բուծվող տավարի գլխաքանակի 98 %-ը կովկասյան գորշ տավարի ցեղի կենդանիներն են։ Արտադրվող մսի (կենդանի զանգվածով) 62 %-ը և կաթի 98,5 %-ն ստացվել են տավարաբուծությունից (2010)։
Ոչխարաբուծություն։ Հայկական լ-աշխարհը եղել է ոչխարաբուծության սկզբնավորման կենտրոններից։ Դեոևս մ. թ. ա. IX դ-ի կեսին Հայկական լեռնաշխարհում հայտնի էին ոչխարների տարբեր տիպեր։ Ժողովրդական երկարատև ընտրասերման միջոցով Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել են մազեխ, բոզախ, բալբաս, Ղարաբաղ, կարամանյան ոչխարի ցեղեր։ Ոչխարաբուծությունն սկսել է զարգանալ հատկապես Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց և խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո։
988-ին հանրապետությունում կար 1,72 մլն ոչխար, 1991-ին՝ 1 մլն։
Անկախացումից հետո ագրարային բարեփոխումների հապճեպ իրականացման և սխալների, տնտեսական ճգնաժամի, շրջափակման, տնտեսվարման նոր պայմաններում ոչխարաբուծությունը հետընթաց է ապրել։ Ոչխարների և այծերի գլխաքանակը 1998-ին կրճատվել է գրեթե կիսով չափ և կազմել 521 հզ„ իսկ 2011-ին՝ 559.2 հազար։ Բուծվում են հիմնականում կիսանրբագեղմ տիպի, հայկական կիսակոպտաբուրդ, քիչ քանակությամբ՝ բալբաս, բոզախ, մազեխ և Ղարաբաղ ցեղերի ոչխարներ։
Խոզաբուծությունը մինչև 1991-ը հանրապետությունում զարգացել է հիմնականում արդյունաբերական տիպի խոշոր համալիրներում։ Անկախացումից հետո խոզի մսի հիմն․ արտադրողները գյուղաց. տնտեսություններն են։ ՀՀ-ում բուծում են խոզերի խոշոր սպիտակ, լանդրաս, ուկր. տափաստանային և այլ ցեղեր։ 2011-ին հանրապետությունում կար 114,8 հազար խոզ։
Թռչնաբուծություն։ Հայկական լ-աշխարհում հնագույն ժամանակներից տարածված են եղել ընտանի թռչունների առանձին տեսակներ (հավ, աղավնի և այլն)։ Թռչնաբուծությամբ զբաղվել են գյուղաց. մանր տնտեսությունները։ 1920-ական թթ-ի վերջին հանրապետությունում թռչնաբուծության տեսակարար կշիռն անասնապահության մեջ չի գերազանցել 1,42 %-ը։ 1925-ին ՀԽՍՀ հողժողկոմատը կազմակերպել է թռչնաբույծների 10 ընկերություն։ Թռչնաբուծ. առաջին ֆերման հիմնադրվել է 1926-ին Թոխմախան գյուղում (այժմ՝ Երևանի շրջագծում)։ 1930-ին ստեղծվել է առաջին թռչնաբուծարանը (Դիլիջանի մոտ), ապա ստեղծվել են ինկուբատորային կայաններ, թռչնաբուծ. ֆերմաներով տնտեսություններ։ 1955-ին սկսել է գործել Էջմիածնի շրջանի Շահումյան ավանի (այժմ՝ Արմավիրի մարզում) թռչնաբուծ. առաջին ֆաբրիկան։
Ներկայումս ՀՀ-ում գործում են Լուսակերտի, Արզնու տոհմային, Գետամեջի (Կոտայքի մարզ), Ջրառատի, «Արաքս» (Արմավիրի մարզ), Գնդեվազի (Վայոց ձորի մարզ), «Սյունիք» (Սյունիքի մարզ), «Շիրակ» (Շիրակի մարզ), «Երևան» (Երևանի քաղաքապետարան) թռչնաբուծ. ֆաբրիկաները, «Արգո» թռչնաբուծ. տնտեսությունը։
2011-ին ՀՀ-ում կար 3462,5 հազար թռչուն, արտադրվել է 633.6 մլն ձու։
Մեղվաբուծության հնագույն կենտրոններից է Հայաստանը։ Մեղվաբուծության զարգացմանը նպաստել են բնակլիմ. բարենպաստ պայմանները, հնագույն ժամանակներից հայկական դեղին և լեռն․ գորշ մեղուների ցեղերի ու նրանց խառնացեղերի առկայությունը։
1904-ին ՀՀ ներկայիս տարածքում կար 18 հազար, 1918-20-ին՝ 15-16 հզ. մեղվաընտանիք։
Մեղվաբուծության զարգացման համար 1931-ին Երևանում հիմնադրվել է Այսրկովկասյան (1933-ից՝ Հայկական) մեղվաբուծ. գոտիական, 1958-ին՝ փորձն․ կայանը, 1960-ական թթ-ի վերջերից՝ Մեղրու մեղվաբուծարանը (հայկական դեղին մեղվի ցեղի մայրեր բուծելու համար) և գորշ (Տավուշ) մեղուների արգելոցները։ 1970-1980-ական թթ-ին ստեղծվել են Նաիրիի մեղվամայրատոհմաբուծարանը, միջտնտեսական ձեռնարկություններ (Կապանում, Ապարանում և Ախուրյանում), Գորիսի և Աշտարակի մեղվաբուծ. տնտեսությունները, 1988-ին՝ «Նեկտար» մեղվաբուծ. արտադրագիտական միավորումը, 1997-ից՝