Տեղեկատվ. տեխնոլոգիաների (ՏՏ) ծառայությունների և ծրագրային ապահովման ոլորտը ՀՀ-ում ամենահաջողակ և արագ զարգացող ճյուղերից է, որի մասնաբաժինը ՀՆԱ-ում (2010-ին՝ 1,7 %) համեմատելի է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան և Հնդկաստանը։
ՀՀ-ում գործում են մոտ 196 ՏՏ ընկերություններ (5200 աշխատող), որոնցից 74-ը՝ օտարերկրյա։ Ոլորտի ընդհանուր հասույթը 2010-ին կազմել է շուրջ 148,8 մլն դոլար։ Ընկերությունների շուրջ 55 %-ի արտադրանքն ու ծառայություններն արտահանվում են ավելի քան 20 երկիր։ 2010-ին ՏՏ-ի արտահանման ծավալները կազմել են շուրջ 91,1 մլն դոլար, որի շուրջ 49 %-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 24 %-ը՝ ԵՄ երկրներին, 16 %-ը՝ ԱՊՀ երկրներին (հիմնականում Ռուսաստանին)։
ՀՀ տեխնոլոգ․ ոլորտի զարգացումն անցել է 2 հիմնական փուլերով՝ խորհրդային և հետխորհրդային։
Խորհրդային շրջանում հանրապետությունը ԽՍՀՄ ինֆորմատիկայի և էլեկտրոնիկայի ոլորտների առաջատար ԳՀ և արդյունաբերական կենտրոններից էր։ Կիսահաղորդիչներ արտադրող մի շարք ձեռնարկություններ գործում էին ԽՍՀՄ Կառավարության խոշոր ու միջին պատվերներով, որոնք ուղղված էին հիմնականում արդ-յան և պաշտպանության ոլորտների ապահովմանը։
Համակարգիչների և հարակից սարքավորումների նախագծման ու արտադրման նպատակով 1956-ին ստեղծվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների (ԵՄՄ) ԳՀԻ-ն։ Արդեն 1959-ին ինստ-ը նախագծել է վակոտւմային սարքերով աշխատող 1-ին սերնդի «Արագած», 1961-ին՝ կիսահաղորդիչ տարրերով աշխատող 2-րդ սերնդի «Հրազդան» համակարգիչները։ 1960-ական թթ-ի սկզբին ինստ-ն սկսել է նախագծել հզոր ԷՀՄ-ներ, ավտոմատ հսկիչ համակարգեր, ինչպես նաև օպերացիոն համակարգեր, ցանցային և կիրառ. այլ ծրագրեր։
ԵՄՄԳՀԻ-ն ԽՍՀՄ առաջատար մասնագիտացված հաստատությունն էր, որը մշակել է «Նաիրի» միկրոծրագրային համակարգչային համակարգը։ Վերջինս ստացել է ավելի քան 40 արտոնագիր և ներկայացվել միջազգային 20 ցուցահանդեսում։ Սեփական արտադրամասերում ինստ-ը նախագծել և արտադրել է բազմաթիվ համակարգիչներ, որոնց մի մասը համատեղելի էր «Digital Equipment» ընկերության PDP և IBM հզոր համակարգիչների հետ։ Ինստ-ի մշակած ES շարքի համակարգչային համակարգերը լայնորեն կիրառվել են երկրի գիտության և արդ-յան տարբեր ոլորտներում։ Ինստ-ի կարևորագույն նվաճումներից էր նաև հեռահաղորդակցման համակարգի ստեղծումը, որը նախատեսված էր դեպի Լուսին թռիչքի համար։
Ինստ-ում 1980-ական թթ-ին աշխատել է շուրջ 10 հազար մարդ։
Երկրում ստեղծվել են նաև էլեկտրոնային ու կիսահաղորդչային սարքերի արտադրությամբ և ԳՀ աշխատանքներով զբաղվող մի շարք արտադրական ձեռնարկություններ։ «Տրանզիստոր» կիսահաղորդիչների գիտաարտադրական գործարանը (1958) տրանզիստորների և ուժեղացուցիչ դիողների արտադրության առաջատարն էր ԽՍՀՄ-ում։ 1964-65-ին Աբովյան քաղաքում հիմնադրվել են ռադիոէլեկտրոնային բաղադրիչներ արտադրող «Սիրիուս» և դիոդներ ու ինտեգրալ հիբրիդային միկրոսխեմաներ արտադրող «Պոզիստոր» միկրոէլեկտրոնիկայի գործարանները։ Միկրոէլեկտրոնիկայի ԳՀ տեխնոլոգիաների ինստ-ը (1966) մշակել է միկրոէլեկտրոնային սխեմաներ, չափման ավտոմատ ու էլեկտրոնային այլ բարդ սարքեր։ 1978-ին ստեղծված Երևանի կապի ԳՀԻ-ն սիլիկոնային բարակ թաղանթի տեխնոլոգիայի հիման վրա արտադրել է ինտեգրալ սխեմաներ և այլն։ 1986-ին կառուցվել է Աշտարակի կիսահաղորդիչների և էլեկտրոնիկայի արտադրության գործարանը (կիսահաղորդչային թիթեղներ, միկրոսխեմային հարթակներ, արևային մարտկոցներ և էլեկտրոնային այլ սարքեր)։ Ինտեգրալ միկրոսխեմաների և էլեկտրոնիկայի «Մարս» գործարանը (հիմն.՝ 1988) ստեղծվել էր տպատախտակներ ու ինտեգրալ միկրոսխեմաներ արտադրելու համար։
1980-ական թթ-ի վերջին խորհրդային տնտեսության ազատականացումից հետո ստեղծվել են նոր ընկերություններ, որոնք տրամադրել են համակարգերի ինտեգրման ծառայություններ և կատարել ծրագրակազմերի մշակման հատուկ