Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Երկրի ագրոարդ. համալիրը (ԱԱՀ) ներառում է հետևյալ խոշոր ոլորտները․ բուն գյուղատնտեսությունը, որն իր ենթակառուցվածքներով կազմում է համալիրի միջուկը, արտադրության միջոցներով և նյութ․ պաշարներով (գյուղմեքենաներ, գործիքներ, հանք, ու օրգ. պարարտանյութեր, քիմիկատներ և այլն) ապահովող ոլորտը, գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկությունները (սննդի և թեթև արդ-ներ), գյուղատնտեսական հումքի մթերման, փոխադրման, պահպանման, սպառող, ապրանքների իրացման, գյուղատնտեսական կադրերի պատրաստման, համակարգում շին. իրականացնող ծառայությունները։

1991-ից նորանկախ ՀՀ-ում հողօգտագործման բնագավառում իրականացվել են արմատ․ բարեփոխումներ։ «Սեփականության մասին» (1990), «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» (1991), «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» (1992) ՀՀ օրենքների և «ՀՀ հողային օրենսգրքի» (1991) հիման վրա, կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների լուծարման ճանապարհով, որպես ինքնուրույն կազմակերպ. միավորներ, ստեղծվել են գյուղաց. և գյուղաց. կոլեկտիվ տնտեսություններ։ Գյուղատնտեսական հողատեսքերը (բացի արոտավայրերից) սեփականաշնորհվել են, և միջին հաշվով 20 %-ը թողնվել է որպես պահուստային ֆոնդ։ Լուծարվել են 860 խորհրդային տնտեսություններ, կոլտնտեսություններ և միջտնտեսական ձեռնարկություններ, սեփականաշնորհվել են հողը և գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցները, զանգվածաբար մասնավորեցվել են սպասարկող ենթակառուցվածքները, գյուղմթերք իրացնող և մշակող կազմակերպությունները։ Այդ կերպ գյուղում մասամբ լուծվել է բնակչության զբաղվածության խնդիրը, և գյուղացին ներգրավվել է շուկայական հարաբերությունների ոլորտ, հնարավոր է եղել խուսափել արտադրության կտրուկ անկումից, սահմանամերձ բնակավայրերի բնակչության զանգվածային արտահոսքից, բարձրացնել հողային, աշխատանքային, նյութ․ և ֆինանս․ պաշարների օգտագործման արդյունավետությունը։

2011-ի տվյալներով՝ հողի մասնավոր սեփականության հիմքի վրա ձևավորվել են ավելի քան 339 հազար ընտանեկան գյուղաց., 353 ֆերմերային և 98 կոոպերատիվ տնտեսություններ, 102 առևտրային գյուղատնտեսական կազմակերպություններ։

2005-11-ին գյուղատնտեսության ոլորտին միջին հաշվով բաժին է ընկել երկրի ՀՆԱ-ի ավելի քան 16 և զբաղվածների 45 %-ը։

Ներկայումս գործող 340 հազար գյուղաց. տնտեսություններ և առևտրային կազմակերպություններ տնօրինում են վարելահողերի և բազմամյա տնկարկների 78,3 %-ը, խոտհարքների՝ 48,4 %-ը և թողարկում են գյուղատնտեսական համախառն արտադրանքի ավելի քան 98 %-ը։

ՀՀ-ում հողի սեփականաշնորհումից հետո գյուղատնտեսական արտադրության միջոցներով և նյութ․ պաշարներով ապահովող ոլորտ, որպես այդպիսին, գոյություն չունի, այն փոխարինվել է սովորական առևտրային համակարգով։

Գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտը սկսեց վերականգնվել միայն 1998-ից մասնավոր հատվածում լրացուցիչ ներդրումների և միջազգ. կազմակերպությունների աջակցության շնորհիվ։ Պտուղ-բանջարեղեն վերամշակող Արարատի, Արտաշատի, Արմավիրի պահածոների և գինու գործարաններին շվեյցար. «Անդե Գրուպ» ընկերությունը 1999-ին տրամադրել է տարբեր սարքավորումներ։ Լինսի հիմնադրամը և ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի մարկետինգի աջակցության ծրագիրը զգալիորեն նպաստել են ոլորտի զարգացմանը։

Ագրովերամշակող ճյուղում ներդրումներ են կատարել նաև ֆրանս. «Պեռնո Ռիկար» (30 մլն դոլար՝ կոնյակագործության մեջ), «Կաստել» (18 մլն դոլար՝ գարեջրի և հանք․ ջրերի արտադրության մեջ) ընկերությունները։ 10 մլն դոլար ներդրումներ են կատարվել հայ-հուն. «Մասիս Տոբակ», հայ-կանադ. «Գրանդ Տոբակո», հայ-ռուսական «Գրանդ Քենդի» և «Կոկա Կոլա» ընկերություններում։ Խոշոր նեդրումների հաշվին նոր տեխնոլոգիաներով են հագեցվել «Եվրոթերմ» ՓԲԸ-ն, «Թամարա ֆրութ» ՍՊԸ-ն, Երևանի գինու, օղու, կոնյակի կոմբինատը, «Գրեյթ Վելի», «Վեդի Ալկո», «Արտաշատ Վինկոն», «Ջերմուկ Գրուպ», «Բջնի»,