Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համակարգի գործունեության սկզբունքը, սահմանվել են օրենսդրական կարգավորման շրջանակները։

1997-ի մայիսի 29-ից ՀՀ-ն անդամակցում է Արժույթի միջազգային հիմնադրամին և ընդունել է հուսալի տնտեսական քաղաքականություն վարելու պարտավորություններ։

Ընդունվել են նաև բանկային համակարգի գործունեությունը կարգավորող մի շարք օրենքներ՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Բանկային գաղտնիքի մասին» (երկուսն էլ՝ 1996), «Բանկերի սնանկացման մասին» (2001) և այլն։

«Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով (2002) երկրում վարկային կազմակերպությունների արտոնագրման և վերահսկողության բացառիկ իրավասությունը նույնպես վերապահվել է ԿԲ-ին։ 2005-ին ՀՀ-ում ներդրվել է ֆինանսական կարգավորման և վերահսկողության միասնական համակարգ, որով ֆինանս․ համակարգի բոլոր մասնակիցների գործունեության կարգավորման և վերահսկողության գործառույթը վերապահվել է ՀՀ ԿԲ-ին։

Առևտրային բանկեր

1991-ին ՀՀ տարածքում գործել են 39, 1992-ին՝ 51, 1993-ին՝ 58 առևտրային բանկեր (ընդհանուր կապիտալը՝ 283 մլն դրամ), 62 գրավատուն և 7 ապահովագր. ընկերություններ։

Անդամակցող բանկերի շահերը պաշտպանելու նպատակով 1995-ին հիմնվել է Հայաստանի բանկերի ընկերակցությունը (նախագահ՝ Տ. Սարգսյան՝ 1995-98), որը 1998-ին վերածվել է Հայաստանի բանկերի միության։

Ներկայումս ՀՀ-ում գործում են 21 առևտր. բանկեր՝ 405 մասնաճյուղերով։ Բանկերի ընդհանուր կապիտալը 318,9 մլրդ դրամ է, ընդհանուր ակտիվները՝ 1 տրլն 560 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները՝ 1 տրլն 241 մլրդ դրամ։

ՀՀ ֆինանս․ շուկայում ներառված են նաև 32 վարկային կազմակերպություններ՝ 60 մասնաճյուղերով, 11 ապահովագր. ընկերություններ և 5 ապահովագր. միջնորդներ (բրոքեր), ՀՀ արժեթղթերի շուկայի մասնակիցները՝ 8 ներդրումային ընկերություններ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան և «Նասդաք ՕէմԷքս Արմենիա» ԲԲԸ-ն, 116 գրավատուն, 239 արտարժույթի առք ու վաճառք իրականացնող փոխանակման կետեր, արժութային հայ գործառուի գործունեությամբ զբաղվող 2 իրավաբան․ անձինք, դրամ․ փոխանցումներ իրականացնող 10 ընկերություն, վճարային 6 գործիք, վճարահաշվարկային փաստաթղթերի ընթացարկում (պրոցեսինգ) և հաշվանցում (քլիրինգ) իրականացնող 1 կազմակերպություն, 15 հաշվետու թողարկողներ։

2011-ի սեպտ. 7-ին Երևանում բացվել է Համահայկական բանկը (գլխավոր գործադիր տնօրեն՝ Վահրամ Ներսիսյանց), որը ֆինանսավորելու է համահայկական նշանակության նորարար․ նախագծերը, որոնք իրականացնում են համահայկական ցանցի անդամ-մասնակիցներն աշխարհի ցանկացած կետում։ Բանկի հեռահար նպատակը հզոր տեղեկատվ. ցանցի վրա հիմնված գործարար կապերի ստեղծումն է։

Համահայկական բանկի կանոնադրական կապիտալը մոտ 100 մլն դոլար է, որի 20 %-ը տրամադրել է ՀՀ Կառավարությունը։

Դրամաշրջանառություն

ՀՀ ազգային դրամանիշը՝ դրամը, շրջանառության մեջ է դրվել 1993-ի նոյեմբ. 22-ին՝ ՀՀ ԿԲ 10, 25, 50, 100, 200 և 500-դրամանոց բանկային տոմսերի ձևով։ Փոխանակումը կատարվել է 1 դրամ = 200 ռուբլի հարաբերությամբ։

Մինչև 1994-ի մարտի 17-ը ժամանակավոր շրջանառության մեջ են թողնվել նաև խորհրդային 1961-92-ի նմուշների 1-ից մինչև 500 ռ. անվան․ արժեքներով թղթադրամները։

1994-ի փետր. 21-ին շրջանառության մեջ են դրվել 1-ին շարքի ալյումինե մետաղադրամները՝ 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվան․ արժեքներով, 1994-ի հոկտ. 24-ին՝ 1994-ի նմուշի 1000 դրամ, իսկ 1995-ի սեպտ. 6-ին՝ 1995-ի նմուշի 5000 դրամ անվան․ արժեքներով թղթադրամները։ 1998-ից սկսած՝ թողարկվել են 50, 100, 500, 1000, 5000, 10.000 և 20.000 դրամ անվան. արժեքներով 2-րդ շարքի թղթադրամները։

2001-ի հունիսի 4-ին շրջանառության մեջ է դրվել 50.000 դրամ անվան․ արժեքով հոբելյանական թղթադրամը՝ նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին։

2004-05-ին շրջանառությունից հանվել են 1993-95-ի նմուշի և 1998-ի նմուշի 50 ու 100 դրամ անվան․ արժեքներով թղթադրամները։

2003-04-ին շրջանառության մեջ են դրվել 2-րդ շարքի մետաղադրամները՝ 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվան․ արժեքներով, 2009-ի օգոստ. 24-ից՝ 100.000 դրամ անվան․ արժեքով հիշատակային թղթադրամը, որի վրա պատկերված է Եդեսիայի՝ ազգությամբ