Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևանի «Զովք» և այլ ընկերությունների ձեռնարկությունները։

ՀՀ-ում գործում են (2011) 30 պահածոների, 40 գինեգործ., մոտ 250 կաթի, 70 մսամթերքի և 4 ծխախոտի վերամշակման ընկերություններ։

Մինչև անկախության հռչակումը ԱԱՀ-ն Հայաստանի տնտեսության կարևոր օղակներից էր, զգալի դեր ուներ գյուղատնտեսական արտադրանքի թողարկման, պահպանման, վերամշակման, փաթեթավորման, ԽՍՀՄ տարբեր շրջաններ շուկայահանման և այլ գործառույթներում։ 1986-ի վերջին ՀԽՍՀ ԱԱՀ-ն ընդգրկել է 39 շրջ. ագրոարդմիավորումներ, 277 կոլեկտիվ և 523 խորհրդային տնտեսություններ, 67 միջտնտեսական գյուղատնտեսական ձեռնարկություններ (բացի շին-ից), 135 սննդի, մսի և կաթի արդ-յան, 1-ական գյուղատնտեսական հումքի նախնական վերամշակման, թեթև արդ-յան, տրակտորների և գյուղմեքենաների նորոգման, 136 գյուղշին. (ներառյալ նաև միջտնտեսությունները) ձեռնարկություններ ու կազմակերպություններ։ ԱԱՀ-ին բաժին է ընկել համախառն արդյունքի 21 %-ը, նյութ․ արդ-յան մեջ զբաղվածների՝ 27, հիմն․ ֆոնդերի՝ 26 %-ը։

ՀՀ-ի ներկայիս տնտեսության մեջ նույնպես ԱԱՀ-ն կարևոր հատված է. 2011-ին համակարգում ստեղծվել է հանրապետության ՀՆԱ-ի մոտ 22 %-ը։


ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գյուղատնտեսության զարգացման պատմությունից

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված սեպագրերը (Սևանա և Վանա լճերի ափամերձ ժայռերի վրա), ասորեստանյան աղբյուրների հիշատակումները (մ. թ. ա. IX դ-ի սկիզբ), հնագույն ժայռապատկերները (Գեղամա և Զանգեզուրի լեռներ), բազմաթիվ վայրերից (Կարմիր բլուր, Ծովինար ամրոց, Արագածի լանջեր, Վանա լճի ավազան, Արենիի քարանձավ և այլն) պեղված գյուղատնտեսական կենդանիների ոսկորները, բույսերի սերմերը, խաղողի կորիզները, գործիքները, գինու կարասները, մինչև օրս գործող հնագույն ջրանցքները (Սարդարապատի, Էջմիածնի, Դալմայի, Աշտարակի և այլն), օտար և հայ գիտնականների (Հերոդոտոս, Ստրաբոն, Քսենոփոն, Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի և ուրիշներ) տեղեկությունները վկայում են, որ Հայաստանը հացաբույսերի, խաղողի վազի, որոշ պտղատու ծառերի մշակության, կենդանիների ընտելացման, գյուղատնտեսության որոշ ճյուղերի սկզբնավորման կենտրոններից է։

Ցորենի, գարու, կորեկի մշակումը Հայկական լեռնաշխարհում սկսվել է 7-8 հազար տարի առաջ, իսկ տավարը, խոզը, այծն ու ոչխարն ընտելացվել են նեոլիթի ժամանակաշրջանում։

Մ. թ. ա. IX դ-ից կատարելագործվել են երկրագործ․ գործիքները, բարելավվել կենդանիների ցեղերը, բույսերի փոփոխակները, կառուցվել են ջրանցքներ ու ջրամբարներ։ Մ. թ. ա. VI-V դդ-ում զարգացած էին այգեգործությունը, պտղաբուծությունը, ոչխարաբուծությունը, այծաբուծությունը, մասամբ նաև տավարաբուծությունը։

Աքեմենյան ու հելլենիստ. դարաշրջաններում, հատկապես հայկական հողերի միավորումից հետո և Տիգրան Բ Մեծի թագավորության օրոք (մ. թ. ա. 95-55) Հայաստանի գյուղատնտեսությունն զգալի վերելք է ապրել։

Մ. թ. I դ-ի 2-րդ կեսին Հայաստանի անկախության վերականգնումն ու հզորացումը նպաստավոր պայմաններ են ստեղծել գյուղատնտեսության զարգացման համար։

Բագրատունիների օրոք ընդարձակվել են ցանքատարածությունները, կատարելագործվել հողի մշակման ձևերը։ Գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերը զարգացման բարձր աստիճանի են հասել Կիլիկիայի հայկական պետությունում (XI-XIV դդ.)։ XVI դ-ում Հայաստանի բաժանումը օսմանյան. Թուրքիայի և Պարսկաստանի միջև արգելակել է ճյուղի զարգացումը։

Արևելյան Հայաստանում դրությունը փոխվել է միայն Ռուսաստանին միանալուց (1828) հետո, ընդարձակվել են ցանքատարածությունները, աճել կենդանիների գլխաքանակը, ավելացել է մշակաբույսերի համախառն արտադրանքը։ Առաջին համաշխ. պատերազմի (1914-1918) և ազգամիջյան կռիվների տարիներին