Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«ՀՀ 2011-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հանրապետությունում համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 877,9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերը՝ 1026,5 մլրդ դրամ, պակասուրդը՝ 148,6 մլրդ դրամ։

Աղ-ից հետևում է, որ պետբյուջեի եկամուտները, տրանսֆերտներն ու հարկային եկամուտները 1995-2011-ին կայուն կերպով աճել են, բայց հարկային հավաքագրումների մակարդակը դեռևս ցածր է՝ ՀՆԱ-ի 17 %-ը։ ՀՀ բյուջեի ծախսերը 2005-ից աճել են, 2010-11-ին՝ ճգնաժամով պայմանավորված՝ նվազել։

ՀՀ համայնքների բյուջեների եկամուտները 2011-ին կազմել են 90,9 մլրդ դրամ (ներառյալ պետբյուջեից ստացված պաշտոն․ դրամաշնորհները), ծախսերը՝ 90,9 մլրդ դրամ։

ՀՀ-ում սահմանված հարկերի տեսակներն են շահութահարկը, եկամտահարկը, ակցիզային հարկը, ավելացված արժեքի հարկը, գույքահարկը և հողի հարկը։ Օրենքով կարող են սահմանվել նշված հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ պարզեցված հարկեր։ Դրանք վճարվում են ՀՀ պետական և (կամ) համայնքների բյուջեներ։

ԲԱՆԿԵՐ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1991-ի դեկտ-ին նորանկախ ՀՀ ազգային բանկի գործառույթները դրվել են ՀՀ պետական բանկի վրա՝ շրջանառու արժույթը թողնելով խորհրդային ռուբլին։

1993-ի սեպտ-ին նախկին ԽՍՀՄ մի շարք հանրապետությունների և ՌԴ-ի միջև ստորագրվել է համաձայնագիր՝ միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, իսկ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև՝ երկկողմանի համաձայնագիր, սակայն դրանք չեն իրագործվել։ Ավելին, ՀՀ-ն խորհրդային ռուբլու շրջանառության գոտում մնացած նախկին հանրապետություններից վերջինն էր և հայտնվել էր անկանխատեսելի վտանգի առջև, զրկվել ինքնուրույն ֆինանս․ քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից։

Այդ ճգնաժամը հաղթահարելու նպատակով ՀՀ ԳԽ-ի որոշմամբ հոկտ. 13-ին ստեղծվել է դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով [ՀՀ ԳԽ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Տ. Սարգսյան, Կենտր․ բանկի (ԿԲ) նախագահ՝ Ի. Իսահակյան, ֆինանսների նախարար՝ Լ. Բարխուդարյան], որի 1993-ի նոյեմբ. 19-ի №15 որոշմամբ ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվել ազգ. արժույթը՝ դրամը։ ԿԲ-ի ոսկու և արտարժույթի պահուստներն այդ ժամանակ կազմել են ընդամենը 500 հազար դոլար։

1993-ի ապրիլին ընդունվել է «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, որով ազգային բանկը վերանվանվել է ՀՀ ԿԲ-ի, նախագահ է նշանակվել Ի. Իսահակյանը, որը պետական բանկը կառավարում էր դեռևս 1986-ից (1994-98-ին՝ Բ. Ասատրյան, 1998-2008-ին՝ Տ. Սարգսյան, 2008-ից՝ Ա. Ջավադյան)։

ՀՀ Կենտրոնական բանկ

«Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի (1993) համաձայն՝ ԿԲ-ի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապահովումն է, որի իրագործման նպատակով այն մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագիր։ Ավելի ուշ ԿԲ-ին է վերապահվել նաև հանրապետության ֆինանս․ համակարգի բոլոր մասնակիցների գործունեության կարգավորման և վերահսկողության գործառույթը։

Դրամավարկային քաղաքականություն

ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության առաջին ծրագիր մշակել է 1994-ին։

ԱՊՀ-ում առաջինը ՀՀ ԿԲ-ն է անցել գնաճի նպատակադրման քաղաքականության (2006-ի հունվ. 1-ից), ըստ որի՝ ցածր և կայուն գնաճի ապահովումն իրականացվում է ոչ միայն հետևելով փողի զանգվածին, այլև այլ գործոնների։ Գնաճի նպատակադրման ռազմավարության հիմնական գործիքը վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքն է, որն ամեն ամիս սահմանում է ԿԲ խորհուրդը։ 2007-ից ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ սահմանվել է 4 %-ը՝ 1,5 %-ի տատանումների միջակայքով։

ՀՀ ԿԲ-ն վարում է ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն։ Շուկայում ձևավորված փոխարժեքի հիման վրա հրապարակում է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները։

ՀՀ ԿԲ-ի արժութային քաղաքականությունը միտված է ՀՀ դրամի հուսալիության և միջազգային հեղինակության բարձրացմանը, ընթացիկ արժութային գործառնությունների և կապիտալի շարժի, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ իրավատնտեսական դաշտի ստեղծմանը։ Այդ նպատակով հայտարարվել է համապատասխան արժութային ռեժիմ, մշակվել է արժութային