Էջ:Armenia Encyclopedia.djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

89 %, էլեկտրատրանսպորտինը՝ 10 %, օդայինինը՝ 0,7 %։

Երկաթուղային տրանսպորտ։ Արևելյան Հայաստանում առաջին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ (Գյումրի) 213,8 կմ երկար. երկաթուղին շահագործման է հանձնվել 1899-ին։ 1902-ին սկսել են գործել Ալեքսանդրապոլ-Մասիս (149 կմ), Մասիս-Երևան (14 կմ) և Մասիս-Ջուլֆա ուղեմասերը։ 1913-ին ՀՀ ներկայիս տարածքում երկաթուղիների երկարություն 362 կմ էր։ Երկթղ. կանոնավոր հաղորդակցություն է հաստատվել Երևան-Թիֆլիս, Ջուլֆա-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս-Բաքու-Հյուսիսային Կովկաս-Կենտրոնական Ռուսաստան ուղղություններով։

Բեռնաշրջանառության մեջ գերակշռել են գյուղատնտեսական (հատկապես՝ հացահատիկ), սննդի ու թեթև արդ-յան ապրանքները։ Ներմուծվել են կերոսին, շաքար, կիսաֆաբրիկատներ, ցորեն, արտահանվել գինի, կոնյակ, միրգ, բամբակ, կաշի, մորթի, գորգ և այլն։

Առաջին համաշխ. պատերազմի (1914-1918) տարիներին Կովկասյան բանակին անհրաժեշտ մատակարարումները կատարվել են Հայաստանի երկաթուղով։ 1918-ին Հայաստան ներխուժած թուրք. զորքերն ավերել ու թալանել են երկաթուղիները։ Երկթղ. տնտեսության վերականգնման հիմն. աշխատանքներն սկսվել են 1923-ին։ Նորացվել է վագոնային պարկը, համալրվել ավտոմատ արգելակներով սարքավորված շարժակազմով, մեծացել է գնացքների արագությունը։ Հայրեն. մեծ պատերազմի (1941-45) տարիներին կառուցվել են Ջուլֆա-Մինջևան (այժմ՝ Միջնավան) երկաթուղին, որով կապ է հաստատվել Մեղրու տարածաշրջանի և Երևանի միջև։

Հետպատերազմյան տարիներին սկսվել են երկաթուղու էլեկտրիֆիկացման աշխատանքները։ 1986-ին էլեկտրիֆիկացված գծերի տեսակարար կշիռը կազմել է 90 % (էլեկտրաքարշը ներդրվել է 1953-ից)։ Մանևրային աշխատանքներում շոգեքարշները փոխարինվել են ջերմաքարշներով, վագոնային պարկը համալրվել է մեծատոնևաժ շարժակազմով։ Բարձրացել են էներգապաշարների օգտագործման գործակիցը, աշխատանքի ֆոնդազինվածությունն ու արտադրողականությունը։

1980-85-ին շահագործման են հանձնվել երկաթուղու Մասիս-Նուռնուս, Իջևան-Դիլիջան, Հրազդան-Դիլիջան հատվածները։

ՀՀ անկախացումից հետո Այսրկովկասյան երկաթուղու Երևանի բաժանմունքի հիմքի վրա կազմավորվել է Հայկական երկաթուղին։ Թուրքիան և Ադրբեջանն ամբողջությամբ շրջափակել են երկթղ. ելքերը ՀՀ-ից, իսկ Այսրկովկասյան երկաթուղին չի գործել վրաց-աբխազ. հակամարտության պատճառով։ Հանրապետությունը հայտնվել է արտաքին աշխարհից լիակատար «երկաթուղային մեկուսացման» մեջ։ Երևան-Մոսկվա երկթղ. վերջին երթն իրականացվել է 1992-ին։ Երևան-Թբիլիսի երթուղում կանոնավոր հաղորդակցությունը վերականգնվել է 1996-ին։

Հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարիչ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պարտավորվել է կատարել 572 մլն դոլարի ներդրումներ (200 մլն-ը՝ 1-ին 5 տարում) ենթակառուցվածքները և շարժակազմերն արդիականացնելու համար։

Գործում են երկթղ. համակցված փոխադրումների Երևանի և Գյումրիի բեռնահամալիրները։ 2011-ին շահագործվող հիմն. երկաթուղու երկարություն 726,5 կմ էր, լայն.՝ 1,52 մ։ Նախատեսվում է կառուցել Ֆիոլետովո-Վանաձոր նոր երկաթուղի (31,2 կմ), որը միմյանց կմիացնի Իջևան-Հրազգան-Երևան և Թբիլիսի-Գյումրի-Մասիս ուղղությունները։

2007-ին ձեռք է բերվել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման պայմանավորվածություն։ Նախն. հաշվարկներով՝ երկաթգծի երկար. լինելու է 470 կմ, որից 60 կմ-ը՝ Իրանի, 410 կմ-ը՝ ՀՀ տարածքում. սկսվելու է Գագարին կայարանից (Գեղարքունիքի մարզ)։

Ավտոմոբիլային տրանսպորտ։ Առաջին ավտոմոբիլը Երևանում հայտնվել է 1913-ին։ Մինչ այդ ուղևորափոխադրումները կատարվել են հիմնականում սայլերով, ֆուրգոններով (մինչև 1931-ը), իսկ Հայաստանում գործող 1058,7 կմ ընդհանուր երկար. ճանապարհի 752,3 կմ-ը խճուղի էր։ Տրանսպորտային հաղորդակցություն է հաստատվել Թիֆլիս-Դիլիջան-Ելենովկա (Սևան)-Երևան և նրա շարունակության՝ Նախիջևան-Ջուլֆա և Դիլիջան-Ղարաքիլիսա (Վանաձոր)-Ալեքսանդրապոլ-Արևմտյան Հայաստանի