Էջ:Armenia Encyclopedia.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

XIX դ-ում Արևելյան Հայաստանը Ռուս․ կայսրության ագրարային հետամնաց ծայրամասերից էր։ Ազգաբնակչության 85 %-ն ընդգրկված էր գյուղատնտեսության, մոտ 3 %-ը՝ արդ-յան մեջ։ Ազգային եկամտի կեսից ավելին ստեղծվել է գյուղատնտեսության, 20 %-ը՝ արդ-յան մեջ։ Միայն XIX դ-ի վերջերից, կապիտալիզմի զարգացմամբ և ապրանքադրամային հարաբերությունների ձևավորմամբ պայմանավորված, տնտեսության ճյուղերում նկատվել են որոշ դրական տեղաշարժեր, ընդլայնվել է ներքին ու արտաքին առևտուրը, զարգացել է բանկային համակարգը։ 1913-ին Երևանում գործել են Վոլգա-Կամայի բաժնետիր. բանկի, Ռուսաստանի պետական և Ազով-Դոնյան, Թիֆլիսի առևտր. բանկերի բաժանմունքները և Փոխադարձ վարկի ընկերությունը։

Արևելյան Հայաստանի արդ-յան հիմն․ ճյուղերն էին պղնձի արդ-ը, կոնյակի, սպիրտի և գինու արտադրությունները։ 1913-ին Հայաստանը տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 17 %-ը։ Արդ-յան այդ ճյուղի կենտրոններն էին Ալավերդին և Կապանը։ Գինու և կոնյակի արտադրանքի մոտ 80 %-ն արտահանվել է։ Գործել են սննդի մի քանի ձեռնարկություններ և մեծաթիվ տնայնագործ․ արհեստանոցներ։ 1912-ին Երևանի նահանգում եղել է 2307 արդյունաբերական ձեռնարկություն։

Առաջին աշխարհամարտի և 1918-ի թուրք․ արշավանքի հետևանքով Հայաստանի ողջ տնտեսությունը քայքայվել է. մի շարք շրջաններում չեն կատարվել գյուղատնտեսական աշխատանքներ, արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը չի գործել։ 1918-ի աշնանն սկսված և 1 տարի տևած սովին ու համաճարակին զոհ է գնացել մոտ 200 հազար մարդ։

Հայաստանի առաջին հանրապետության Կառավարությունը դիմել է արտակարգ միջոցների, պետական մենաշնորհ է սահմանվել հացի և բամբակի համար, ցորեն և ալյուր տրամադրելու խնդրանքով դիմել է դաշնակից պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։ 1919-ի մայիսին Հայաստանը ԱՄՆ-ից ստացել է ցորեն, ալյուր, խտացրած կաթ և այլն։

Ֆինանս․ համակարգը կարգավորելու և արժեզրկումը մեղմելու նպատակով սահմանվել է եկամտային-առաջադիմ. հարկ։ 1920-ի հունիսին Կառավարությունը թողարկել է 20 մլն դոլար արժողության փոխառություն, որն իրացվել է երկրի ներսում և Սփյուռքում։ Հանրապետությանը ֆինանս․ օգնություն են ցուցաբերել սփյուռքահայ (Եգիպտոսի, Ռուսաստանի, Վրաստանի և այլ երկրների) մի շարք արդյունաբերողներ ու բանկիրներ։

Դրանց շնորհիվ աստիճանաբար աշխուժացել է երկրի տնտեսական կյանքը։ Ստեղծվել են գյուղատնտեսական գործիքների վերանորոգման, առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրության արհեստանոցներ։ Բամբակի մենաշնորհը հնարավորություն է ընձեռել բացելու տեքստիլ արդ-յան ոչ մեծ ձեռնարկություններ, որտեղ աշխատել են հիմնականում գաղթականներ։ 1920-ին ընդունվել է օրենք կալվածատիր. հողերի ազգայնացման և գյուղացիներին բաշխելու վերաբերյալ։

Հայաստանի խորհրդայնացումից (1920) հետո ձեռնարկվել են տնտեսության վերականգման ու զարգացման լայնածավալ միջոցառումներ։ 1925-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը որոշ չափով գերազանցել է 1913-ի մակարդակը։ 1920-ական թթ-ի կեսերից սկսել են գործել էլեկտրակայաններ, վերականգնվել է գինու և կոնյակի արտադրության 1913-ի մակարդակը։ Իրագործվել են արդ-յան զարգացման խոշոր ծրագրեր։ 1930-ական թթ-ի վերջին Հայաստանը վերածվել է գերազանցապես արդյունաբերական երկրի։ Տնտեսության համախառն արտադրանքում արդ-յան տեսակարար կշիռը հասել է 70 %-ի, արդյունաբերական կենտրոններ են դարձել Երևանը, Լենինականը (այժմ՝ Գյումրի) և Կիրովականը (այժմ՝ Վանաձոր)։

1920-ական թթ-ի վերջից Հայաստանում սկսվել է գյուղաց. տնտեսությունների կոլեկտիվացումը, որը, ինչպես ամբողջ Խորհրդային Միությունում, իրագործվել է հարկադրական բռնի միջոցներով։

1930-91-ին տնտեսության գրեթե բոլոր բնագավառներում հաստատվել է արտադրամիջոցների հասարակական սեփականություն (պետական և կոլտնտեսային, կոոպ. ձևերով), և սոցիալական տնտեսության բաժինը կազմել է մոտ 99 % (1990)։ Տնտեսության կառավարումն իրականացվել է տնտեսական և սոցիալական