Jump to content

Էջ:Armenia Encyclopedia.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀՀ տնտեսության համար կարևոր նշանակություն ունի նաև փոխատվական կապիտալի ներգրավումը։ Սեփական միջոցների սահմանափակության պայմաններում միջազգային վարկերի ներգրավումը ՀՀ-ի համար խիստ կարևորվում է հատկապես տնտեսական բարեփոխումների իրականացման և տնտեսության արդիականացման պայմաններում։

Կապիտալի միջազգ. միգրացիայի գործընթացներին ՀՀ-ի մասնակցությունը գնահատվում է ՀՀ միջազգ. ներդրումային դիրքով (ԱՆԴ), որը մինչև օրս մշտապես բացասական է։

2000-ի համեմատությամբ՝ ՀՀ ՄՆԴ-ն աճել է շուրջ 3 անգամ՝ 2009-ի դեկտ. վերջին կազմելով -4059,08 մլն դոլար։ Ակտիվները կազմել են 4199 մլն դոլար, պարտավորությունները՝ 8258,07 մլն դոլար։ Այդ աճը պայմանավորված է հիմնականում արտասահմ. պարտատոմսերում և պարտամուրհակներում ՀՀ ներդրումների ավելացմամբ։

Համաշխ. տնտեսական հանրությանը ՀՀ-ի անդամակցությամբ պայմանավորված՝ խորացել է նաև ՀՀ-ից աշխատուժի արտագաղթը, միջպետական միգրացիայի գործընթացներում ՀՀ-ն վերածվել է աշխատուժի դոնոր երկրի (2002-07-ին ՀՀ արտաքին միգրացիոն հոսքերի 94 %-ը կազմել են աշխատանքային միգրանտները, որոնց մեջ վերջին շրջանում մեծացել է գյուղաբնակների մասնաբաժինը)՝ դրանից բխող սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքներով։ Արտագաղթածների մոտ 70 %-ը ՀՀ-ն լքել է 1992-94-ին։ 1995-ից հանրապետությունում նկատվել է միգրացիոն գործընթացների որոշակի կայունացում։ ՀՀ-ից արտագաղթածների 3/4-ը մեկնել է ԱՊՀ երկըներ, որի 80-85 %-ը՝ ՌԴ, մնացած 1/4-ի գրեթե կեսը՝ եվրոպ. երկրներ, մոտ 40 %-ը՝ ԱՄՆ և այլն։

Այդ ամենի հետևանքով ՀՀ տնտեսությունն ավելի ու ավելի զգայուն է դառնում աշխատանքային միգրանտներին ընդունող երկրների տնտեսական և քաղաքական իրադրության փոփոխությունների նկատմամբ։

Վճարային հաշվեկշիռ

ՀՀ արտաքին տնտեսական գործունեության արդյունքում տեղի են ունենում տնտեսական հոսքեր հանրապետություն և հանրապետությունից դուրս, որոնք արտահայտվում են վճարային հաշվեկշռում։ Վերջինս բաղկացած է 2 հիմնական բաժիններից՝ ընթացիկ հաշվից (ցույց է տալիս ներմուծումը, արտահանումը, տրանսֆերտները և գործոնային եկամուտները) և կապիտալի ու ֆինանս․ հաշվից (կապիտալի ներհոսքը և արտահոսքը)։

Տնտեսության արտաքին կայունության տեսանկյունից կարևոր է ընդհանուր հաշվի պակասուրդը (դեֆիցիտ) ՀՆԱ-ի նկատմամբ։ 2000-ին այն կազմել է ՀՆԱ-ի 14,6 %-ը, 2007-ին նվազել է մինչև 6,4 %-ի։ Սակայն 2008-ին, համաշխ. ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, կրճատվել են ՀՀ ներհոսող տրանսֆերտներն ու գործոնային եկամուտները, կրճատվել է ՀՀ ապրանքների արտաքին պահանջարկը, որի հետևանքով պակասուրդն աճել է շուրջ 2 անգամ՝ կազմելով ՀՆԱ-ի 12,3 %-ը։

2009-ին նույնպես արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է (26, 5 % ով), արտահանումը նվազել է 32,7 %-ով (748,9 մլն դոլար), ներմուծումը՝ 25 %-ով (2,830,1 մլն դոլար), ընթացիկ հաշվի պակասուրդը կազմել է 1369,49 մլն դոլար, որը ՀՆԱ-ի 16 %-ն է։

2010-ին այդ ցուցանիշը նվազել է 69,42 մլն դոլարով, և պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 14%-ը։

Պետական պարտք

Պետական պարտքը երկրի (ներքին պարտք) և արտասահմ. (արտաքին պարտք) քաղաքացիներին, ֆիրմաներին ու հաստատություններին (պետական արժեթղթերի տերերին) պետության պարտքն է։ 1993-ին ՌԴ-ին է փոխանցվել 1991-ի դեկտ. 1-ի դրությամբ նախկին ԽՍՀՄ արտաքին պետական պարտքում և ակտիվներում ՀՀ-ի մասնաբաժինը, որի արդյունքում անկախության ձեռքբերման պահին Հայաստանի արտաքին պետական պարտքը եղել է զրոյական։

Սակայն ՀՀ-ն ժառանգել է «Խնայբանկի» հայաստանյան ավանդատուների նկատմամբ պարտավորությունները և ճանաչել այն որպես ՀՀ ներքին պետական պարտք։ Ներքին պարտքի կառուցվածքում են նաև պետական ու խնայող․ պարտատոմսերը, ներգրավված վարկերը և այլն։

ՀՀ արտաքին պետական պարտքը ձևավորվել է 1992-ից։ Առաջին վարկատուն ԵՄ-ն էր, հետագայում վարկեր են ներգրավվել ՌԴ-ից, Համաշխ. բանկից (ՀԲ) և այլն։ Ներկայումս ՀՀ արտաքին վարկատուների քանակը գերազանցում է մեկ տասնյակը, իսկ արտաքին պետական պարտքի կառուցվածքում իրենց վարկերի մասնաբաժիններով խոշորներն են ՀԲ-ն (մոտ 43 %), ՌԴ-ն (20 %), Ասիական զարգացման բանկը, Արժույթի միջազգ. հիմնադրամը, Ճապոնիան, Գերմանիան և այլն։ 2010-ի դեկտ. 31-ի դրությամբ՝ ՀՀ-ի արտաքին պետական պարտքը մոտ 3,3 մլրդ դոլար էր, որը ՀՆԱ-ի մոտ 39 %-ն էր։