«Մուլտի Գրուպ» կոնցեռնի «Մուլտի Ագրո» ԳԱԿ-ի մեղվաբուծ. ԳՀ կայանը։ Բնակչության 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով ՀՀ-ն աշխարհում առաջիններից է։ 2011-ին ՀՀ-ում կար 250 հազար մեղվաընտանիք։
Ձկնարդյունաբերություն։ Ձկնաբուծությունը՝ որպես տնտեսության ճյուղ, հանրապետությունում ձևավորվել է 1920-ական թթ-ին։ 1923-ին հիմնադրվել է Երևանի ձկնաբուծ. կայանը (1935-ից՝ ջրակենսբ. կայան), կառուցվել են Գավառի (1924), Կարճաղբյուրի (1931), Սևանի (1959, «Ձուկ»), Լիճքի (1971, «Գոս» ՓԲԸ) և այլ ձկնաբուծարաններ։ 1931-ին ստեղծվել է «Հայձուկտրեստը», 1964-ին՝ ՀԽՍՀ ԺՏԽ-ին առընթեր ձկնաբուծ. տնտեսության վարչությունը։
1965-ից հանրապետությունում ձևավորվել է լճակային ձկնաբուծությունը։ Ստեղծվել են (1968) Եղեգնուտի կարպալճակային, Ակնալճի ֆորելային, Մեծամոր լճի իշխան ձկան, Արմաշի ծածանաբուծ. (1975) տնտեսությունները, Մասիսի կարպալճակային «Ձուկ» կոմբինատը, Եղեգնաձորի ձկնաբուծարանը, ինչպես նաև «Խոսրով»-ի անտառ-արգելոց և Մեղրու ֆորելային տնտեսությունները և այլն։ 2010-ին ձկնաբուծ. լճակային տնտեսությունների ընդհանուր ջրային մակերեսը 2677 հա էր, որից 1860,7 հա-ն՝ Արարատի, իսկ 722 հա-ն՝ Արմավիրի մարզում։ ՀՀ-ում ջրային մակերեսի յուրաքանչյուր հա-ից ստացվել է միջին հաշվով 1,96 տ ապրանքային ձուկ։ Սառեցված և վերամշակված ձուկ ու խավիար արտահանվում են ԱՄՆ, ՌԴ, Վրաստան և Ուկրաինա։
ՀՀ-ում արդյունագործ․ նպատակներով բուծում են սպիտակ ու սև ամուրներ, սպիտակ ու խայտաբղետ պնդաճակատներ, թիաքիթ, ճապոն, կարպ (կոյի), աֆրիկյան լոքո, թառափազգիներից՝ սիբիրյան և ռուս․ թառափներ, սաղմոսազգիներից՝ ծիածանափայլ և ոսկեփայլ իշխաններ, Գեղարքունիքի կարմրախայտ և այլն։
Անտառային տնտեսություն։ Ներկայումս անտառածածկ է ՀՀ տարածքի մոտ 11 %-ը, սակայն հանրապետության անտառազուրկ տարածքների զգալի մասը վաղ անցյալում ծածկված է եղել անտառներով։ Դարերի ընթացքում անկանոն շահագործման և հատման հետևանքով ՀՀ անտառների զգալի մասը ոչնչացվել է, անհետացել են բույսերի բազմաթիվ արժեքավոր տեսակներ, պահպանված անտառները հիմնականում ցածրարժեք տնկարկներ են։
Խորհրդային տարիներին վերականգնվել են անտառային բազմաթիվ զանգվածներ, ստեղծվել են նորերը։ ՀԽՍՀ-ում առաջին անտառային տնտեսությունները հիմնադրվել են 1924-ին Հրազդանի շրջանում (այժմ՝ Կոտայքի մարզում)։ 1924-85-ին ստեղծվել են մոտ 115 հազար հա տնկարկներ։
1991-ին էներգետիկ․ ճգնաժամի և տնտեսական շրջափակման պատճառով գերհատվել են բազմաթիվ անտառներ։ Անտառային ֆոնդի զգալի տարածքներ տուժել են զանգվածային անթույլատրելի ծառահատումներից, կրճատվել են անտառածածկ տարածքները, ավելացել են տարահասակ ցածրարժեք անտառները, խախտվել է անտառի ջրաբան․ ռեժիմը, ակտիվացել են էրոզային երևույթները, սողանքներն ու հեղեղումները։
1993-ին ՀՀ անտառային ֆոնդը 460 հազար հա էր, որից 334,1 հազար հա-ն անտառածածկ տարածքներ էին, մոտ 50 հազար հա-ն՝ արհեստ.։ ՀՀ Կառավարության 2005-ի որոշմամբ հաստատվել է Հանրապետության անտառի զարգացման ազգային ծրագիրը։ 2004-09-ին պետական բյուջեի և տարբեր ծրագրերի հաշվին 30,5 հազար հա տարածքում կատարվել են անտառվերականգնման աշխատանքներ։ Ճապոնիայի Կառավարության «Պարենային արտադրության աճ» գործընկերային ֆոնդի հաշվին 2006-09-ին տարբեր մարզերում հիմնվել է 1288 հա, իսկ Գերմանիայի շրջակա միջավայրի, բնապահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության, Գերմանիայի զարգացման բանկի (Բնության համաշխ. հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ) ֆինանսավորմամբ 2009-ին Լոռու մարզում ստեղծվել են 100 հա, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակում՝ Գլոբալ էկոլոգ. ֆոնդի հատկացումներով՝ Սյունիքի մարզում՝ 10 հա անտառամշակույթներ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ 2009-ից Կոտայքի մարզում իրականացվում է անտառապատման և անտառվերականգնման ծրագիր։
Անտառտնտեսության գիտաարտադրական հիմնահարցերը մշակվում են ՀՀ գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստ-ում։
Սամվել Ավետիսյան, Հենրիկ Խաչատրյան