Էջ:Armenia Encyclopedia.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատվերներ։ Այդ շրջանում ընկերությունները մասնագիտացել են հիմնականում տեղական շուկայի համար հաշվապահ․ և ֆինանս․ ծրագրային փաթեթների մշակման համակարգչային սարքերի համալրման ու վաճառքի, արտաքին պատվերների կատարման (աուտսորսինգային ծառայություններ) ուղղությամբ։ Հայկական առաջին ՏՏ մասնավոր ընկերությունը՝ «Հայկական ծրագրերը», ստեղծվել է 1987-ին։

1990-ին հանրապետությունում գործել են 40 խոշոր ԳՀ տեխնոլոգ․ ինստ-ներ և արտադրական միավորումներ։ Հայաստանն այդ ժամանակ նույնպես պահպանել է իր առաջատար դիրքը էլեկտրոնիկայի և տեղեկատվ. տեխնոլոգիաների ոլորտում։

ԽՍՀՄ-ի փլուզումով արմատապես փոխվել է Հայաստանի ՏՏ ոլորտի ուղղվածությունը. խոշոր ռազմ․ պատվերներից անցում է կատարվել շուկայի պահանջարկը բավարարող ծրագրային լուծումների և ծառայությունների։ Աստիճանաբար կազմավորվել են նոր ընկերություններ, ստեղծվել ՏՏ նոր ձեռնարկություններ։

1990-ական թթ-ին Երևանում մասնաճյուղեր են հիմնադրել ծրագրավորման ԱՄՆ-ի մի շարք ընկերություններ, այդ թվում՝ Boomerang Software (ինտերնետային կիրառ. ծրագրեր), Credence Systems (կիսահաղորդիչների նախագծման և թեստավորման լուծումներ), Cylink (ցանցային անվտանգության արտադրանք) և VPN (վիրտուալ մասնավոր ցանցի լուծումներ), Epygi Technologies (IP PBX կայաններ), HPL Technologies (եկամտաբերության կառավարման ծրագիր և թեստավորման միկրոսխեմաների լուծումներ), Virage Logic (ներկառուցված բարդ հիշողություն) և այլն։ ՏՏ ոլորտի կայացմանը մեծապես նպաստել է սփյուռքահայությունը։ Նրանց շնորհիվ ՀՀ-ում հիմնվել են արտասահմ. բազմաթիվ ընկերություններ և մասնաճյուղեր։

Գոյություն ունեցող հզոր գիտակրթական հիմքի վրա հանրապետությունում ձևավորվել է կիսահաղորդիչների նախագծման ուղղությունը, որը ներկայումս դարձել է ՏՏ շուկայի բարձր եկամտաբերություն ապահովող ճյուղը և գրավիչ է խոշորածավալ օտարերկրյա ուղղակի ներդրումների համար։ 2000-ին ԱՄՆ-ի LEDA Systems Inc. ընկերությունը (հիմնադրել են ՀՊՃՀ-ի շրջանավարտները), որը մասնագիտացած է ինտեգրալ միկրոսխեմաների և դրանց բաղադրիչների նախագծման բնագավառում, ստեղծել է իր մասնաճյուղը ՀՀ-ում։ Ընկերությունը ՀՊՃՀ-ի հետ համատեղ ստեղծել է ուսումնական կենտրոն, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու բարձրակարգ տեխ. փորձառություն ինտեգրալ միկրոսխեմաների նախագծման, համապատասխան ծրագրերի ապահովման և բաղադրիչների պատրաստման բնագավառներում։ 2004-ին EDA-ի և VLSI-ի նախագծման ոլորտում համաշխ. առաջատար «Սինոփսիս» ընկերությունը ձեռք է բերել LEDA Systems և Monterey Arset (միկրոսխեմային համակարգեր), 2005-ին՝ HPL Technologies, 2010- ին՝ Virage Logic ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը։

Ներկայումս «Սինոփսիս-Արմենիա» ՓԲԸ-ն (գործադիր տնօրեն՝ Հովիկ Մուսայելյան) ծրագրերի ապահովման ոլորտի խոշորագույն ընկերությունն է ՀՀ-ում, որտեղ աշխատում է ավելի քան 500 մասնագետ։ 2008-ին հայկական շուկա է մուտք գործել Mentor Graphics Inc. ընկերությունը՝ գնելով Կալիֆոռնիայում հիմնադրված Ponte Solutions Inc. ընկերությունը, որը կիսահաղորդիչների արտադրության ու նախագծման համար մշակում է ծրագրային լուծումներ և ԳՀ խոշոր կենտրոն ունի ՀՀ-ում։ 2007-ին Երևանում ճարտարագիտական ու ԳՀ գրասենյակ է բացել ավտոմատ․ թեստավորման սարքավորումներ արտադրող և վիրտուալ գործիքավորման ծրագրեր մշակող National Instruments կորպորացիան (ԱՄՆ)։

Ներկայումս National Instruments-ի հայաստանյան գրասենյակն առաջարկում է հայեցակարգային լուծումներ այնպիսի ճարտարագիտական ընկերությունների համար, որոնք արտադրանք և պատրաստի լուծումներ են մշակում տարբեր ոլորտների, այդ թվում՝ նաև ավիաարդ-յան համար։ ՀՀ-ում 2000-ական թթ-ի սկզբներին իրենց ծրագրավորման գրասենյակներն են հիմնել բազմաթիվ արտասահմ., այդ թվում՝ CQG (վերլուծ. ծրագրեր և առևտրային լուծումներ), EPAM Systems (ծրագրակազմերի օֆշորային մշակում), Lycos Europe (համաեվրոպ. օնլայն ցանց), Luxoft (ծրագրավորում և աուտսորսինգ) և այլ ընկերություններ։ ՀՀ-ում ներկայացված են նաև այնպիսի խոշոր բրենդներ, ինչպիսիք են Alcatel, Siemens AG, Microsoft Corporation և SUN Microsystems Inc. ընկերությունների ներկայացուցչությունները,