Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի ու «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» շրջանակներում կիրառվող մրցակցային դրամաշնորհի միջոցներով սկսել են մշակել բրյուսելյան, չին., պեկինյան և կարմրագլուխ կաղամբներ, բրոկկոլի, կոլռաբի, մշակովի հազարի տարբեր տեսակներ։

Ջերմատնային տնտեսություններ կան հանրապետության գրեթե բոլոր մարզերում։ Ջերմատներն զբաղեցնում են մոտ 75 հա տարածք, որտեղ աճեցնում են բանջարեղեն (60 %) և ծաղիկ (40 %)։

Տեխնիկական մշակաբույսեր։ Հանրապետությունում մինչև 1988-ը մշակվել են շաքարի ճակնդեղ (Շիրակի, Լոռու մարզեր), վարդաբույր խորդենի (Արմավիրի մարզ), մինչև 1965-ը՝ բամբակենի (Արարատյան դաշտ)։ Սահմանափակ տարածքներում մշակում են ծխախոտ և ձիթատու կտավատ։ 2010-ին Ախուրյանի տարածքում շաքարի գործարանի շահագործումից հետո առաջացել է ճակնդեղագործությունը վերականգնելու անհրաժեշտություն։

Կերային բույսերից մշակում են առվույտ, կորնգան, երեքնուկ, վիկ և կերի արմատապտղավորներ։ 2010-ին ցանովի կերային մշակաբույսերի ցանքատարածությունը 65,5 հազար հա էր։ Առվույտ մշակում են Արարատյան դաշտում, նախալեռն. և լեռն․ գոտիներում, կորնգան՝ նախալեռն․ ու լեռն․ գոտիներում, երեքնուկ՝ Շիրակի գոտու լ-տափաստանային և Սևանի ավազանի լեռն․ սահմանափակ տարածքներում, վիկ ու կերային արմատապտղավորներ՝ որոշ գյուղաց. տնտեսություններում։


ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայկական լեռնաշխարհն անասնաբուծության սկզբնավորման կենտրոններից էր. այստեղ դեռևս հնագույն ժամանակներում է մարդն սկսել վարժեցնել ու ընտելացնել վայրի կենդանիներին և օգտագործել իր տնտեսական կարիքների համար։ Հանրապետության լ-զանգվածներում (հատկապես Վայոց ձորի և Արարատի մարզերում) ներկայումս հանդիպող վայրի ոչխարն ու այծն ընտանի տեսակների նախահայրերն են։

Անասնաբուծությունը Հայաստանում նկատելի զարգացման է հասել I հազարամյակում և հատկապես Ուրարտուի համահայկական թագավորության (մ. թ. ա. IX-VI դդ.) ժամանակաշրջանում, Բագրատունիների (X-XI դդ.) օրոք և Կիլիկիայի հայկական պետությունում (XI-XIV դդ.)։ XIX դ-ում ոլորտի զարգացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալուց հետո, իսկ ինտենսիվ հիմքերի վրա է դրվել խորհրդային տարիներին։

1988-ին հիմն․ անասնապահ․ մթերքների արտադրությունը կազմել է՝ միս (սպանդային քաշով)՝ 113,2 հազար տ, կաթ՝ 569,9 հազար տ, ձու՝ 618,1 մլն հատ։

ՀՀ անկախացումից հետո ագրարային բարեփոխումների առաջին տարիներին թույլ տրված սխալների պատճառով լրջորեն տուժել է նաև անասնաբուծությունը։ 1991-93-ին սեփականաշնորհվել է ողջ անասնագլխաքանակը։ Ստեղծված գյուղաց. և գյուղաց. կոլեկտիվ տնտեսությունները, չունենալով անհրաժեշտ կերի բազա, ինտենսիվ պահվածքի ու խնամքի, ինչպես նաև արտադրանքի իրացման հնարավորություններ, կրճատել են անասնագլխաքանակը։ 1997-ին, 1990-ի համեմատությամբ, ածան հավերի և խոզերի գլխաքանակը կրճատվել է 4, ոչխարինը՝ 3 անգամ, տավարինը՝ կիսով չափ։ Ոլորտում կայունություն է նկատվել 1998-ից. 2011-ին հանրապետությունում կային 571,4 հազար խոշոր եղջերավորներ, 114,8 հազար խոզ, 559,2 հազար ոչխար և այծ, 3462,5 հազար թռչուն։

Տավարաբուծությունը ՀՀ-ում անասնապահության առավել զարգացած ճյուղն է։ Մեկ գյուղաց. տնտեսության հաշվով՝ տավարի միջին գլխաքանակը 2,3 է (այդ թվում՝ 1,3 կով)։ Հանրապետությունում