաներին պաշտպանելու, նրանց կրթությունն ու զարգացումը ապահովելու, միայնակ և կարիքավոր ծերերին, ծայրահեղ անապահով ընտանիքներին օգնելու նպատակով։