Աշխատանքը մարդու բավարար կենսամակարդակի ապահովման, նյութ․ և հոգևոր պահանջմունքների բավարարման, ինքնազարգացման, ինչպես նաև ինքնադրսևորման կարևորագույն միջոցներից է։ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածով երաշխավորվում է յուրաքանչյուր անձի աշխատանքի ընտրության ազատությունը։ Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք։ ՀՀ-ում հարկադիր աշխատանքն արգելվում է։
Աղյուսակ. Զբաղվածության հիմնական ցուցանիշները ՀՀ-ում 2007-11-ին (հազար մարդ)
Ցուցանիշներ | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
Աշխատուժի թիվը | 1181,3 | 1176,6 | 1192,6 | 1187,5 | 1201,7 |
Զբաղվածների թիվը | 1092,4 | 1101,5 | 1117,6 | 1103,0 | 1122,1 |
Գործազուրկների թիվը՝ ըստ կրթության | 88,9 | 75,1* | 75,0* | 84,5* | 79,6* |
բարձրագույն | 12,6 | 8,8 | 10,0 | 11,9 | 12,0 |
միջին մասնագիտական | 22,0 | 16,6 | 17,0 | 19,3 | 18,1 |
Գործազրկության նպաստի իրավունք ստացածների թիվը | 13,0 | 18,4 | 21,0 | 33,3 | 27,8 |
Գործազուրկների թիվը՝ ըստ տարիքի | |||||
մինչև 30 տարեկան | 16,8 | 15,5 | 13,5 | 16,6 | 15,3 |
31-54 տարեկան | 62,7 | 51,1 | 53,0 | 55,3 | 52,9 |
55-ից բարձր | 9,4 | 8,5 | 8,5 | 12,6 | 11,3 |
Զբաղվածության ծառայության միջոցով աշխատանքի տեղավորվածների թիվը | 8,3 | 8,3 | 8,7 | 9,4 | 11,3 |
Գործազրկության մակարդակը | 7,2* | 6,7* | 6,3* | 7,1* | 6,9* |
* Հաշվարկված են միջինացված թվերով։
Խորհրդային տարիներին Հայաստանում անընդմեջ գրանցվել է աշխատունակ բնակչության՝ 16-60 տարեկան տղամարդկանց և 16-55 տարեկան կանանց թվաքանակի աճ, իսկ համընդհանուր զբաղվածությունը եղել է պետական քաղաքականություն։ 1990-ին երկրում տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշիռը եղել է 59,7 % (2.098,04 հազար)։ Վիճակը կտրուկ փոխվել է անկախացումից հետո, որը պայմանավորված էր նախ՝ մասնավորեցված ձեռնարկությունների մեծ մասի գործունեության դադարեցման, աշխատողների հարկադիր պարապուրդի, ապա՝ գործազրկության խորացման, ինչպես նաև շուկայական տնտեսվարման անցման դժվարություններով։ Այդ ամենի պատճառով հանրապետության բնակչության որոշ մասն արտագաղթել է (700-800 հազար), որի հետևանքով 1991-2001-ին տնտեսապես ակտիվ բնակչության տեսակարար կշիռը նվազել է 7 %-ով և կազմել ընդհանուր բնակչության 51 %-ը (արտագաղթածների 82 %-ը եղել է աշխատունակ տարիքի)։
ՀՀ-ում սահմանվել է 5-օրյա աշխատանքային շաբաթ, աշխատաժամանակի նորմալ տևողությունը շաբաթական՝ 40, օրական՝ 8 ժամ։ Այն կազմակերպություններում, որտեղ, արտադրության բնույթով կամ այլ հանգամանքներով պայմանավորված, անհնար է 5-օրյա աշխատանքային շաբաթը, սահմանվել է 6-օրյա աշխատանքային շաբաթ՝ 1 հանգստյան օրով։ Հանրապետությունում սահմանվել են 15 ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրեր։ Ամենամյա վճարովի նվազագույն արձակուրդի տևողությունը 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում սահմանվել է 20, իսկ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային օր։
Առանձին աշխատողների համար աշխատանքի պայմանները սահմանվում են անհատական կամ կոլեկտիվ աշխատանքային պայմանագրերով։ Մայրության և մանկության պաշտպանության նպատակով՝ աշխատող մայրերի համար սահմանվել են լրացուցիչ երաշխիքներ. աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար նույնպես տրամադրվում է արձակուրդ, որի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը (պաշտոնը)՝ բացառությամբ կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցում) և արտադրության ծավալների արտադրական անհրաժեշտությամբ կամ հաստիքների կրճատման դեպքերի։
Մինչև 14 տարեկան երեխաներին ընդհանրապես արգելվում է աշխատելը, իսկ մինչև 18 տարեկան անձանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր և վնասակար աշխատանքներ անելը։
14-16 տարեկանների համար աշխատանքային շաբաթվա տևողությունը սահմանվել է 24 ժ, 16-18 տարեկանների համար՝ 36 ժ։ Ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու իրավունք ունեն նաև հղի կանայք կամ մինչև 1 տարեկան երեխային խնամողը, հաշմանդամը, ընտանիքի հիվանդ անդամին խնամողը և այլն։
Աշխատանքային իրավունքների երաշխավորն ու պաշտպանը պետությունն է։ Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի,